Կարո՞ղ է իմպոտենցիան պայմանավորված լինել գեներով… Պարզվում է՝ այո: Ըստ HealthDay News-ի՝ ամերիկյան Kaiser Permanente ընկերությունը վերջերս գիտական հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ տղամարդկանց սեռական կարողության խանգարման հիմքում կարող են ընկած լինել գեները:

Հետազոտությանը մասնակցել են մի քանի հազար տղամարդ:  Գիտնական Էրիկ Յորգենսոնի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկի առաջին գենետիկ ֆակտորի բացահայտումը կարեւոր դռներ է բացում գենետիկ բուժման նոր մեթոդների համար:

էրեկտիլ դիսֆունկցիան պայմանավորված է մի շարք գործոններով՝ նյարդաբանական, հորմոնալ, ֆիզիկական, եւ մինչ այս պահը ապացուցվել էր, որ էրեկտիլ դիսֆունկցիաների 1/3-ը կարող է պայմանավորված լինել գենետիկ նախատրամադրվածությամբ, սակայն առաջին անգամն է, որ գիտնականներին հաջողվում է կոնկրետ գենոմ լոկացիա գտնել (SIM1 գենի մոտակայքում):

Սակայն մինչ գեներին մեղադրելը, պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն կենցաղային ֆակտորներին, որոնք ազդում են սեռական կարողության վրա: Դրանք են՝

Ալկոհոլ

Մի քանի բաժակ ալկոհոլը՝ տրամադրությունը բարձրացնելու համար, անմեղ արարք է թվում, սակայն ալկոհոլի չարաշահումը կարող է ժամանակավորապես ազդել էրեկցիայի վրա:

Դեղամիջոցներ

Որոշ դեղերի բաղադրության մեջ կարող են լինել այնպիսի նյութեր, որոնք ազդում են սեռական կարողության վրա: Խոսեք Ձեր բժիշկի հետ՝ նախքան որեւէ դեղից հրաժարվելը:

Ի դեպ, մարիխուանան, կոկաինը եւս կարող են խանգարել էրեկցիային:

Սթրես

Սթրեսը ոչ միայն ընդհանուր ինքնազգացողության վրա կարող է ազդել, այլեւ՝ սեռական կարողության: Փորձեք հաղթահարել սթրեսը՝ քնեք ժամանակին, սպորտով զբաղվեք եւ, իհարկե, դիմեք մասնագետի օգնությանը:

Գիրություն

Չափից ավելի քաշը դժվարացնում է էրեկցիան: Բացի այդ, ճարպակալություն ունեցող տղամարդկանց մոտ տեստոստերոնն ավելի քիչ է, ինչը սեռական ցանկության եւ էրեկցիայի կարեւորագույն ֆակտորներից է:



Աղբյուրը՝ WebMD, HealthDay