Թեև շատ փոքրիկ երեխաները, թվում է, ոչ մի պատկերացում չունեն սեռի մասին, մեզ հայտնի է, որ նրանք ոչ միայն սեռական փորձ ունեն, այլև շատ արագ այդ հարցի մասին որոշակի պատկերացում են ունենում։ Բնական է՝ մեծ մասամբ՝ սխալ։ Ճիշտ այնպես, ինչպես մոտավոր են մեզ քիչ ծանոթ երևույթների մասին մեր պատկերացումները։ Ահա թե ինչու եթե մենք չուղղենք սեռի մասին այդ սխալ պատկերացումը, երեխաների ապագա սեռական հավասարակշռվածությունը խանգարման վտանգի տակ կհայտնվի։

Այն, ինչ տեղի է ունենում երեխաների սեռական զարգացման վաղ փուլում, ոչնչով չի տարբերվում մյուս ոլորտներում կատարվող փոփոխություններից։ Այստեղ նույնպես դժվար է ուղղել սխալները, եթե դրանք թույլ են տրվել ամենասկզբից։ Շատ հաճախ սեռի մասին երեխայի պատկերացումը ոչ մի կերպ և ոչնչով չի դրսևորվում, և դա մեզ պետք է անհանգստացնի։ Առողջ երեխաները 4-6 տարեկանում սովորաբար սեռական կյանքին վերաբերող հարցեր են տալիս կամ իրենք են որոշ հասկացություններ մեկնաբանում։ Եթե նրանք այդպես չեն վարվում, ապա ծնողներն իրենք, կարծես պատահական, պետք է այդ հարցը շոշափեն, որպես առիթ օգտագործելով, օրինակ որևէ երեխայի ծնունդ։

Բերեմ սեռական կյանքի մասին առավել տարածված սխալ պատկերացումներից մի քանիսը, որոնք երեխաների մոտ առաջանում են կյանքի առաջին 6 տարիներին։

1. Աղջիկները, ինչպես նաև տղաները, հաճախ համոզված են լինում, որ կանայք նույնպես սեռական անդամ են ունենում, բայց երբ պարզում են, որ այն չկա, սկսում են մտածել, թե ինչու այն չի աճել, գուցե որևէ դժբախտությո°ւն է պատահել։ Աղջիկներին հաճախ անհանգստացնում է այն հայտնագործությունը, որ իրենց մարմինը ուրիշ կառուցվածք ունի, քան տղաներինը։ Նրանք կարծում են, թե ինչ-որ դժբախտություն իրենց զրկել է մի բանից, որ ունեն ուրիշները։ Երբեմն նրանք դրա մեջ նույնիսկ պատիժ են տեսնում։

2. Ամենից հաճախ հանդիպող սխալ պատկերացումներից մեկը կապված է երեխայի ծնունդի հետ։ Երեխայի իսկական ծագումը բացատրելու փոխարեն ծնողները փոքրիկին ասում են, թե երեխաներին գտնում են կաղամբի գլխի մեջ, կամ նրանց իբր արագիլն է բերում կամ էլ խանութից են գնում։ Իսկ երբեմն, ընդհակառակը, ասում են, թե երեխաները ծնվում են, երբ երկու մարդ սիրում են իրար։ Հիշում եմ մի դեռատի աղջկա, որը բացարձակապես ոչինչ չգիտեր այն մասին, թե որտեղից են հայտնվում երեխաները։ Նա սեռական կապի մեջ էր մի տղամարդու հետ, բայց իր հղիությունը ոչ մի կերպ այդ կապով չէր բացատրում։ Աղջիկը համոզված էր, որ իրեն ոչ մի վտանգի չէր ենթարկում, չէ° որ ինքը սիրահարված չէ այդ մարդուն։

3. Բոլոր երեխաները սովորաբար կարծում են, թե իբր երեխան գտնվում է մոր ստամոքսում ե հետո, դուրս է գալիս անալային անցքից։ Նրանք դեռ երկար ժամանակ չեն հասկանում, թե ինչի համար են անալային անցքն ու հեշտոցը։

4. Շատ հազվադեպ, երբ երեխաները ծնողներին տեսնում են սեռական հարաբերություն ունենալիս, տեղի ունեցածը նրանք ընկալում են որպես իսկական բռնություն, ոչ թե սիրո դրսևորում, այլ հոր դատաստանը մոր նկատմամբ։

5. Այն երեխաները, որոնք ամոթի չափազանց դաժան դասեր են ստացել կամ միայնության մեջ իրենց սեռական օրգանների հետ խաղալիս բռնվելուց հետո խստորեն պատժվել են, սկսում են թշնամաբար ընկալել այդ օրգանները՝ դրանց ինչ-որ վատ հատկություններ վերագրելով։

Դժվար չէ հասկանալ, թե նման սխալ պատկերացումներն ինչպիսի վնաս կարող են պատճառել երեխաներին, եթե թույլ տանք, որ շարունակեն զարգանալ։ Նրանք սկսում են մարդու սեռական ֆունկցիան ընկալել որպես անվայել, ագրեսիվ, սարսափելի և տագնապալի մի բան։ Ոչ մի երեխա կյանքի առաջին տարիներին այդ ամենից ինքնուրույն գլուխ հանել չի կարող։ Ընդհակառակը, միանգամայն բնական է, որ նա սխալ պատկերացում է ունենում սեռական կյանքի մասին։ Ահա թե ինչու չափազանց կարևոր է, որ նա կարողանա ազատորեն հարցեր տալ իր գլխում ծագող հարցերի մասին։

Իսկ ավելի լավ կլինի, եթե մենք ինքներս օգնենք նրան ուղղել իր կեղծ պատկերացումները։ Որքան ավելի շուտ այդպես վարվենք, այնքան նա քիչ ժամանակ կունենա անառողջ խորհրդածությունների և երազանքների համար։


Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am