Խիստ մտահոգիչ է բռնությունը երեխաների և դեռահասների շրջանում: Ծնողները, ուսուցիչները և այլոք պետք է շատ զգույշ լինեն այս բարդ և անհանգստացնող հարցի հետ:

Երեխաները, սկսած նախադպրոցական տարիքից, կարող են բռնություն ցուցաբերել: Դաժան վարքի ականատես եղած ծնողները և այլ մեծահասակներ անհանգստանում են այդ կապակցությամբ, բայց կարծում են, թե մեծանալու հետ երեխայի մեջ կվերանա դաժան վարքի միտումը: Ցանկացած տարիքի երեխայի մոտ նկատված դաժան վարքին պետք է լուրջ վերաբերվել: Պետք չէ այն համարել լոկ "մի շրջան, որով պետք է երեխան անցնի":

Դաժան վարքի տեսակները

Երեխաների և դեռահասների դաժան վարքը կարող է տարբեր լինել՝ տրամադրության կատաղի պոռթկումներ, ֆիզիկական ագրեսիա, կռիվներ, սպառնալիքներ կամ ուրիշներին վնասելու փորձեր (ներառյալ մարդասպանության մտքեր), հրազենի օգտագործում, դաժանություն կենդանիների հանդեպ, հրդեհի կազմակերպում, սեփականության դիտավորյալ վնասում կամ վանդալիզմ:

Դաժան վարքին նպաստող գործոնները

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ գործոնների մի խումբ կա, որոնք մեծացնում են երեխայի կամ դեռահասի կողմից կատարած բռնության հավանականությունը:

Նախկինում դրսևորած ագրեսիվ կամ դաժան վարքը

Ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ լինելը

Տանը կամ հասարակության մեջ բռնության ենթարկված լինելը

Գենետիկական տվյալները

Լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, կինոնկարներ և այլն) մատչելի բռնության դիտումը

Թմրադեղերի կամ ալկոհոլի օգտագործումը

Տանը հրազենի առկայությունը

Ընտանեկան սթրեսային սոցիալ-տնտեսական վիճակը (չքավորություն, խիստ սննանկ վիճակ, ծնողների բաժանություն, միակոզմանի ծնողազրկություն, անգործություն, ամբողջ ընտանիքի կողմից աջակցության բացակայություն)

Գլխի վնասվածքից ուղեղի խանգարում

Որո՞նք են երեխայի դաժան վարքի նախանշանները

Հատուկ ուշադրության են արժանի երեխաները, որոնք ունեն դաժան վարքին նպաստող մի քանի գործոններ և դրսևորում են հետևյալ վարքագծերը.

Չափազանց զայրույթ

Տրամադրության կատաղի պոռթկումներ

Ծայրահեղ գրգռվածություն

Ծայրահեղ իմպուլսիվություն

Հեշտությամբ ճնշվում են

Ծնողները և ուսուցիչները երեխայի նման վարքագիծ նկատելիս չպետք է այն անուշադրության մատնեն;

Ի՞նչ կարելի է անել, եթե երեխան ցուցաբերում է դաժան վարք

Երբ ծնողները անհանգստանում են երեխայի մոտ նկատված բռնության հանդեպ միտումով, նրանք պետք է անհապաղ դիմեն որակավորված մանկապատանեկան հոգեբույժի՝ երեխայի բազմակողմանի գնահատում անցկացնելու համար: Շատ կարևոր է մասնագիտական վաղ բուժումը: Բուժման հիմնական նպատակներն են օգնել երեխային սովորել կառավարել իր զայրույթը, արտահայտել զայրույթը և ճնշվածությունը պատշաճ կերպով, պատասխանատու լինել սեփական արարքների և դրանց հետևանքների համար: Ավելին, երեխան պետք է չթաքցնի ընտանեկան ընդհարումները, դպրոցի խնդիրները և հասարակական դժվարությունները, եթե այդպիսիք կան:

Կարելի՞ է, արդյոք, կանխել երեխայի դաժան վարքը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխայի դաժան վարքը կարելի է մեծապես պակասեցնել և անգամ կանխել, եթե ուշադիր լինել վերոհիշյալ վտանգավոր գործոնների նկատմամբ, որոնք իրենց հերթին պետք է հասցնել նվազագույնի: Ամենակարևորն է առավելագույնս նվազեցնել բռնությունը երեխայի նկատմամբ տանը, հասարակության մեջ և այն բռնությունը, որին նա ծանոթանում է լրատվամիջոցներից: Ավելի պարզ ասած, բռնությունը բերում է բռնության:

Ավելացնենք, որ հետևյալ ռազմավարությունը կարող է նվազեցնել կամ կանխել երեխայի միտումը դեպի բռնություն.

 Կանխել բռնությունը երեխայի նկատմամբ (օգտվել հատուկ կրթական ծրագրերից ծնողների համար, ընտանեկան աջակցության ծրագրերից և այլն)

 Երեխաների սեռական դաստիարակություն և հատուկ ծրագրեր դեռահասների ծնողների համար

Բռնություն ցուցաբերող երեխաների համար վաղ միջամտություն

Ուշադիր լինել երեխայի դիտած հեռուստատեսային ծրագրերի, կինոնկարների, տեսաժապավենների նկատմամբ