Բոլորս էլ գիտենք, որ ատամների առողջությանը հետևելը շատ կարևոր է՝ սկսած հիգիենայի կանոնները պահպանելուց մինչև կանխարգելիչ այցեր: Հակառակ դեպքում կարող են առաջանալ մի շարք ատամնաբուժական խնդիրներ, մասնավորապես լնդային հիվանդություններ:  Ստոմատոլոգ-պարօդոնտոլոգ Վարդան Թորոսյանի հետ մենք խոսել ենք այն մասին, թե որոնք են ամենահաճախ հանդիպող լնդային խնդիրները, ինչպես են դրանք բուժվում և ինչ կանխարգելման տարբերակներ կան:

 

Սովորաբար լնդերի հետ կապված ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանդիպում: 

Առողջապահության hամաշխարհային kազմակերպության (ԱՀԿ) տվյալներով կարիեսն ու լնդերի հիվանդությունները աշխարհում ամենատարածվածն են:  Լինդային հիվանդություններից առավել հաճախ են հանդիպում գինգիվիտը (լնդերի մակերեսային բորբոքում) և պարօդոնտիտը (երբ խնդիրն արդեն խորացել է, կա ատամների շարժ, ոսկրային հյուսվածքի ախտահարում, կապանների բորբոքում, քայքայում և այլն):

Ի՞նչը կարող է մարդուն հուշել, որ լնդերի առողջության հետ կապված խնդիր ունի:

Բոլոր մարդիկ որևէ լնդային խնդիր ունեն՝ թեկուզ աննշան: Իսկ այդ խնդիրների առկայության մասին կարող է հուշել, օրինակ, լնդային արյունահոսությունը, սակայն կարևոր եմ համարում նշել, որ այդ արյունահոսությունը երեք փուլ ունի: Առաջին փուլում ատամները մաքրելիս արյունահոսություն կա, երկրորդում՝ արյուն կա սնունդ ընդունելիս, իսկ երրորդ փուլում ուղղակի կարող է արյուն գալ  առանց որևէ գործողություն կատարելու: Իհարկե, այս երեք դեպքերում էլ պետք է դիմել մասնագետի օգնությանը: Լնդային խնդիրների մասին են հուշում նաև ատամնաքարերը: Եթե մարդն ունի ստորլնդային ատամնաքարեր, բնականաբար ունի լնդային խնդիրներ: 

Նշեցիք, որ բոլորս թեկուզ աննշան լնդային խնդիրներ ունենք: Սակայն եթե մարդը պահպանում է ատամների հիգիենայի կանոնները, չունի ցավեր կամ այլ գանգատներ, ինչի՞ հետևանքով կարող են առաջանալ այդ խնդիրները: 

Շատ հաճախ մարդիկ հետևում են ատամների հիգիենային՝ օրական երկու անգամ մաքրելով ատամները, սակայն անում են դա սխալ ձևով: Իսկ մեր բնակչության երևի մեկ տոկոսն էլ չգիտի, թե իրականում ինչպես է պետք իրականացնել ատամների հիգիենան: Նաև պետք է նշեմ, որ ցավոք սրտի, այս հիվանդությունների դեպքում մարդիկ շատ ուշ են դիմում մասնագետի օգնությանը: Ի տարբերություն ատամնացավի և կարիեսի բարդությունների, այս դեպքում ցավ չկա: Օրինակ՝ ատամները մաքրելիս կարող է մի փոքր արյունահոսություն լինել, սակայն դրան շատ հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, ատամը մի փոքր շարժվում է, մարդը մտածում է, որ դա կլավանա: Այդ խնդիրները, սակայն, աստիճանաբար զարգանում են, սկսում է քայքայվել ոսկրի հյուսվածքը:  Այցելուները հիմնականում դիմում են ծանր պարօդոնտիտով 35 տարեկանից բարձր հասակում: Այդ տարիքում է, որ օրինակ 20 տարեկանից սկսված  խնդիրը հասել է իր զարգացման ծանր փուլին: Այդ ժամանակ արդեն անհնար է չդիմել բժշկի, քանի որ ատամները կարող են սկսել թափվել: 

Ձեր խոսքից կարո՞ղ եմ ենթադրել, որ լնդային խնդիրները չեն առաջանա կամ բարդ ընթացք չեն ունենա, եթե հետևենք ատամների հիգիենայի ճիշտ կանոններին: 

Կարելի է ասել, որ լնդային խնդիրները միշտ առաջանում են սխալ հիգիենայի հետևանքով: Միայն շատ փոքր տոկոսն է առաջանում այլ պատճառներով, երբ օրինակ տվյալ մարդն ունի դիաբետ, սրտանոթային համակարգի խնդիրներ և այլն: Սակայն նույնիսկ այդ դեպքում եթե մարդը պատշաճ կերպով հետևի հիգիենայի կանոններին, ապա լնդային խնդիրներ չեն առաջանա:

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պետք իրականացնել ատամների ճիշտ հիգիենան:

Դա, իհարկե, պետք է ցույց տալ, ոչ թե ասել, ինչը ես իրականացնում եմ առաջին այցի ընթացքում: Դրանից հետո ստուգում եմ, թե արդյոք տվյալ այցելուն կարողանում է իսկապես ճիշտ իրականացնել իր ատամների խնամքը: Սա արվում է այն պատճառով, որ ամեն մարդ պետք է առանձնահատուկ կերպով հետևի ատամների հիգիենային՝ ընտրելով իրեն հարմար հիգիենայի պարագաները և մաքրող միջոցները:  Իսկ ատամների հիգիենայի ընդհանուր կանոնները վերաբերում են լրիվ առողջ մարդկանց, սակայն երբ արդեն որևէ խնդիր կա ատամների հիգիենային հետևելը դառնում է խիստ առանձնահատուկ: 

Իսկ կարո՞ղ ենք նաև մի քանի ընդհանուր կանոն նշել, որոնք օգտակար կլինեն մարդկանց: 

Որպես ընդհանուր խորհուրդ կարող եմ նշել, որ օրական գոնե երկու անգամ պարտադիր է ատամները մանրակրկիտ մաքրելը՝ առավոտյան նախաճաշից հետո և քնելուց առաջ՝ երբ այլևս ոչինչ չեք պատրաստվում ուտել կամ խմել (բացառությամբ ջրի): Ատամները մաքրելու պրոցեսը միջինում պետք է վեց րոպե տևի: Սա այն դեպքում, երբ մարդն ունի առողջ ատամնաշար: Ատամն ունի արտաքին մակերես՝ թշային, ներքին՝ լեզվային, ծամիչ և միջատամնային՝ ամեն հարևան ատամի հետ երկու մակերես: Եթե այդ բոլոր մակերեսները հերթով մաքրենք, անհնար է ավելի պակաս լինի տևողությունը: Եթե մարդն ունի ատամների ծռվածություն, ինչ որ օրթոդոնտիկ խնդիր, կարիես, կամ հեռացված ատամ, լնդային խնդիրներ, մաքրելու պրոցեսն ավելի երկար է տևում: 

Եթե այնուամենայնիվ առաջացել են լնդային խնդիրներ, ապա սովորաբար ինչպե՞ս են դրանք բուժվում:

Ցանկացած լնդային հիվանդության կամ պաթոլոգիական վիճակի (ախտաբանական) ժամանակ բուժման պլանը հիմնականում հետևյալն է՝ գրագետ հիգիենա իրականացնելու ուսուցում և ստուգում:  Այնուհետ պետք է համոզվենք, որ այցելուն ճիշտ է իրականացնում հիգիենան և որևէ փառ չկա (խոսքը փափուկ փառի մասին է, որը կարելի է տանը մաքրելով վերացնել) :  Ելնելով նրանից, թե ինչ վիճակ է, բուժումը բաժանվում է երկու փուլի: Սկզբում արվում է թերպևտիկ բուժում, որն, օրինակ, ներառում է ատամնաքարերի, ստորլնդային քարերի հեռացումը, ստորլնդային հատվածի հարթեցումը:  Այս բուժման ընթացքում վիճակը բարելավվում է, որից հետո, կախված մեր վերջնական նպատակից, օրինակ՝ ոսկրի քայքայման վերացում, իրականացվում է վիրահատական միջամտություն, անհրաժեշտության դեպքում ավելացվում է արհեստական ոսկրանյութ: 

Ինչպիսի՞ն է վիրահատության ընթացքը և որպես ամփոփում կխնդրեմ նշել, թե  ինչպես հասնել լավ արդյունքի լնդային հիվանդությունների բուժման գործընթացում: 

Վիրահատությունն անցկացվում է տեղային անզգայացման միջոցով: Այն որևէ արտառոց բան չի ենթադրում և դրանից անմիջապես հետո մարդը կարող է հանգիստ անցնել իր գործերին: Սակայն եթե կատարվել է վիրահատական միջամտություն, ցանկալի է, որ այցելուն պարբերաբար զննումներ անցնի: Դրական արդյունքի համար պետք է ընտրել բուժման արդյունավետ տարբերակ, իսկ բժիշկն ու այցելուն պետք է վստահեն իրար և միասին ձգտեն մեկ արդյունքի: