Ի՞նչ է տեղի ունենում երեխաների հետ, երբ նրանց ստիպում են ուտել

  • Այն ժամը, երբ նրանք պետք է սեղան նստեն, այնքան տհաճ է դառնում, որ նրանք ի վերջո կորցնում են ախորժակը: Իսկ դա, բնականաբար, ավելի է անհանգստացնում ծնողներին և նրանք, իրենց հերթին, երեխայի վրա ավելի ուժեղ ճնշում գործադրելով, շարունակում են բարդացնել խնդիրը:
  • Երեխաները սկսում են դանդաղ ծամել, ժամանակ են կորցնում, ձևեր են թափում: տարիների ընթացքում այնքան քմահաճություններ են հնարում, որ կերակրելն անգամ իսկական տանջանք է դառնում ծնողների համար: եթե երեխային սննդի ինչ-որ տեսակ դուր է գալիս, նա պահանջում է, որ այն պատրաստված լինի միայն իր ուզած ձևով: Նոր կերակրատեսակները նրան քիչ են հետաքրքրում, դրանք նա ուտում է շատ դանդաղ՝ բերանում երկար պահելով և կուլ չտալով: Իսկ ծնողներն ավելի են հուսահատվում՝ տեսնելով, թե ինչպիսի վճռականությամբ է մերժվում այնքան խնամքով պատրաստված ճաշատեսակը:
  • Ստիպելով կերակրելուն երեխաներն ամենից հաճախ պատասխանում են փսխումով: բերանը անխղճորեն սննդով լցրած երեխան արագ կռահում է, թե ինչպես կարող է ազատվել այդ բեռից: Ժամանկի ընթացքում դա սովորություն է դառնում, ստամոքսը սկսում է վատ աշխատել, փսխումն արդեն առաջ է գալիս ինքնաբերաբար, այսինքն՝ երեխայի կամքից ու ցանկությունից անկախ: Նման հակազդումը վերացնելը հեշտ չէ, այն կարող է պահպանվել երկար տարիներ, նույնիսկ՝ ողջ կյանքի ընթացքում:
  • Այն երեխաներն, ում ուժով են կերակրում, ի վերջո սկսում են զայրանալ իրենց ծնողների վրա, նրանց մեջ յուրօրինակ բողոք է առաջանում: Ծնողների նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը տեղափոխվում է կյանքի շատ այլ ոլորտների վրա, այնպես որ խնդիրն, ի վերջո ավելի է սրվում: Երեխային ստիպելով կերակրել՝ նշանակում է մեծ սխալ գործել: Եթե դուք արդեն մի անգամ բռնել եք այդ ուղին՝ կանգ առնելն, անշուշտ, դժվար է: Մայրերից հաճախ կարելի է լսել. «Ես փորձում եմ չստիպել, որ իմ երեխան ուտի, և ահա խնդրեմ, ահա երկու օր է, ինչ նա ոչ մի բանի ձեռք չի տվել: Երրորդ օրը չդիմացա և պնդեցի, որ նա գոնե մի քիչ ուտի»:

Ինչ անել

Որքան էլ դժվար լինի, այնուամենայնիվ, արժե լարել կամքը և դադարեցնել երեխային ուժով կերակրելը: Դրա համար, իհարկե, ոչ թե երեք օր կպահանջվի, այլ մի քանի ամիս: Մի անհանգստացեք, եթե այդ ընթացքում ձեր երեխան թեկուզ մի փոքր նիհարի: Հավատացեք, որ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնա: Եվ հենց որ այդպիսի հնարավորություն տաք, նա ինքը կսկսի հաճույքով ուտել: Բացի այդ, ձեր երեխան ժամնակի ընթացքում կունենա սիրած ուտելիքներ, և դա զգակիորեն կհեշտացնի նրան կերակրելու խնդիրը: Հիշեք՝ երեխաներին սնելու մեխանիզմընույնքան նուրբ է, որքան և ժամացույցինը: բավական է չափից ավելի լարել, և ժամացույցն այլևս չի աշխատի: Չափից ավելի կերակրեք ձեր երեխային՝ և նա կհրաժարվի ուտելիքից: Որքան շուտ սկսեք լուծել այդ խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծել այն, այսինքն՝ կվերականգնեք ձեր երեխայի ախորժակը:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Allan Fromme, «ABC of Child Care»