Գիտակցություն։ Հոգեբանական գրականության մեջ հաճախ նույնացվում են հոգեկան ակտիվության մակարդակները «գիտակցության վիճակների» հետ։

Հոգեկանը չի հանգեցվում միայն գիտակցությանը, գիտակցական վիճակին, կան և այլ մակարդակներ, ենթագիտակցություն, անգիտակցություն:
Հոգեկան ակտիվության առաջին և կարևորագույն մակարդակը գիտակցությունն է։  Գիտակցությունը շրջապատող աշխարհի օբյեկտիվ ու կայուն հատկությունների և օրինաչափությունների ընդհանրացված արտացոլման, մարդու մեջ այդ աշխարհի ներքին մոդելի ձևավորման բարձրագույն ձևն է, բնորոշ միայն մարդուն, որի արդյունքում իրականանալի է դառնում շրջապատող իրականության ճանաչումը և վերափոխումը։
Գիտակցությունը շրջապատող աշխարհի արտացոլման բարձրագույն մակարդակն է, որի դեպքում անձն անմիջականորեն իրեն հաշիվ է տալիս այն հոգեկան գործընթացների մասին, որոնք ընթանում են իր հոգեկան աշխարհում, այն մասին, թե ինչ է արտացոլում ու ապրում տվյալ պահին:  


Այսպիսով՝ բոլոր բնութագրերում մարդու գիտակցությունը իրականության արտացոլման բարձրագույն մակարդակն է, դա ոչ միայն օբյեկտիվ իրականության արտացոլում է, այլ նաև մարդու սեփական անձի, սեփական ներքնաշխարհի արտացոլումն ու ապրումն է։ Պարզ է այս մակարդակը չունեն կենդանիները, որոնց հոգեկան գործընթաները անգիտակցական են։

 

  Հոգեկանը, կարգավորում է մեր վարքն ու գործունեությունը։
Մարդու գիտակցության ֆունկցիան կայանում է նրանում, որ.


ա) ձևավորվեն գործունեության վարքի նպատակները,

 


բ) մինչև կոնկրետ գործունեութ|յան անցնելը նախօրոք մարդը մտովի   կարողանա կառուցել ոչ միայն կատարվելիք գործողթյունները, այլ կանխատեսի դրանց արդյունքները,

 


գ) խելացիորեն կարգավորի մարդու վարքն ու գործունեությունը։  

 


Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտակցությունն իր մեջ ներառում է մարդու որոշակի վերաբերմունքը շրջապատող միջավայրի, աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ:  


Հոգեբանության մեջ ընդունված է առանձնացնել գիտակցության չորս հիմնական բնութագրեր.  

 


1)    Գիտակցությունը շրջապատող աշխարհի մասին մեր գիտելիքների ամբողջությունն է։ Ինչքան հարուստ են այդ գիտելիքները, այնքան զարգացած է մարդու գիտակցությունը։ Այդ գիտելիքների ձեռքբերմանը ակտիվորեն մասնակցում են բոլոր հոգեկան գործընթացները, հետնաբար գիտակցության կառուցվածքի մեջ են մտնում մեր զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը։  

 


2)    Մարդու գիտակցության մեջ ամրապնդված է սուբյեկտիվի (իր ես-ի, այն, ինչ իրեն է պատկանում) և օբյեկտիվի (այն, ինչ իրենը չէ, ինքը չէ) տարբերությունը։ Այսինքն իր գիտակցության մեջ մարդը իրեն անջատում է շրջապատից և հակադրվում դրան, որի միջոցով կարողանում է հասնել ինքնաճանաչման:  "Ես"-ի առանձնացումը "Ոչ ես"-ից այն ճանապարհն է, որն անցնում է ամեն մարդ մանկության շրջանում, և այդպես իրականացվում է մարդու ինքնագիտակցության ձևավորման գործընթացը։

 


3)    Գիտակցությունը ապահովում է մարդու նպատակադրված, նպատակաուղղված վարքն ու գործունեությունը։  

 


4) Գիտակցության չորրորդ բնութագիրն այն է, որ նա իր մեջ ընգրկում է որոշակի վերաբերմունք, հույզեր ու զգացմունքներ, հասարակական, միջանձնային, միջխմբային հարաբերություններ, որոնց մեջ ընդգրկված է մարդը, և ձևավորվում է նրա անձնավորությունը։ Երբ խախտվում է այդ վերաբերմունքը, խախտվում են հարաբերությունները, խախտվում է գիտակցությունը։ Հոգեկան հիվանդությունների դեպքում դա ավելի ակնհայտ է, և գիտակցության շեղումները առաջին հերթին երևում են հույզերի, զգացմունքների ու հարաբերությունների ոլորտում։

 


Այսպիսով՝ գիտակցությունը միայն մարդուն հատուկ հոգեկան ակտիվության մակարդակ է։ Նա և փոփոխական է, կարող է և ժամանակավորապես անհայտանալ (օրինակ, քնած վիճակում) կամ թուլանալ (շատ հոգնած, լարված վիճակում), կամ անհայտանալ (ուշակորույս, աֆեկտի վիճակում):  

 


Ենթագիտակցություն։ Անգիտակցություն։ Մարդը միաժամանակ արտացոլում է բազմաթիվ ազդակներ, որոնք տեղի են ունենում արտաքին և ներքին աշխարհում։ Բայց նրա պարզ գիտակցության տիրույթում իր արտացոլումն է գտնում դրանց մի փոքր մասը։ Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից օգտագործվում են գիտակցության վարքի ու գործունեության կարգավորման համար։ Գիտակցության ոլորտից դուրս մնացած բազմաթիվ գրգռիչներ մարդու կողմից նույնպես օգտագործվում են որոշ հոգեկան գործընթացների կարգավորման համար, բայց ենթագիտակցական մակարդակի վրա։ Հոգեբանների բազմաթիվ դիտարկումներ և հետազոտություններ պարզել են, որ սովորաբար մարդու պարզ գիտակցության ոլորտում են հայտնվում այն օբյեկտները, առարկաները, որոնք խոչընդոտներ են ստեղծում վարքի ու գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու համար։ Ուշադրություն գրավելով այդ գրգռիչները մարդու կողմից գիտակցվում են, և դա օգնում է, որպեսզի նա գտնի կարգավորման նոր ռեժիմ, խնդրի լուծման նոր եղանակներ։ Երբ որ դրանք արդեն գտնվել են, և այլ խոչընդոտներ չկան, ապա կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը։ Իսկ գիտակցությունը այդ ընթացքում ազատվում է լարվածությունից, հանգիստ վիճակի մեջ է մտնում։ Բայց քանի որ մարդու (հատկապես գլխուղեղի) հանգիստ վիճակը շատ հարաբերական է, նրա առաջ ծագում են նորանոր պրոբլեմներ, ապա գիտակցությունը ձեռնամուխ է լինում նոր խնդիրներ լուծելու, նոր դժվարություններ հաղթահարելուն։ Եվ այդպես շարունակ դժվարությունների դեպքում մեր գործունեությունը կառավարում է գիտակցությունը, դրանք հաղթահարելուն պես՝ "ղեկը" հանձնվում է անգիտակցականին, որպեսզի գիտակցությունը նորից կարողանա լուծել նոր խնդիրները։

 


Այսպիսով ենթագիտակցությունը մեր հոգեկան ակտիվության կարևոր մակարդակն է, որի բովանդակությունները (հոգեկան երևույթները, մտքերը, ցանկությունները, հակումները, մտադրությունները և այլն) չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց սկզբունքայնորեն մատչելի են գիտակցության համար։


Մեր հոգեկան ակտիվությունը մի մակարդակ ես ունի, դա անգիտակցականն է, որը ոչ մի հանգամանքների պարագայում գիտակցություն չի դառնում։
Առօրյա կյանքում այդ հասկացությունը սովորաբար օգտագործվում է մարդու կողմից չգիտակցվող հոգեկան ապրումների ե այլ պրոցեսների ոլորտը նշանակելու համար։ Իրականում անգիտակցական ասելով՝ պետք է հասկանալ հոգեկան հատկությունների ու բովանդակությունների միասնությունը, որը մարդուն անցնում է ժառանգաբար (օրինակ՝ խառնվածքի առանձնահատկությունները, բնազդները)։ Ավելին, կան և որոշ տվյալներ (օրինակ՝ քնի ու երազների մասին), որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ժառանգական անգիտակցականը ավելի բարդ ու բովանդակալից է:

 

Անգիտակցականի հիմնախնդիրը առավել լայնորեն ուսումնասիրել է հոգեբան Զ. Ֆրոյդը ։ Ելնելով իր երկարատև հոգեբուժական  պրակտիկայից՝ Ֆրոյդը ցույց է տվել, որ մարդու անգիտակցական հակումները, մղումները և ցանկությունները հաճախ առաջացնում են ներքին թաքնված, քողարկված լարվածության, տագնապալիության բազմաթիվ օջախներ, որոնք պարզ է, ոչ մի կերպ չեն գիտակցվում։ Բայց դա չի նշանակում, որ նրանք որևէ մասնակցություն չունեն մեր վարքի ու գործունեության կազմակերպման ու կարգավորման հետ։ Այդ լարվածության օջախները կարող են ծնել, առաջացնել միջավայրին հարմարվելու (ադապտացիայի) հոգեբանական դժվարություններ կամ հիվանդություններ։

 

Հոգեկան ակտիվությունն իր մակարդակներով թույլ է տալիս մարդուն արտացոլելու արտաքին միջավայրը և սեփական ներքնաշխարհը, ինչը որ մղում է նրան արդյունավետ գործելու իրական կյանքում։