Համառությունը կյանքի երկրորդ տարում։ Համառությունն ու նեգատիվիզմը զարգանում են դեռևս մեկ տարեկան հասակում, այնպես որ դա ձեզ զարմանք չի պատճառի։ Բայց 2 տարեկանից հետո համառությունը հասնում է նոր բարձունքների ու ընդունում նոր ձևեր։ Մեկ տարեկան երեխան հակադրվում է մորը, 2.5 տարեկանը հակասում է անգամ ինքն իրեն։ Նա դժվարությամբ է որոշում կայացնում, այնուհետև ուզում է ամեն ինչ լուծել այլ կերպ։ Երեխան պահում է իրեն այն մարդու նման . որ ձգտում է թոթափել ինչ-որ մեկի լուծը, թեև իրենից բացի, ոչ ոք ցանկություն չունի ճնշել նրան։ Ուզում է ամեն ինչ անել իր ցանկությամբ, այնպես, ինչպես արել է առաջ։ Նա գազազում է, երբ որևէ մեկը փորձում է միջամտել կամ տնօրինել նրա սեփականությունը։

Դուրս է գալիս, որ երկու տարեկան երեխայի բնավորության գլխավոր գիծը ամեն ինչ ինքնուրույն վճռելու և ուրիշների կողմից ամեն տեսակ ճնշմանը դիմադրելու ձգտումն է։ Պայքարելով այդ երկու ճակատներով` բավականաչափ փորձ չունեցող երեխան հասնում է ներքին նյարղային լարվածության, մանավանդ եթե ծնողները սիրում են իշխել։ Այդ տարիքային շրջանը ընդհանուր շատ բան ունի 6-ից մինչև 9 տարեկան հասակի հետ, երբ երեխան ձգտում է անկախության, ստանձնում իր վարքագծի ողջ պատասխանատվությունը, վիրավորվում, երբ ուղղում են իրեն և զանազան սովորությունների ձևով արտահայտում իր նյարդային լարվածությունը։

Հաճախ շատ դժվար է զսպել 2-ից մինչև 3 տարեկան երեխային։ Ծնողներր պետք է հանդես բերեն նրբազգացություն։ Ամենագլխավորն է՝ հնարավորին չափ քիչ միջամտել և չշտապեցնել երեխային։ Թող հագնվի ու հանվի իր բավականության համար, երբ խելքին փչի։ Օրինակ, ավելի շուտ սկսեք լողացնել, որպեսզի լոգարանը լվանալու ու չփչփացնելու ժամանակ ունենա։ Թույլ տվեք, որ ինքնուրույն ուտի, մի համոզեք։ Եթե դադարում է ուտել, թողեք, որ հեռանա սեղանից։ Երբ քնելու, զբոսնելու կամ տուն վերադառնալու ժամանակն է, խրատեք նրան, զրուցելով զանազան հաճելի բաների մասին։ Աշխատեք չվիճել։ Մի հուսահատվեք, առջևում ձեզ սպասում է ավելի հանդարտ նավարկություն։

Երբեմն երեխան տանել չի կարողանում երկու ծնողների միաժամանակյա ներկայությունը։ Երբեմն երեխան լավ է պահում իրեն ծնողներից մեկի ներկայությամբ, բայց հենց որ հայտնվում է նաև մյուսը, նա գազազում է։ Մասնակիորեն դա խանդ է։ Բացի դրանից, այդ հասակում երեխան տանել չի կարողանում, երբ իրեն հրամայում են և փորձում է մի քիչ էլ ինքը հրամայել։ Նա ավելորդ է զգում իրեն այդ երկու կարևոր անձերի ներկայությամբ։ Մեծ մասամբ համակրանք լի վայելում հայրը։ Խեղճ հորը երբեմն թվում է, թե երեխան ատում է իրեն։ Իհարկե, հայրը չպետք է այդպես լուրջ ընդունի այդ ամենը։ Անհրաժեշտ է, որ նա երբեմն մենակ խաղա երեխայի հետ, որպեսզի երեխան ճանաչի հորը որպես սիրող, հետաքրքիր մարդու։ Բայց երեխան պետք է նաև հասկանա, որ ծնողները սիրում են իրար, ուզում են միասին ժամանակ անցկացնել և թույլ չեն տա երեխային վախեցնել իրենց։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am