1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հռչակեց որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։

Այդ օրն աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են տարբեր միջոցառումներ` ուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների մասին հանրային իրազեկության բարձրացմանը:

Դժվար է գերագնահատել թմրամիջոցների դերը բժշկության մեջ՝ հիվանդների ցավերը մեղմելու գործում: Սակայն թմրամիջոցների ոչ բժշկական գործածումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա:

Թմրամոլներն ավելի հաճախ են հիվանդանում, քանի որ նրանց օրգանիզմի բոլոր պաշտպանական մեխանիզմները խաթարվում են:

Թմրամիջոցների գործածման հետևանքներն են` հոգեկան և ֆիզիկական կախվածության զարգացումը, լյարդի ախտահարումը, երակների հիվանդությունները, փափուկ հյուսվածքների մեռուկացումը՝ ընդհուպ մինչև վերջույթների գանգրենա և անդամահատում, իմունիտետի թուլացումը, սրտանոթային համակարգի և բոլոր ներքին օրգանների ախտահարումը, նյարդային հյուծումը:

Թմրամոլից կարող են հոգեկան և ֆիզիկական արատներով երեխաներ ծնվել, իսկ եթե թմրամոլը մայրն է՝ երեխան կարող է ծնվել արդեն իսկ զրկանքի համախտանիշով:

Ներարկային թմրամիջոցներ գործածողները ենթարկվում են արյան միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններով` հատկապես ՄԻԱՎ վարակով, վիրուսային B և C հեպատիտներով վարակվելու վտանգին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ 33%-ը վարակվել է թմրամիջոցների ներարկային գործածման միջոցով: Այս ճանապարհով գրեթե բոլոր վարակվածները տղամարդիկ են, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում:

ՄԻԱՎ վարակը շատ արագ է տարածվում թմրամիջոցների ներարկային գործածողների շրջանում։ Վիճակագրությունը փաստում է, որ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում թմրամոլների միջավայր ՄԻԱՎ-ի ներթափանցելուց հետո 3 տարվա ընթացքում վարակվում է նրանց 75%-ը:

Թմրամիջոցներն ընկճում են իմունային համակարգը, ինչն իր հերթին հեշտացնում է ՄԻԱՎ-ով վարակումը:

Ոչ ներարկային թմրամիջոցներ գործածողները ևս խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ, քանի որ թմրամիջոցները սովորաբար խախտում են մարդկանց մտքի սթափությունը և կարող են հանգեցնել ռիսկային սեռական վարքագծի:

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել ինչպես թմրամիջոցի երկարատև գործածման փորձ ունցող, այնպես էլ սկսնակ թմրամոլը: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով:

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թե′ ներերակային, թե′ ներմկանային ներարկումների միջոցով:

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թե՛ ուրիշի ներարկիչներ և ասեղներ օգտագործելու դեպքում, թե՛ ընդհանուր տարողությունից սեփական ներարկիչով թմրամիջոց վերցնելիս, թե՛ ներարկիչով ձեռք բերված «պատրաստի դոզա» գործածելիս:

Թմրամիջոցների ներարկային գործածումը կարող է ոչ միայն ՄԻԱՎ-ով, այլ նաև վիրուսային B և C  հեպատիտներով վարակման պատճառ դառնալ: Այդ հիվանությունների հարուցիչները, ինչպես ՄԻԱՎ-ը, փոխանցվում են արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների միջոցով: Ի տարբերություն ՄԻԱՎ-ի՝ դրանք ավելի կայուն են արտաքին միջավայրում, կարող են փոխանցվել նաև թքի, մեզի միջոցով: Հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի հարուցիչներով վարակվածների մի մասը դառնում է քրոնիկ վարակակիր և նրանց մոտ կարող են զարգանալ լյարդի քրոնիկ ախտահարումներ՝ քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ, լյարդի քաղցկեղ:

Ներարկային ճանապարհով թմրամիջոցներ գործածելիս կարող են առաջանալ նաև երակների հետ կապված խնդիրներ՝ սովորական արտափքումից մինչև թարախակույտ ու խոցեր, որոնք չբուժելու դեպքում կարելի է կորցնել երակը և անգամ վերջույթը:

Ներարկումների հետ կապված բարդություններից են նաև էմբոլիան, թրոմբոզը, սեպսիսը, որոնք երբեմն կարող են դառնալ սպառնալիք կյանքի համար:

Թմրամիջոցի յուրաքանչյուր ներարկում կարող է դառնալ վերջինը կամ անդառնալի վնաս հասցնել առողջությանը: Երբեք ուշ չէ հրաժարվել թմրամիջոցների գործածումից:

Առաջին անգամ թմրամիջոց փորձող մարդկանցից ոչ մեկը չի պատրաստվում դառնալ թմրամոլ, սակայն հնարավոր չէ կանխավ իմանալ, թե ով կդառնա թմրամոլ, իսկ ով կկարողանա հրաժարվել թմրամիջոցի հետագա գործածումից: Իրականում թմրամիջոց գործածող մարդկանց մի զգալի մասը թմրամոլ է դառնում: Ուստի ավելի լավ է երբևէ չփորձել թմրամիջոց գործածել:

ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հնարավոր չէ ճանաչել արտաքին տեսքից: Ավելին, վարակված մարդն ինքն էլ կարող է երկար ժամանակ չիմանալ իր վարակված լինելու մասին և վարակել ուրիշներին: Այդ պատճառով երբեք չի կարելի օգտագործել ուրիշի ներարկման պարագաները, նաև պետք է խուսափել առանց պահպանակի սեռական հարաբերություններից անգամ շատ վստահելի անձնավորության հետ:

Ռիսկային վարքագիծ ունենալու դեպքում հարկավոր է հետազոտվել ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ: Միայն այդպես կարելի է պարզել վարակված լինել-չլինելը:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ գործածել են թմրամիջոցներ, ունեցել են ռիսկային սեռական կապեր, երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը և չեն օգտագործել պահպանակ, երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեն վիրուսային հեպատիտ B կամ C, կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:

Առողջությունը չվտանգելու համար հարկավոր է ընդհանրապես չօգտագործել թմրամիջոցներ կամ հրաժարվել դրանց գործածումից և բուժվել թմրամիջոցների նկատմամբ կախվածությունից:

Աղբյուրը՝ Doctors.am
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն