Տորոնտոյի համալսարանի փորձագետների խոսքերով՝ լիալուսնի ժամանակ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ են քնում, և նրանց մոտ ավելի քիչ ժամանակ է ծախսվում խոր քնի փուլի վրա, ասվում է The Daily Mail պարբերականում: Իսկ քնի խոր փուլը կարևոր է գլխուղեղի համար. չէ՞ որ հենց այդ փուլի ընթացքում է այն հանգստանում և մշակում օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը:
 
Երբեմն լիալուսնի ժամանակ երկու անգամ ավելի շատ ժամանակ է հարկավոր քնելու համար (մինչև մեկ ժամ): Լիալուսնի բացակայության դեպքում կնոջը հարկավոր է միջինը 25-30 րոպե քնելու համար, իսկ լիալուսնի ժամանակ՝ 52 րոպե: Տղամարդկանց մոտ այդ ժամանակը կազմում է համապատասխանաբար 30 և 60 րոպե: Սա այն եզրակացությունն է, որը ստացվել է միջին տարիքի ավելի քան 300 մարդկանց հետազոտության արդյունքում: Ի դեպ, կանանց վրա լուսինն ավելի մեծ ազդեցություն ունի: 
 
Ըստ էության, լուսնի ազդեցության մասին գիտնականները խոսել են դեռ վաղուց: Օրինակ՝ Բեռնի համալսարանի 2006 թվականի հետազոտության համաձայն՝ պարզվել է, որ երբ լուսինը չի երևացել, կամավորները քնել են 6 ժամ և 49 րոպե, իսկ երբ այն «ներկայացել է իր ողջ հմայքով», ապա մարդիկ քնել են՝ 6 ժամ և 41 րոպե: 
 
Լուսնի ազդեցությունը կարելի է տարբեր կերպ բացատրել. դա և՛ արևային ճառագայթումն է՝ արտացոլված լիալուսնով, և՛ մակընթացությունների ուժգնությունը, ինչպես նաև՝ էլեկտրամագնիսական ճառագայթման և ձգողականության փոփոխությունները: Այս ամենն ազդում է նեյրոհորմոնների արտադրության վրա: Իսկ պրոֆեսոր Ջիմ Հորնը կարծում է, որ մենք բախվում ենք հնագույն հարմարվողական մեխանիզմին: Ուղղակի այդ շրջանում ժամանակակից մարդու նախնիները սովորել էին չքնել, քանի որ դա նշանակել է տեղատվություն, և ուրեմն՝ ուտելիքի հասանելիություն ձկների և խեցգետնակերպերի տեսքով:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk