Հեմոֆիլիան գենետիկական հիվանդություններից մեկն է, որն առաջանում է արյան մեջ մակարդման VIII եւ IX գործոնների բնածին բացակայության հետևանքով: Հիվանդների շուրջ 30%-ի մոտ այն կրում է ոչ ժառանգական բնույթ: Հիվանդանում են տղաները, կանայք՝ համարվում են գենը փոխանցողներ:
Հիվանդությունը բնութագրվում է արյունահոսություններով զանազան խոռոչներում՝ հոդերում, մկաններում եւ ներքին օրգաններում: 
Այդ հիվանդությամբ տառապող երիտասարդները այժմ կարող են խուսափել այդպիսի տառապանքներից եւ ունեն լիարժեք կյանքով ապրելու հնարավորություններ՝ շնորհիվ ժամանակակից եւ անվտանգ հակահեմոֆիլային պատրաստուկների եւ ֆիզիոթերապիայի նվաճումների:
Հայաստանի արյունաբանական կենտրոնում հսկվում են հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 240 հիվանդները, որոնցից 64-ը կազմում են երեխաները: Հիվանդների 80%-ը հաշմանդամ են եւ տառապում են հեմոֆիլային արթրոպաթիայով: Արյունաբանական կենտրոնում իրականացվում է հեմոֆիլային արթրոպաթիայի բուժման ժամանակակից մեթոդ՝ քիմիական սինովէկտոմիա, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել կանխել հոդային արյունահոսությունները շուրջ 40 հոգու մոտ: Զուգահեռաբար իրականացվում են հեմոֆիլիայով հիվանդերի ներհոդային նորագույն մեթոդներ՝ հիալուրոնատով արթրոցենտեզ ֆիզիոթերապեւտիկ միջամտություններ: 
Այսօր Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սմբատ Դաղբաշյանի հրավերով կենտրոն այցելեցին Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի մասնագետները` հեմոֆիլիայով հիվանդների ժամանակակից բուժման խնդիրները, հոդային բարդությունների կանխման նորագույն մեթոդները, հեմոֆիլիայի բուժման մեջ երկարամյա փորձ ունեցող Չիկագոյի Ռաշ համալսարանի հեմոֆիլիայի եւ թրոմբոֆիլիայի կենտրոնի դոկտոր՝ Անգելա Ֆորսիթը եւ Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապեւտ դոկտոր Նշան Զուրիկյանը: 
 
Սեմինարի ընթացքում հյուրերը մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին ԱԿ-ի Հեմոֆիլիայի կենտրոնի մասնագետներին, քննարկվեցին ֆիզիոթերապիայի նոր կաբինետի հագեցման, ստեղծման եւ մասնագետների վերապատրաստման հարցերը, հեմոֆիլայով հիվանդների հոդային բարդությունների կանխման  ժամանակակից ֆիզիոթերապևտիկ բուժօգնության մեթոդները: