Երեխաների սեռական նույնացման խանգարումր բնորոշվում է գրանցված սեռին պատկանելու մշտական լարված անբավարարության, տհաճության զգացմամբ, հակառակ սեռին պատկանելու համառ ցանկությամբ կամ համոզվածությամբ։ Այս խանգարումր սկսվում է վաղ մանկական տարիքում, և ի տարբերություն տրանսսեքսուալիզմի՝ շարունակվում է մինչև սեռական հասունության սկսվելը։
Այս հազվադեպ խանգարումը չպետք է շփոթել ավելի հաճախ հանդիպող սեռադերային ընդունված վարքի ապահարմարվողականության հետ։

Ախտորոշման համար նկատի է առնվում արական կամ իգական սեռին պատկանելու զգացման խորը խանգարման առկայությունը։ Սեռադերային վարքի տրանսֆորմացիային բնորոշ հակառակ սեռի վարքային դրսևորումները՝ աղջիկների մոտ հստակ արտահայտված տղայական վարքը կամ տղաների մոտ՝ աղջկական վարքը, բավարար չեն։

Կլինիկական նկարագրությունը

Սովորաբար այս խանգարումը արտահայտվում է նախադպրոցական տարիքում։ Այս խանգարումը առավել հաճախ հայտնաբերվում է տղաների մոտ։ Նախադպրոցական հասակից սկսած և հետագայում տղաները տարվում են այնպիսի խաղերով, որոնք համարվում են աղջկական և հաճախ հագնում են աղջկա հագուստ, որը հետագայում դառնում է գերադասելի։ Տղաները կարող են ուժեղ ցանկություն ունենալ աղջիկների խաղերին և ժամանցին մասնակցելու, աղջիկ տիկնիկները հաճախ նրանց սիրելի խաղալիքներն են, խաղերում որպես խաղընկեր միշտ ընտրում են աղջիկներին։ Հասարակական հալածանքը հաճախ սկսում է ցածր դասարաններում սովորելիս և հասնում է գագաթնակետին միջին դպրոցական տարիքում՝ այլ տղաների կողմից ստորացուցիչ հեգնանքով։ Վաղ պատանեկան տարիքում կանացի բացարձակ վարքը կարող է թույլ արտահայտվել, բայց կատամնեստիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական նույնացման խանգարումներով տղաների 1/3-2/3-ի մոտ պատանեկան և ավելի ուշ տարիքում արտահայտվում է հոմոսեքսուալ կողմնորոշումը։ Համենայն դեպս շատ քչերն են հասուն տարիքում ցուցադրում տրանսսեքսուալիզմի հակումը։

Այս խանգարումը աղջիկների մոտ հազվադեպ է հանդիպում։ Աղջիկների, ինչպես և տղաների մոտ սովորաբար վաղ է սկսվում հակառակ սեռի վարքի հակումը։ Աղջիկները ընկերություն են անում տղաների հետ, ցուցադրում են անհագ հետաքրքրություն սպորտի նկատմամբ, մասնակցում են կռիվներին, չեն հետաքրքրվում տիկնիկներով և կանացի դերային խաղերով։ Աղջիկները չեն ենթարկվում հասարակական հալածանքի այնպես, ինչպես տղաները, չնայած ուշ մանկական կամ պատանեկան տարիքում նրանք էլ կարող են ենթարկվել ծաղրի։ Աղջիկների մեծամասնությունը պատանեկան տարիքին հասնելուց հետո կարողանում է հաղթահարել տղայի տեսքով երևալու կամ տղայի գործով զբաղվելու համառ ցանկությունը, բայց նրանցից ոմանց մոտ մնում է արական նույնացման հակումը, և կարող է արտահայտվել հոմոսեքսուալ կողմնորոշում։

Սեռական նույնացման խանգարումները հազվադեպ կարող են ուղեկցվել սեռին հատուկ անատոմիական կառուցվածքի մերժմամբ։ Աղջկա մոտ դա կարող է արտահայտվել պարբերաբար պնդումներով այն մասին, որ ինքն ունի կամ իր մոտ աճում է տղամարդու առնանդամ, նստած միզելուց հրաժարվելով կամ անընդհատ պնդելով, որ չի ցանկանում, որպեսզի իր մոտ աճեն կրծքագեղձերը կամ սկսվի դաշտանը։
Տղաներր պարբերաբար հաստատում են, որ երբ մեծանան՝ կդառնան կին, որ առնանդամն ու ամորձիներն անտանելի են, որ նրանք կանհետանան, և ավելի լավ կլիներ, եթե ընդհանրապես չլինեին։

Բուժումը

Բուժումր հիմնականում կանխարգելիչ է, քանի որ այս խանգարման շատ դրսևորումներ առաջանում և ամրապնդվում են սխալ պատկերացումների հիման վրա։ Լրացնելով ծնողների և ուսուցիչների տված տեղեկատվության պակասը կապված երեխայի հոգեսեռական զարգացման հետ, կարելի է կանխել սեքսուալ կոնֆլիկտների զարգացումը, հոգեսեռական զարգացման ընթացքի խանգարումները։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ