Երեխաները հիմնականում առաջին բառերը սկսում են արտասանել կյանքի 9-18րդ ամիսների միջև: Այնպես, որ 2-3 տարեկան երեխաները բավականին ընդարձակ բառապաշար են ունենում:  Երեխայի խոսքի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ: 

Մեծերին ընդօրինակելու ճանապարհով երեխաները խոսել են սովորում: Որքան շատ հնչյուններ են արտասանվում երեխայի ներկայությամբ, այնքան ավելի արագ են նրանք խոսել սովորում: Մեզանից պահանջվում է երեխաների հետ խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնել բառերը: Երեխայի կյանքի 9-րդ ամսից սկսած, երբ նա նայում է առարկաներին կամ ցույց է տալիս դրանք, պետք է ավելի հաճախ տալ դրանց անունները: Երբ փոքրիկը փորձում է արտասանել տվյալ առարկայի անունը, պետք է քաջալերել նրան`ժպտալ ու գրկել նրան:  Այս ամենը կներշնչի փոքրիկին, որ ավելի լավ է տալ առարկայի անունը, քան թե մատնացույց անել այն:

Պետք է հիշել, որ փոքրիկը ընդօրինակում է մեր լեզուն, ուստի չպետք է մանկական բառեր օգտագործել:

Նաև անհրաժեշտ է ուղղել ձեր փոքրիկի արտասանած յուրաքանչյուր սխալ բառը, սակայն պետք է դա անել շատ զգուշորեն, որպեսզի փոքրիկը մեծահասակների հետ խոսելու ցանկություն ունենա:  Կարող եք բարձրաձայն, կարծես խորհրդածելով, կրկնել նրա ասածը, բայց բառերը ճիշտ արտասանեք: Այդ դեպքում երեխան կընկալի ճիշտ արտասանությունը:

Babycare.am