Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:


Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է "փսյուխե - հոգի" և "լոգոս - գիտություն" արմատներից։


Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել "մինչգիտական հոգեբանություն" և "գիտական հոգեբանություն" հասկացությունները։


Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։


Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։


Հոգեբանության զարգացման երկրորդ փուլը համարվում է XVII դարը, և հոգեբանությունը ընդունված էր համարել գիտություն գիտակցության մասին։


Հոգեբանության որպես գիտության զարգացման երրորդ փուլում, որն ընդգրկում է XX դարը, հոգեբանությունը նշանավորվում է որպես գիտություն վարքի մասին։


Եվ, վերջապես, չորրորդ փուլը՝ գիտական հոգեբանության ձևավորման փուլն է, և այն ուսումնասիրում է հոգեկանի (գիտակցության) զարգացման օբեկտիվ օրինաչափությունները, փաստերն ու դրսևորման մեխանիզմները։


Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am