Արդի ժամանակաշրջանում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության կապի միջև: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում` կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են` արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու ավելի հասարակ, էժան ու արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

Գիրություն ազդեցությունը անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility)

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, որոնք սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտ 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության էֆեկտիվության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների` 70 %-ի, գերերի` 60%, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Ճիշտ է, որ այս տարբերությունը շատ մեծ չէ, բայց ամեն դեպքում առկա է:

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters)

Տղամարդու գիրությունը կարող է բացասական ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա…) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը…: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function)

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում: Արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism)

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի իջեցումը ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով, մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցիչ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էստրոնի (Estrone) ու էստրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս հանդիսանում են էստրոգեններ: Էստրոգենները ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էստրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի ինհիբիտորներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակը արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմը առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակը իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

Քնի ապնոէն (Sleep apnea) դա շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասական ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Իսկ այս երկու մեխանիզմների կոմբինացիան կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա:


Աղբյուրը՝ urolog.am
Նյութը՝ Ջանեցյան Ռաֆֆի, ուրոլոգ