Վաղուց ի վեր նախաճաշը հայտնի է որպես սննդի ընդունման ամենակարևոր մասը: Համարվում է, որ այն լիցքավորում է էներգիայով և թույլ չի տալիս օրվա ընթացքում չարաշահել սնունդը: Բատայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշն այնքան կարևոր չէ, որքան կարծում էին, գրում է The Daily Mail պարբերականը: Հետազոտողները պարզել են, որ սննդի առաջին ընդունումը գործնականում չի ազդում հետագա սնվելու և չափաբաժինների քանակի վրա: Բացի այդ, այն նյութափոխանակության վրա չի ազդում: Առավոտյան լավ նախաճաշ անող մարդկանց ամուր առողջությունը ընդհանուր առմամբ պայմանավորված է նրանց ճիշտ սնվելով:
 
Վեց շաբաթ տևողությամբ հետազոտությունից հետո գիտնականները հայտնաբերել են, որ նյութափոխանակության ոչ մի տարբերություն չի դիտվում այն մարդկանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն նախաճաշել և նրանց մոտ, ովքեր մինչ ժամը 11-ը ընդունել են 700 կալորիա: Հիմանական տարբերությունն այն էր, որ նրանք, ովքեր չէին նախաճաշել, ավելի քիչ կալորիա էին օգտագործում օրվա ընթացքում: Դա հակասում է այն տեսությանը, որ նախաճաշը բաց թողած մարդիկ ավելի ուշ ագահորեն հարձակվում են ուտելիքի վրա: Սակայն նախաճաշած մարդիկ ավելի շատ էներգիա էին ծախսում (մոտ 442 կալորիա) և ակտիվ էին առավոտյան՝ հատկապես ուտելուց հետո: Նրանց մոտ գլյուկոզայի քանակն արյան մեջ ավելի կայուն էր:
 
Հետազոտող Ջեյմս Բեթսն ասում է. «Շատերը գիտեն, որ նախաճաշն ամենակարևոր սնունդն է: Սակայն գիտությանը մինչ օրս դեռ անհայտ է, թե ինչպես է այն ազդում առողջության վրա և արդյոք դա այդպես է, թե ոչ: Մարդիկ, ովքեր կանոնավոր նախաճաշում են, որպես կանոն ավելի բարեկազմ են և առողջ, և բացի այդ՝ նրանք հետևում են առողջ ապրելակերպի մասին խորհուրդներին: Նրանց մոտ ավելի բալանսավորված սննդակարգ է, և նրանք ավելի շատ են զբաղվում սպորտով»: Ավելի վաղ կատարված հետազոտության ժամանակ Ալաբամայի համալսարանի գիտնականները կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի մասնակիցները բաց էին թողնում նախաճաշը, մյուս խմբինը՝ միշտ նախաճաշում էին, իսկ երրորդ խմբի մասնակիցները սնվում էին այնպես, ինչպես նախքան հետազոտությունը: Չորս ամիս անց երեք խմբի կամավորների մոտ քաշի կորուստը եղել է չնչին  (ոչ ավելի, քան 0.5 կիլոգրամը):
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk