Տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման ընթացքի վերաբերյալ հաճախ երկրորդ կարծիքի կարիք է լինում արտերկրյա բժիշկներից կամ նեղ մասնագիտացված կենտրոններից: Այս և նման խնդիրների լուծման համար ստեղծվել և գործում է Dr. Adviser կազմակերպությունը, որի համահիմնադիր և տնօրեն, բժշկուհի Լիլյա Գյունաշյանի հետ է այսօրվա մեր զրույցը:

Բժշկուհի Գյունաշյան, ի՞նչ ծառայություններ է Dr. Adviser կազմակերպությունը մատուցում: 

Մեր կազմակերպության նպատակն է, օգտագործելով առկա հեռաբժշկության հնարավորությունները, ինչպես նաև՝ մեր կապերը աշխարհի տարբեր հայտնի բժշկական կենտրոնների հետ, հասանելի դարձնել «երկրորդ կարծիքի» հնարավորությունները հիվանդների և բժիշկների համար: Այսինքն, ավելի պարզ ասած, երբ հիվանդի մոտ ախտորոշվում է որևէ հիվանդություն, կամ առաջանում է ախտորոշման կամ բուժման տակտիկայի ընտրության դժվարություն, մենք հիվանդին և իր բուժող բժշկին, մնալով իրենց բնակության վայրում, հեռաբժշկության միջոցով փորձում ենք կապել արտասահմանում տվյալ հիվանդության հայտնի բժիշկ փորձագետի հետ և իմանալ նրանց կարծիքը: 

Մեր ծառայությունները նախատեսված են և՛ հիվանդների, և՛ մասնագետների համար: Հիվանդների դեպքում կազմակերպվում է ինչպես օնլայն խորհրդատվություն, այնպես էլ հյուսվածաբանական և ճառագայթային ախտորոշման երկրորդ կարծիք, և որոշ լաբորատոր հետազոտությունների կազմակերպում, որոնք այստեղ հասանելի չեն: Անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում է նաև բժշկական փաստաթղթերի գրագետ թարգմանությունը: Մասնագետների դեպքում, փորձում ենք մեր կապերի միջոցով օգտակար լինել նրանց մասնագիտական զարգացմանը, մասանվորապես, գտնել համապատասխան վերապատրաստման ծրագիր կամ կոնֆերանս, գտնել մենթոր արտասահմանում, և այլն:

Իսկ արդյո՞ք ներկայումս չկան նման ծառայություններ մատուցող կազմակերպություններ, և ի՞նչն է Ձեր կազմակերպության տարբերությունը։

Իհարկե կան տարբեր կազմակերպություններ, որոնք մատուցում են համանման ծառայություններ, սակայն, իմ կարծիքով, մենք ունենք որոշ կարևոր առավելություններ: 
Նախ, մեր աշխատանքները կազմակերպված են մասնագիտությամբ բժիշկների կողմից, ինչը նշանակում է, որ մեր թիմը բավականին լավ է պատկերացնում հիվանդի խնդիրները նաև բժշկական տեսանկյունից: Չէ որ մեր օրերում շատ հաճախ հանդիպում ենք օրինակների, երբ բժշկության հետ որևէ կապ չունեցող անձիք նմանատիպ գործունեություն են ծավալում: Իսկ երբ տվյալ ծառայությունը կազմակերպվում է բժիշկների կողմից, մեր կարծիքով, էապես բարձրանում է խորհրդատվության թե որակը, թե օգտակարությունը:
Երկրորդ կարևոր առավելությունը, որ անկյունաքարային և սկզբունքային է մեր կազմակերպության համար, պարտադիր պայման է բուժող բժշկի ներգրավվածությունը: Ինչո՞վ է դա կարևոր: Նախ, որ այն ինչ հնարավոր է այստեղ կազմակերպել, կազմակերպվի այստեղ, երկրորդը, որ տվյալ հիվանդի բժիշկն ամենալավն է տիրապետում այդ հիվանդի խնդիրներին և կկարողանա լավագույնս ներկայացնել, և վերջապես, որ այդ ամենը նպաստելու է մեր և արտասահմանի մասնագետների միջև փորձի փոխանակմանը:

Ներկայումս, երբ ամբողջ աշխարհը գտնվում է փակ սահմանների մեջ, առավել կարևոր է դարձել հեռաբժշկության անհրաժեշտությունը:

Իսկ ինչպե՞ս է այդ գործընթացը կազմակերպվում: Ենթադրենք հիվանդը խնդիր ունի, ի՞նչ պետք է նա անի:

Հիվանդը կապվում է մեզ հետ հեռախոսով (044-09-03-88 հեռախոսահամարով),  էլեկտրոնային փոստով ([email protected]) կամ Ֆեյսբուքի միջոցով (@DrAdviserArmenia), հայտնում է իր խնդիրը, ներկայացնում բժշկական փաստաթղթերը, և նշում անհրաժեշտ ծառայության մասին, օրինակ՝ կազմակերպել խորհրդատվություն, կամ հյուսվածաբանական նյութը ուղարկել երկրորդ կարծիքի, կամ ուղարկել լաբորատոր քննության, որն այստեղ չի կատարվում: Մենք ուսումնասիրում ենք ներկայացված փաստաթղթերը, կապվում ենք արտասահմանի մեր գործընկեր կենտրոնների հետ, ճշտում հնարավորություններն ու մանրամասները և կապվում ենք հիվանդի հետ: Եթե հիվանդին պայմանները բավարարում են, տվյալ ծառայությունը կազմակերպվում է: 
Օրինակ, երբ անհրաժեշտ է լինում ուղարկել հյուսվածաբանական  նյութը երկրորդ կարծիքի (ինչպես վերևում նշեցի, մեզ համար սկզբունքային է, որ նախ և առաջ այդ հետազոտությունն այստեղ կատարված լինի), մենք խնդրում ենք բուժող բժշկից տեղեկանք, նախորդիվ արված հետազոտությունների պատասխանները, երբեմն, հնարավոր է, լրացուցիչ տեղեկություններ ևս անհրաժեշտ լինեն: Ապա հյուսվածաբանական նյութը ուղարկվում է արտասահման, հիվանդը կատարում է վճարումը՝ ըստ տվյալ կենտրոնի տրամադրած հաշվի, երբ պատասխանը ստացվում է, այն ուղարկվում է և՛ հիվանդին, և՛ բուժող բժշկին: 
Խորհրդատվության դեպքում, այն կազմակերպվում է միջինում 7-10 օրվա ընթացքում: Նախորոք բոլոր բժշկական փաստաթղթերը ուղարկվում են: Եթե անգլերենով չեն, մեր կազմակերպությունը կազմակերպում է նաև գրագետ բժշկական թարգմանություն: Գրագետ արված թարգմանությունը ևս շատ կարևոր է, որովհետև երբեմն անհասկանալի թարգմանություններ են արվում, որոնք ամբողջովին աղավաղում են բժշկական ինֆորմացիան և կարող է հանգեցնել խորհրդատվության արդյունավետության խնդիրների: Ապա ընտրվում է խորհրդատվության օրը և ժամը, որը համաձայնեցվում է նաև հիվանդի այստեղի բժշկի հետ, որպեսզի նա ևս ներկա գտնվի, դա պարտադիր պայման է: 

Իսկ հիվանդն ինչպե՞ս համոզված լինի արտասահմանի մասնագետների պրոֆեսիոնալիզմի մեջ: 

Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Մենք աշխատում ենք ոլորտում հեղինակություն ունեցող բժշկական կենտրոնների հետ, և նախօրոք տրամադրում ենք տեղեկատվություն, թե որ կենտրոնի բժիշկներն են կատարելու խորհրդատվությունը: Այսօր, կարծում եմ, բավականին հեշտ է  համացանցի միջոցով պարզել տվյալ կենտրոնի կամ մասնագետի հեղինակությունը: 

Իսկ կազմակերպությունը միայն Հայաստանո՞ւմ է գործում: 

Ներկայումս այո, չնայած որ կարող են դիմել նաև տարբեր երկրներից, սակայն դեռևս ակտիվ ներկայություն չունենք այլ երկրներում: Համավարակով պայմանավորված՝ փոքր ինչ դանդաղեց այդ գործընթացը, սակայն մոտ ապագայում պլանավորում ենք և կա արդեն նախնական պայմանավորվածություններ ակտիվ գործունեություն ծավալել նաև ՌԴ մի քանի քաղաքներում, Վրաստանում, և ԱՊՀ մի քանի այլ երկրներում:

Եվ վերջում, իսկ ովքե՞ր են կազմում կազմակերպության թիմը: 

Կազմակերպությունը հիմնել ենք ամուսիններով, ամուսնուս՝ Գևորգ Թամամյանի հետ, ով ուռուցքաբան-արյունաբան է, և աշխատել ու սովորել է աշխարհի չորս կողմերում: Ճիշտն ասած, կազմակերպությունը հիմնելու գաղափարն իմն էր: Գևորգն իր կապերով միշտ օգնել է տարբեր մարդկանց, թե՛ հիվանդներին, թե՛ բժիշկներին, և երբ մի օր խոսում էինք, ասեցի, արդյոք ճիշտ չի լինի, որ ստեղծենք նման կազմակերպություն, որի միջոցով հնարավոր կլինի շատերին օգտակար լինել, այլ ոչ թե միայն այն մարդկանց, ովքեր իրեն ճանաչում են, և կարող են իրեն անմիջապես դիմել: Եվ բացի այդ էլ կազմակերպությունը կդառնար սոցիալական ձեռներեցության շատ լավ օրինակ, արտասահմանում լայն տարածված family business տարբերակով: Ճիշտ է Գևորգը բիզնեսից շատ հեռու է, և իր համար բավականին խորթ էր այդ ամենը, բայց մի քիչ մտածելուց հետո՝ համաձայնվեց, մանավանդ, երբ ասեցի, որ ես եմ զբաղվելու և իրեն շատ չեմ զբաղեցնելու, դե ինքը շատ է զբաղված լինում իր աշխատանքով (խմբ.՝ ծիծաղում է), բայց, իհարկե, օգնում է ինչով կարող է: Նաև ես ընդունվել էի արդեն գործին համապատասխան հետիդպլոմային մի նոր ծրագրի Հարվարդի համալսարանում, որը նվիրված է հիվանդներին որակյալ, անվտանգ և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ բուժօգնություն տրամադրելուն, և, համոզված եմ, շատ կօգնի այս գործում: 
Կազմակերպությունը նաև համագործակցում է Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետների հետ, որոնցից շատերը հանդիսանում են նաև մեր խորհրդատուները, և այս ամենը անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ դարձնենք մեր մատուցած ծառայությունները: