Ապրիլի 29-ից 30-ը Երեւանում տեղի ունեցավ «ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» պլենումը, որը կազմակերպվել էր «Հայաստանի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» կողմից:

Կոնֆերանսի առաջին օրը նվիրված էր լյարդի մետաստատիկ ախտահարումներին՝ հաստ աղիքի քաղցկեղով պայմանավորված, երկրորդ օրը՝ մեխանիկական դեղնուկին:
Doctors.am-ի հետ զրույցում «Հայաստանի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Արթուր Սահակյանը նշեց, որ ասոցիացիայի հայկական ֆիլիալը ստեղծվել է երկու տարի առաջ: 

«ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիան» մեր երկրում առաջին անգամ է անցկացնում իր պլենումը, եւ քննարկվող թեմաների ընտրությունը պատահական չէ.

«Ընտրել ենք այն թեմաները, որոնք առավել շատ են հետաքրքրում հայ մասնագետներին: Հայաստանում հաստ աղիքի ուռուցքները մեծ թիվ են կազմում, որի հիմնական խնդիրներից են լյարդի մետաստատիկ ախտահարումները, ուստի կարեւոր եմ համարում նման թեմայով քննարկումները եւ կարծիքների փոխանակումն արտասահմանի մեր գործընկերների հետ»,- նշեց Ա. Սահակյանը:

«Հայաստանի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» փոխնախագահ Արամայիս Գալումյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեւանյան պլենիումին մասնակցելու են եկել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի առաջատար մասնագետները.

«ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիան» ամենամեծ ասոցիացիաներից է, որի հիմնական ղեկավար անձնակազմը նշանավոր պրոֆեսորներ են: Ասոցիացիան ունի երկու հիմնական միջոցառում՝ տարեկան մեծ համաժողով եւ պլենում: Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում այս պլենումը»,- նշեց Ա. Գալումյանը:

Մամիկոն Ավետյանը, որը «ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» հայաստանյան ֆիլիալի փոխնախագահն է, ընդգծեց.

«Պլենումի անցկացումը կարեւոր իրադարձություն է մեր բժշկության զարգացման համար, առավելապես՝ լյարդային վիրաբուժության ոլորտում:  Այս միջոցառումն աննախադեպ է առաջին հերթին իր գիտական ծավալով եւ, իհարկե, մասնակցության բարձր ցուցանիշով. 200-ից ավել մասնակիցներից 120-ը 6 երկրների առաջատար լյարդային վիրաբույժներ են, որոնցից 70-ից ավելին՝ պրոֆեսորներ: Կարելի է փաստել, որ կայացած միջոցառումն արդեն բարձր է գնահատվել հայրենական բժշկության եւ արտերկրից ժամանած հյուրերի կողմից: Հուսով ենք, որ կնպաստենք Հայաստանում լյարդային վիրաբուժության զարգացմանը, նոր մեթոդների  արդիականացմանը եւ առավել դժվարամատչելի վիրահատությունների կիրառմանը: Մեր ասոցիացիան հնարավորություն է ընձեռում մեր գործընկերների հետ առավել սերտ համագործակցության եւ ավելի հստակ ուղղությամբ զարգացնելու մեր տարածաշրջանում լյարդային վիրաբուժությունը»:

«ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Ալեքսանդր Վիշնեվսկին Doctors.am-ի հետ զրույցում ասաց, որ կոնֆերանսին ներկայացված թեմաները շատ կարեւոր են.

«Սրանք շատ կարեւոր թեմաներ են, որոնց լիակատար լուծումը դեռ հեռվում է: Նույնիսկ այնտեղ, որտեղ հսկայական փորձ կա, միեւնույն է՝ բախվում են տարբեր տեսակետները: Ուզում եմ շեշտել, որ պլենումի լավագույն ելույթները տպագրվելու են մեր ամսագրում, եւ շատ մասնագետներ հետագայում կկարողանան օգտվել դրանցից»:  

Կոնֆերանսին ներկա էր նաեւ վիրաբույժ-ուրոլոգ Արա Բաբլոյանը, որը մեզ հետ զրույցում կարեւորեց հայ եւ արտասահմանցի մասնագետների փորձի փոխանակումը.

«Հայաստանի նման փոքր երկրի համար նշանակալի է, երբ 250 մլն բնակչություն ունեցող տարածքի պետությունների մասնագետները գալիս են եւ իրենց փորձն են ներկայացնում: Շատ կարեւոր է, որպեսզի մենք չմնանք մեր փոքրիկ փորձի վրա, այլ օգտվենք մյուսների փորձից»:

Միջոցառման ավարտին «ԱՊՀ երկրների հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ասոցիացիայի» անդամները քննարկեցին իրենց հետագա անելիքներն ու որոշեցին հաջորդ համաժողովի թեմաները:


Աղբյուրը՝ Doctors.am

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Վալեր Բալասանյանի