Այդ հասակին բնորոշ են մտացածին անհանգստությունները։ 3-4 տարեկան հասակում երեխան վախենում է մթությունից, շներից, մահից, հրշեջ մեքենաներից և այլն։ Նրա երևակայությունը հասնում է այն աստիճանի, որ ի վիճակի է իրեն դնել ուրիշների տեղն ու երևակայել այն վտանգները, որոնց երբեք չի ենթարկվել։ Երեխայի հարցասիրությունը հանգիստ չի տալիս ոչ իրեն, ոչ ուրիշներին։ Նա ուզում է իմանալ ոչ միայն տեղի ունեցող երևույթների պատճառները, այլև դրանց կապը անձամբ իր հետ։ Ականջի ծայրով լսում է մահվան մասին, հարցնում, թե դա ինչ բան է և արդյո՞ք ինքն էլ է մահանալու։

Այս մտավախություններն առանձնապես բնորոշ են այն երեխաներին, որոնց ջղայնացրել են, ստիպել են ուտել ու օգտվել գիշերանոթից, հաճախ պատմել գրգռիչ, երկյուղալի հեքիաթներ կամ շատ հաճախ սպառնացել են ու նախատել, կամ էլ չափից ավելի հոգացել, հնարավորություն չեն տվել դառնալու անկախ ու մարդամոտ։ Անվստահության ու վախի զգացմունքները, որ կուտակվել են երեխայի փոքրիկ կյանքի ընթացքում, հիմա վեր են ածվում որոշակի երկյուղի։ Սակայն չկարծեք, թե բոլոր երեխաների մտավախությունները վատ դաստիարակության արդյունք են։ Ամենևին էլ այդպես չէ։ Որոշ երեխաներ ծնվում են ավելի զգայուն, քան մյուսները։ Բայց բոլոր երեխաներն էլ, որքան էլ ճիշտ դաստիարակություն ստանան, երբեմն վախենում են այս կամ այն երևույթից, առարկայից։ Եթե ձեր երեխան վախենում է մթությունից, աշխատեք համոզել, որ դա վտանգավոր չէ, բայց ոչ թե խոսքով, այլ սեփական վարքագծով։ Մի ծաղրեք նրան, անհամբերություն մի ցուցաբերեք, մի փորձեք խոսքերով ապացուցել, թե վախենալու հարկ չկա։ Եթե ինքը խոսի այդ մասին, ուշադրությամբ լսեք։ Հնարավորություն տվեք նրան զգալու, որ ուզում եք հասկանալ իրեն, բայց բացարձակապես համոզված եք, որ նրան ոչինչ չի սպառնում։ Նման պահին վատ չի լինի, եթե ավելի փաղաքշանքով վերաբերվեք ու հիշեցնեք, թե շատ եք սիրում նրան և միշտ կպաշտպանեք։ Անկասկած, չի կարելի երեխային վախեցնել կախարդներով, ոստիկաններով, օտար քեռիներով և այլն։

Խուսափեք հեռուստատեսային սարսափելի հաղորդումներից, կինոֆիլմերից ու դաժան հեքիաթներից։ Երեխան արդեն բավականաչափ վախեցած է իր սեփական մտքերից։ Դադարեք «մարտնչել նրա հետ ուտելու կամ թաց վարտիքի համար։ Աշխատեք լավ կարգապահության հասնել խստությամբ ու հետևողականությամբ։ Դա ավելի լավ է, քան թույլ տալ երեխային կատարել վատ արարք, այնուհետև ամոթանք տալ ու հանդիմանել։ Հատկապես ծանր է ազդում երեխայի վրա այն, երբ սպառնում եք, թե այլևս չեք սիրի նրան, եթե իրեն վատ պահի։ Աշխատեք, որ ձեր երեխայի կյանքր լինի լիքը, հետաքրքիր, պայմաններ ստեղծեք, որ շփվի ուրիշ երեխաների հետ։ Որքան շատ հափշտակվի խաղերով ու ապագայի ծրագրերով, այնքան քիչ կմտածի իր ներքին մտավախությունների մասին։ Գիշերր նրա սենյակի դուռը բաց թողեք կամ սենյակում գիշերալամպ դրեք, եթե դա հանգստացնում է նրան։ Հարևան սենյակի լույսը կամ խոսակցությունները այնքան չեն խանգարում նրան քնել, որքան մտավախությունները։ Իսկ երբ վախն անցնի, երեխան նորից կկարողանա քնել մութ սենյակում։

Այդ հասակում կարող է հարցեր տալ մահվան մասին։ Աշխատեք, որ ձեր բացատրությունները չվախեցնևն երեխային։ Կարող եք ասել. <<Բոլոր մարդիկ էլ մահանում են։ Մարդկանցից շատերը մահանում են, երբ ծերանում ու հիվանդանում են>>։ Եթե ինքներդ մահը համարում եք բնական երևույթ ու չեք վախենում, ապա կարող եք նույն վերաբերմունքը հաղորդել նաև երեխային։ Չմոռանաք այդ պահին գրկել նրան, ժպտալ ու հավատացնել, թե միասին կապրեք դեռ շատ տարիներ։

Այդ հասակում երեխաները հաճախ վախենում են կենդանիներից, նույնիսկ եթե չեն եղել դրանց հետ կապված տհաճ դեպքեր։ Մի ստիպեք երեխային մոտենալ շանը, որպեսզի ցույց տաք, թե շներից վախենալու հարկ չկա։ Որքան համառորեն ստիպեք, այնքան նա շատ կղիմաղրի։ Կանցնի մի քանի ամիս, և ինքը կաշխատի հաղթահարել վախն ու մոտենալ շանը։ Դա ավելի շուտ տեղի կունենա, եթե հանգիստ թողնեք նրան։ Նույնը վերաբերում է նաև ջրվախությանը։ Երբեք ջրի մեջ չհրեք դիմադրող երեխային։ ճիշտ է, լինում են դեպքեր, երբ երեխան, որին ուժով հրել գցել են ջուրը, հանկարծ հայտնաբերում է, որ ջրում լոզալր մեծ հաճույք է և այլևս չի վախենում։ Սակայն մեծ մասամբ ստացվում է հակառակը։ Հիշե՛ք, երեխան էլ ջուրը մտնելու մեծ ցանկություն ունի, թեև վախենում է։

Հաճախ տանջող մտավախություններից երեխան ազատվում է որոշակի առարկաների առկայությամբ, երբ իր խաղերին մասնակից է դարձնում նաև այլ առարկաները։ Վախն ստիպում է մեզ գործել։ Մեր օրգանիզմում գոյանում է ադրենալին, որն ստիպում է սրտին ավելի ուժգին տրոփել և անհապաղ էներգիա արտադրելու համար օրգանիզմն ապահովում շաքարով։ Այդ ժամանակ մենք ընդունակ ենք վազել քամու արագությամբ ու կռվել վայրի գազանների պես։ Վազքն ու պայքարը այրում են անհանգստությունն ու վախը։ Ձեռքերը ծալած նստելով, չենք հասնի մեր նպատակին։ Եթե երեխայի վախը մեծ է կամ գիշերները հաճախ տանջում են մղձավանջները կամ էլ քնի մեջ քայլում է, պետք է խորհրղակցեք հոգեբույժի հետ։

Մարմնական թերություններից վախենալը։ Այդ հասակում երեխան խիստ հարցասեր է, ենթակա է մտավախությունների ու հակված ամեն ինչ վերագրել իրեն։ Եթե նա տեսնում է հաշմանդամի, հարցնում է, թե ինչ է պատահել նրան և, կարող է արդյոք իր հետ էլ նույնը պատահել։ Երեխային անհանգստացնում է ոչ միայն մարմնական վնասվածքների հնարավորու֊ թյունը, այլև տղաների ու աղջիկների միջև մարմնական տարբերությունների պատճառը։

Խելամիտ ծնողները նախապես սպասում են, որ իրենց հարցեր կտան տղաների ու աղջիկների մարմնական տարբերությունների մասին 2.5 մինչև 3.5 տարեկան բոլոր նորմալ երեխաները։ Եթե երեխան չի ստանում խելացի պատասխան, երբ առաջին անգամ անդրադառնում է այդ հարցին, նա կարող է հանգել սեփական եզրակացությունների։ Անօգուտ է երեխայից սպասել ուղղակի հարցի, ասենք. «Ինչո՞ւ տղաներն այնպիսին չեն, ինչպիսին աղջիկներըե։ Նա կարող է այդ թեմայի վերաբերյալ անուղղակի հարցեր տալ կամ ակնարկել, կամ էլ ոչինչ չհարցնել, բայց տանջվել այդ հարցի պատճառով։ Այդ երևույթին չվերաբերվեք որպես անառողջ սեռական հետաքրքրություն։ Փոքր երեխայի համար այդ հարցը նույնքան կարևոր է, որքան մյուս բոլոր հարցերը։ Չի կարելի խնդրել նրան, որ լռի, չի կարելի նախատել կամ շիկնելով հրաժարվել պատասխանել։ Նա կերևակայի, թե վտանգի մեջ է, և հենց դրանից էլ հարկավոր է խուսափել։ Սակայն, մյուս կողմից, չի կարելի այդ հարցի պատասխանը վերածել լուրջ դասախոսության։ Ամեն ինչ կարելի է անել շատ հասարակ ձևով։ Ասեք՝ որ գիտեք նրա մտավախությունների մասին։ Այնուհետև աշխատեք հասկանալի բացատրել, որ աղջիկները ծնվում են ոչ այնպիսին, ինչպիսին տղաները, որ հենց այդպես էլ պետք է։ Փոքր երեխային հեշտ է բացատրել օրինակներով։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am