Երբ փոքր երեխաները վերցնում են ուրիշի իրերը, դա գողություն չէ։ Պարզապես նրանք շատ են ցանկանում ունենալ այդ իրը։ Նրանք դեռ ինչպես հարկն է, չեն տարբերում ինչն է պատկանում իրենց, իսկ ինչը՝ ոչ։ Կարիք չկա դրա համար ամոթանք տալ ու հավատացնել նրանց, թե վատ արարք են կատարել։ Մայրն ուղղակի պետք է ասի, որ դա ուրիշի խաղալիքն է, որ նա էլ կուզենա դրանով խաղալ, իսկ ղու շատ լավ խաղալիքներ ունես տանը։

Ի՞նչ է գողությունը ավելի գիտակից տարիքում։ Եթե 6 -12 տարեկան երեխան վերցնում է ուրիշի իրը, նա գիտի, որ վատ է վարվում։ Նա, հավանաբար, գաղտնի կվերցնի, գողացված իրը կթաքցնի և չի ընդունի իր մեղքը։ Երբ ծնողները կամ ուսուցիչը բռնում են երեխային գողության մեջ, նրանք շատ են հուզվում։ Նրանց առաջին իսկ ցանկությունն է հանղիմանել ու ամոթանք տալ երեխային։ Դա բնական է, չէ որ մեզ բոլորիս սովորեցրել են, թե գողությունը լուրջ հանցագործություն է։ Մենք սարսափում ենք, երբ գողություն է անում մեր երեխան։ Խիստ կարևոր է, որ երեխան հաստատապես իմանա, որ ծնողները հավանություն չեն տա գողությանը և կստիպեն անմիջապես վերադարձնել գողացված իրը։ Բայց, մյուս կողմից, խելամիտ չէ ահաբեկել այդպիսի երեխային կամ ցույց տալ, թե այլևս երբեք չեք սիրի նրան։

Մեծ մասամբ այդպիսի երեխան դժբախտ ու միայնակ է զգում իրեն։ Գուցե կարիք ունի ծնողական փաղաքշանքի կամ չի կարողանում ընկերներ գտնել իր հասակակիցների մեջ (լքվածության զգացումը կարող է ծագել նույնիսկ այն երեխայի մոտ, որին սիրում ու հարգում են ընկերները)։ Ես կարծում եմ այն փաստը, թե առավել հաճախ գողություն են անում յոթ տարեկան երեխաներր, խոսում է այն մասին, որ այդ հասակում երեխաներն ավելի ուժեղ են զգում, ինչպես են խորթանում ծնողներից։ Եթե նրանք չեն գտնում իսկական ընկերներ, համարում են իրենց բոլորի կողմից լքված ու ոչ պիտանի։ Ըստ երևույթին, հենց այդ պատճառով էլ դրամ գողացող երեխաները կամ բաժանում են դրանք ընկերներին, կամ էլ կոնֆետ գնում ամբողջ դասարանի համար, այսինքն՝ աշխատում են <<գնել>> համադասարանցիների բարեկամությունը։ Դեռ բավական չէ, որ երեխան փոքր-ինչ խորթանում է ծնողներից, ծնողներն էլ հաճախ բծախնդիր են դառնում երեխաների նկատմամբ այդ ոչ այնքան հրապուրիչ հասակում։

Վաղ պատանեկության շրջանում երեխան կարող է մենակություն զգալ աճող ամաչկոտության, դյուրազգացության ու անկախության ձգտելու պատճառով։ Քոլոր տարիքներում գողության պատճառներից մեկն էլ սիրո ու փաղաքշանքի չբավարարված պահանջն է։ Մյուս պատճառներն անհատական են. վախ, նախանձախնդրություն, ղժգոհություն։

Ինչպե՞ս վարվել գողություն անող երեխայի հետ։ Եթե դուք բացարձակապես համոզված եք, որ ձեր երեխան (կամ աշակերտը) գողություն է արել, անմիջապես ու անառարկելի տոնով ասեք, թե գիտեք որտեղից է վերցրել և ստիպեք վերադարձնել գողացված իրը։ Այլ խոսքով, մի թեթևացրեք նրա վիճակը և թույլ մի տվեք, որ ստի։ Երեխան պարտավոր է գողացված իրը վերադարձնել տիրոջը կամ խանութ, որտեղից վերցրել է։ Եթե գողացել է խանութից, հավանաբար, ավելի պատշաճ կլինի նրա հետ գնալ այնտեղ ու բացատրել, որ երեխան առանց վճարելու վերցրել է իրը և ուզում է վերադարձնել։ Ուսուցիչը կարող է գողացված իրը վերադարձնել տիրոջը, որպեսզի երեխային փրկի հրապարակային անպատվությունից։ Ուրիշ խոսքով, կարիք չկա ստորացնել գողություն արած երեխային, այլ պետք է պարզապես հասկացնել, որ թույլ չեն տա նրան այդպիսի բաներ անել։

Մտածեք, արդյո՞ք ձեր երեխային բավարարում է ընտանիքում ստացած փաղաքշանքն ու խրախուսական համակրանքը, ընտանիքից դուրս բարեկամներ ունի, թե ոչ։ Եթե ձեր միջոցները բավարարում են, տվեք նաև ծախսելու դրամ, որքան ունեն նրա հասակակիցները։ Դա կօգնի, որ երեխան զգա իրեն <<այնպիսին, ինչպիսին բոլորն են>>։ Իսկ եթե գողությունները շարունակվում են կամ երեխան չի կարողանում գտնել իր տեղը կյանքում, խորհրդակցեք մանկական հոգեբույժի հետ։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am