Գաստրոդուոդենալ թափածակված խոցի ժամանակ մեր տակտիկան

Ներկայիս հզոր հակախոցային միջոցների հայտ­նա­բերումը կտրուկ պակասեցրել է խոցային հիվան­դության ժամանակ պլանային վիրահատությունների քանակը, սակայն բարդությունները նվազելու հակում չունեն, դրանցից է թափածակումը:

 

2000-2007թթ Էրեբունի բ/կ-ում բուժվել են ստամոքսի և 12 մատնյա աղու թափածակված խոցով 134 հիվանդներ: Բոլորրն էլ վիրահատվել են. երկուսը՝ պլանային կարգով (ծածկված թափածակում), 132-ը՝ անհետաձգելի վիրաբուժական ցուցումներով: Կա­տար­վել են հետևյալ վիրահատությունները. խոցի հեռա­ցում, կարում՝ 17 հիվանդ, խոցի հեռացում, դուոդենոպլաստիկա՝ 18 հիվանդ, խոցի հեռացում, պիլո­րոպլաստիկա՝ 94 հիվանդ, ստամոքսի մասնա­հա­տում՝ 5 հիվանդ: Հիվանդների միջին տարիքը եղել է 30-40 տարեկան#: 134 հիվանդներից 23-ի մոտ թա­փածակվել էր ստամոքսի խոցը: Թափածակված խո­ցով հետազոտված հիվանդներից 7-ը եղել են կանայք:

 

Ստամոքսի մարմնի և պրեպիլորիկ հատվածում գտնվող խոցի թափածակման ժամանակ 17 հիվանդ­ների մոտ առողջ հյուսվածքի սահմաններում հեռաց­վել է խոցային ինֆիլտրատը, ապա կարվել երկշերտ հանգուցակարերով:

 

12 մատնյա աղու թափածակված խոցերի դեպքում խոցային ինֆիլտրատը հեռացնելուց առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով՝ եթե այն գտնվել է պիլորիկ սեղմանից հեռու, ապա ի տարբերություն ավանդական երկայնաձիգի, կտրվածքը կատարել ենք լայնաձիգ ուղղությամբ: Դեֆեկտը վերականգնել նույնպես լայ­նա­ձիգ ուղղությամբ, երկշերտ հանգուցակարերով:

 

Լայնաձիգ կտրվածքը հնարավորություն է տալիս պահպանել պիլորիկ սեղմանի ամբողջականությունը, կանխարգելել նրա հետագա կազմափոխությունը, նվազագույն չափով վնասել տվյալ շրջանի սնուցումը, խուսափել կոպիտ ձևախեղումից և գրպանիկների առաջացումից: Եթե թափածակման ժամանակ խո­ցա­յին ինֆիլտրատի մեջ ընդգրկված է եղել պիլորիկ սեղմանը, ապա ավանդական երկայնակի կտրվածքով կատարել ենք խոցի հեռացում առողջ հյուսվածքի սահման­ներում՝ հեռացնելով նաև պիլորուսի կազմա­փոխ­ված մասը: Դեֆեկտը նույնպես վերականգնել ենք լայնաձիգ ուղղությամբ, երկշերտ հանգու­ցա­կա­րերով:

 

Կատարվել են բիոքիմիական, պաթոհիստոլոգի­ա­կան, բակտերիոլոգիական քննություններ, որոնց ար­դյուն­քում եկել ենք այն եզրակացության, որ խոցային ինֆիլտրատը համարվում է հետագա բարդությունների համար ռիսկի գործոն, ուստի նպատակահարմար է վիրահատության ժամանակ նրա հեռացումը:

 

Այն ունի հետևյալ առավելությունները. ունի խիստ ընդարձակ ցուցումներ, զբաղեցնելով կարճ ժամանակ, պատճա­ռե­լով նվազագույն տրավմա՝ կարելի է կիրառել անգամ տարածուն պերիտոնիտի, ուղեկցող հիվան­դություն­ների, ցանկացած տարիքի պայմաններում, ինչպես նաև խոցը հեռացնելուց նվազում է էնդոգեն ինտոքսիկացիան, հակախոցային և հակամանրէային միջոցների արդյունավետությունը բարձրանում է, հնարավոր է լինում կատարել հետին պատի լիարժեք զննում, կարերը դրվում են առողջ հյուսվածքի վրա, հետևապես անհրաժեշտ չի լինում շրջակա հյուսվածք­նե­րով նրանց ամրացումը, հնարավոր է լինում խուսա­փել ստամոքսաելքի նեղացումից, օրգանիզմից հեռաց­վում է ախտածին մանրէներով հարուստ շրջանը, օր­գանիզմից հեռացվում է հզոր աուտոանտիգենը, վաղ և ուշ բարդությունները քիչ են հանդիպում:

 

 

 

 

Հեղինակ :  Ա.Ա. Օհանյան, Ա.Ս. Վարդանյան, Հ.Լ. Մինասյան, Ա.Ռ. Ասատրյան, Ա.Ա. Ուզանկիչյան, Ս.Հ. Լաբոյան, Ա.Լ. Մինասյան ,Վիրաբուժական հիվանդությունների թ.1 ամբիոն Էրեբունի բժշկական կենտրոն
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 13-14
   
   
Ներկայացնող`  Doctors.am