Հաճախակի սրտխառնոցը կարող է վկայել որոշ հիվանդությունների մասին, սակայն երբեմն կարող է առաջանալ նաեւ ոչ ճիշտ սննդակարգի, մարսողական խնդիրների հետեւանքով: 

Եթե ձեռքի տակ չունեք համապատասխան դեղահաբեր, ապա կարելի է օգտագործել տանը եղած սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք օգնում են հաղթահարել սրտխառնոցը:

Ջուր

Ջուրը շատ դեպքերում կարող է ավելի գրգռել սրտխառնոցը, սակայն եթե խմեք սենյակային ջերմաստիճանի ջուր՝ դանդաղ եւ փոքր կումերով, ապա էականորեն կթեթեւացնեք սրտխառնոցը:

Կոճապղպեղ

Ստամոքսի եւ մարսողության հետ կապված խնդիրների ժամանակ կոճապղպեղը հիանալի լուծում է: Բայց այն նաեւ օգնում է սրտխառնոցի դեպքում: Պետք է կամ կոճապղպեղով թեյ պատրաստել եւ խմել, կամ պարզապես մաքրել այն եւ դնել բերանն ու ծծել:

Կարեւոր. չի կարելի չարաշահել կոճապղպեղը, հատկապես՝ հղի կանանց: 1-2 բաժակ կոճապղպեղով թեյից ավելի  խորհուրդ չի տրվում խմել հղիներին:

Կիտրոն եւ անանուխ

Կիտրոնով թեյը նույնպես հրաշալի լուծում է՝ ընդդեմ սրտխառնոցի: Իսկ անանուխի թարմ տերեւները հրաշալի համադրվում են սեւ թեյի հետ: Կարելի է դրան նաեւ կիտրոն ավելացնել:
Հանկարծակի առաջացած սրտխառնոցը կարելի է անցկացնել նաեւ անանուխի թարմ տերեւներ ծամելով, կամ էլ տրորել դրանք ձեռքերի մեջ եւ հոտ քաշել:

Երիցուկով թեյ

Երիցուկով թեյը օգտակար է ոչ միայն սրտխառնոցի ժամանակ, այլեւ ստամոքսի եւ մարսողության հետ կապված խնդիրների դեպքում: 

Կարեւոր. երիցուկը հակացուցված է հղիներին: Այն չի կարելի օգտագործել նաեւ այն ժամանակ, երբ անտիկոագուլյանտ դեղեր եք խմում:

Ի՞նչ է պետք սահմանափակել սրտխառնոցի ժամանակ

Աղ

Նատրիումն ուժեղացնում է սրտխառնոցը, այդ իսկ պատճառով որոշ ժամանակով դադարեք ուտեստներն աղով համամել:

Ճարպ

Յուղոտ մթերքը, հատկապես կենդանական հագեցած ճարպեր պարունակող, օրգանիզմի կողմից դժվար են մարսվում: Եվ դրա արդյունքում կարող է առաջանալ սրտխառնոց, եթե դրան գումարած՝ նաեւ մարսողության հետ խնդիրներ ունեք:

Ալկոհոլ

Հատկապես թունդ ալկոհոլը կարող է ոչ միայն սրտխառնոց, այլեւ փսխում առաջացնել:

Կծու մթերք

Համեմունքների մեծ մասը գրգռում է ստամքոսը եւ կարող է սրտխառնոցի առաջացման պատճառ դառնալ:

Հ.Գ. Եթե Ձեր սրտխառնոցը հաճախակի կրկնվում է, իսկ նշված մեթոդներն էլ չեն օգնում, այցելե՛ք բժշկի: