Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները

Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը։ Բացի այդ, մարդն ունի նաև հուզական պահանջմունքներ, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացումի վրա։ Հուզական պահանջները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության մեջ։
 
Ցանկացած մարդ ունի երեք հիմնական հուզական պահանջներ.
 
Սիրելու և սիրվելու պահանջ. զգալ, որ Ձեր մասին հոգում են և որ ինչ-որ մեկի աչքերում Դուք հատուկ անձնավորություն եք։ Ձեզ նաև անհրաժեշտ է հոգալ այլ մարդկանց մասին։ Ուրիշների հանդեպ Ձեր սերը կօգնի ավելի լավ զգալ Ինքներդ Ձեզ։
Պատկանելու պահանջ. անհրաժեշտ է իմանալ, որ մարդիկ սիրում և ընդունում են Ձեզ` որպես իրենց խմբի մի մասնիկի։ Շատերի համար սկզբնական խումբը, որտեղ բավարարվում է պատկանելու հիմնական պահանջը, ընտանիքն է։ Կան պատկանելու այլ խմբեր, որոնցից են ընկերների շրջապատը, որոշ խմբակներ և հասարակական կամ մասնագիտական կազմակերպություններ։
Պետքական լինելու պահանջ. զգալ, որ Ձեր գոյությամբ փոխում եք աշխարհը, որ Դուք այս կյանքի մեջ Ձեր ներդրումն ունեք։ Երբ Դուք օգնում եք ուրիշին այս կամ այն գործունեության մեջ կամ թեկուզ խելացի խորհուրդ եք տալիս, դա նույնպես կարելի է համարել Ձեր ներդրումը։ Ներդրման այլ ճանապարհներ էլ կան, բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն` նրանք ավելացնում են Ձեր պետքական լինելու զգացումը։
 
Հուզական պահանջմունքները բավարարելու դրական և բացասական ուղիները
 
Հոգեբանության մեջ հայտնի են պահանջմունքների տարբեր դասակարգումներ։ Առանձնացնում են գիտակցված և չգիտակցված կամ ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքներ, ինչպես նաև հուզական պահանջմունքներ։ Մարդն անվերջ ձգտում է բավարարել իր պահանջմունքները, բայց միշտ չէ, որ գիտակցում է և գնահատում դրանց բավարարության պահը։ Նրանք, ում չի հաջողվում դա անել, սկսում են բավարարման այլ ուղիներ փնտրել, որոնք հաճախ անընդունելի են կամ նույնիսկ կործանարար։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդուն ծաղրում կամ ծիծաղի առարկա դարձնում ուրիշների առջև։ Կամ ինչո՞ւ են ոմանք կոնֆլիկտային և կարծես անընդհատ կռիվ են փնտրում, անվերջ քննադատում ուրիշներին։ Միգուցե այս մարդիկ փորձում են այդկերպ բավարարել իրենց հուզական պահանջմունքները։ Հավանաբար, ծաղրը կամ կռիվները նրանց համար ճանաչում ձեռք բերելու միակ ճանապարհն են։ Կամ նրանք կարծում են, թե միայն նման վարքով է հնարավոր գրավել ուրիշների ուշադրությունը։
Հոգեպես առողջ մարդը փնտրում է հուզական պահանջմունքները բավարարելու դրական, առողջ ուղիներ։ Օրինակ. պետքական զգալու պահանջը կարելի է բավարարել` մեկ ուրիշին օգնության ձեռք մեկնելով։ Սիրելու կամ սիրված լինելու պահանջմունքը կարելի է բավարարել հարազատների և ընկերների նկատմամբ առավել ուշադիր գտնվելով։ Ահա հնարավոր դրական ճանապարհները։
 
Պահանջմունքները բավարարելու առողջ ուղիներ.
 
- Առաջարկե՛ք Ձեր օգնությունը ընտանիքի անդամներին, հատկապես օգնե՛ք ծնողներին։
- Կազմակերպե՛ք հանդիպումներ Ձեր հասակակիցների կամ նույն հետաքրքրություններով տարված մարդկանց հետ։
 
Սեր
 
Հոգեկան առողջության մյուս կարևոր բաղադրիչը, այո՛, չե՛ք սխալվում, սերն է։
Ըստ սիրո օբյեկտի` սերը կարելի է դասակարգել` մայրական, որդիական, հայրական, ընտանիքի մյուս անդամների նկատմամբ ունեցած սեր, սեր հայրենիքի նկատմամբ, Աստծո, մասնագիտության... Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Պետք է նկատել, որ սիրո շատ տեսակներ մեզ պարտադրված են ի ծնե, այսինքն մենք քիչ դեպքերում ունենք սիրո օբյեկտ ընտրելու հնարավորություն։
 
Ի՞նչ է նշանակում "սեր" բառը Ձեզ համար։
 
Դուք կարող եք ասել, որ սիրում եք Ձեր ծնողներին կամ սիրում եք պարել կամ սիրահարված եք։ "Սեր" բառը մարդկային լեզվի ամենաչարաշահված բառերից մեկն է։ Ինչպես և շատ ուրիշ բառեր, "սեր" բառը ևս արտահայտում է բազմաթիվ զգացումունքներ և արտահայտվում է տարբեր ձևերով։ Սեր ստանալու և տալու կարողությունը անհրաժեշտ է մարդու գոյատևման համար։
 
Հույզեր

 
Ձեր Հոգեկան առողջության վրա ազդող կարևոր գործոններից են հույզերը կամ զգացմունքները։ Հույզերը մի կողմից պաշտպանում են մեզ վտանգից, մյուս կողմից նրանք օգնում են Ձեզ հասնելու Ձեր նպատակներին։ Կան բազմաթիվ հույզեր և հույզերի դասակարգումներ, որոնցից են, օրինակ, զայրույթը, ուրախությունը և տխրությունը։ Հույզերը բնորոշ են բոլոր մարդկանց, նաև` կենդանիներին։
Հաճա՞խ եք զգացել, արդյոք, որ այս պահին երջանիկ եք, իսկ հաջորդ պահին` տխուր։ Այս հանկարծակի հուզական տատանումները կյանքի տարբեր շրջանների բնական երևույթներ են։ Երբեմն դրանք կարող են կապված լինել օրգանիզմի վիճակի հետ. երբեմն մենք ի վիճակի ենք հասկանալու տրամադրության փոփոխությունների դրդապատճառները, իսկ երբեմն էլ մենք այդպես էլ չենք գտնում, մեր կարծիքով, իրական պատճառը։ Հուզական նման փոփոխությունները միանգամայն նորմալ են մարդու համար։ Եթե չգիտակցված պատճառները մեզ այնպիսի տրամադրություն կամ հույզ են փոխանցում, որը խանգարում է մեզ կամ շրջապատին, ապա կարելի է դիմել հոգեբանի` ակնկալելով մասնագիտական օգնություն, ինքներս մեզ հասկանալու համար։
 
Ինչպե՞ս արտահայտել հույզերը
 
Մարդիկ կարծում են, թե այս կամ այն հույզը "վատն" է կամ "անառողջ"։ Դա, իհարկե, թյուրիմացություն է։ Հույզերը չեն կարող լինել առողջ կամ անառողջ։ Այլ հարց է այն, թե ինչպես են դրանք արտահայտվում։ Առողջ հոգեկան կյանքով ապրող մարդը փնտրում է իր հույզերը արտահայտելու առողջ, պատասխանատու ուղիներ։
Հույզերը արտահայտել կարողանալու և սովորելու մեջ կարևոր քայլ է նախ և առաջ դրանք գիտակցելը։ Սա այդքան հեշտ չէ, որքան թվում է։ Երբեմն մենք մեկ հույզը շփոթում ենք մեկ այլ հույզի հետ։ Խոսքը հատկապես վերաբերում է զայրույթին։ Մարդը դիմացինին կարող է երբեմն ասել "Ես քեզ ատում եմ" կամ "Երբեք այլևս չեմ ցանկանում քեզ տեսնել", երբ իրականում ուզածը ընդամենը ասելն է "Ես զայրացած եմ քեզ վրա"։

Երբ Դուք զայրույթ եք զգում, փորձե՛ք կատարել հետևյալ քայլերը.

- Մի պահ կա՛նգ առեք և ժամանակ տվե՛ք Ձեզ` թեկուզ խորը շունչ քաշելով։
- Փորձե՛ք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչն է Ձեր մեջ զայրույթ արթնացրել։
- Փորձե՛ք գտնել բառեր, որոնք կարտահայտեն Ձեր իրական զգացմունքներն այդ պահին։ Ասացե՛ք դիմացինին, թե ինչ եք զգում։
 
Սովորենք արտահայտել զգացմունքները
 
Մենք բոլորս էլ այսպես թե այնպես արձագանքում ենք ստեղծված իրավիճակներին, սակայն արձագանքները տարբեր են լինում։ Դուք երբևէ մտահոգվե՞լ եք, որ Ձեր ընկերոջը վիրավորել է Ձեր վարմունքը, իսկ ապա պարզել, որ նա վիրավորված չէ։ Երբևէ պատահե՞լ է, որ զայրույթի պահին ուժեղ հարվածով փակել եք դուռը, իսկ ապա խոստովանել Ինքներդ Ձեզ, որ Ձեր զայրույթը այդքանով սահմանափակվում է։ Քանի որ մարդկանց զգացմունքները բարդ են, կարևոր է սովորել դրանք ճիշտ արտահայտելու ձևը։
 
Հույզերն արտահայտելու խնդիրները
 

Մասնագետները պարզել են, որ երբ մարդիկ արտահայտում են իրենց զգացմունքները, արտահայտության միայն 10%-ն է կատարվում բառերի միջոցով։ Զգացմունքների մի մասն արտահայտվում է բառերի արտասանության ձևի, ձայնի տոնայնության, իսկ հիմնական մասը` մարմնի զանազան շարժումների, կամ, այսպես կոչված, մարմնի լեզվի միջոցով։ Ասելիքն արտահայտելու ժամանակ խնդիր է առաջանում, երբ Ձեր բառերը մի բան են ասում, իսկ մարմնի լեզուն և ձայնի տոնը` այլ բան։
 
Հույզերի արտահայտման դրական կանոնները

 
Արտահայտվելը հեշտ բան չէ, բայց խիստ կարևոր է։ Դուք կարող եք սովորել ավելի լավ հասկանալ դիմացինի զգացմունքները և թույլ տալ նրան հասկանալ Ձեր զգացմունքները։ Ահա ճիշտ արտահայտման գերադասելի երեք կանոններ.
 
Դրական արտահայտում
 
- Ուշադի՛ր եղեք Ձեր օգտագործած բառերի նկատմամբ։ Սկսե՛ք նախադասությունները "Ես"-ով և խուսափե՛ք դրանք "Դուք"-ով սկսելուց։
- Ասացե՛ք դիմացինին, թե ինչ է պատահել և պատմե՛ք Ձեր զգացմունքների մասին։ Ուշադի՛ր եղեք Ձեր սեփական մարմնի լեզվի նկատմամբ։ Ձեզ պետք է և՛ խոսքերով, և՛ մարմնով արտահայտել նույն ասելիքը, որն իրականում զգում եք։
- Լսե՛ք դիմացինի ասելիքը ևս։ Մի՛ փորձեք բղավելով կամ ավելի բարձր տոնով լռեցնել դիմացինին։ Փոխարենը ուշադրություն դարձրե՛ք նրա օգտագործած խոսքերին։ Դուք պետք է դիտեք խնդիրը նաև նրա տեսանկյունից։
Իհարկե, միայն այս կանոններն օգտագործելը բավարար չէ, որպեսզի խնդիրները միանշանակ լուծվեն։ Արտահայտվելը կարելի է համեմատել երկկողմ երթևեկության հետ։ Եթե դիմացինը հրաժարվում է լսել Ձեզ կամ արտահայտել իր զգացմունքները, այստեղ Դուք անզոր եք։ Այնուամենայնիվ Դուք Ձեզ լավ կզգաք, եթե արտահայտել եք Ձեր զգացմունքները։


Ամսագիր ''Ֆարմացեվտ պրակտիկ''