Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, թե երեխաներին խավարի ու անտեղյակության մեջ պահելով` կարելի է կառավարել այնպիսի մի բնական ու հիմնարար ֆունկցիա, ինչպիսին սեռականն է: Մենք հիանալի հասկանում ենք, որ վախն ու անտեղյակությունը կարող են հանգեցնել խնդիրների: Ահա թե ինչու է կարևոր առանց թաքցնելու ամեն ինչ բացատրել երեխաներին: Մարդու սեռական ներդաշնակությունը միայն մասամբ է կախված տղամարդու և կնոջ սե-ռական հարաբերությունների մասին նրա ունեցած տեղեկություններից: Ներդաշնակության հիմքում ընկած է այդ հարաբերությունների մասին պատկերացումն ու վերաբերմունքր դրա նկատմամբ։ Արդյոք մարդը վախ է ապրելու, տանջվելու է մեղավորության բարդույթից, տհաճությամբ է վերաբերվելու սեռական մերձեցմանր, թե հակառակր՝ հաճույք է ստանալու իր մարմնից ու դրա սեքսուալությունից։Այս ամենը կախված է ոչ թե նրանից, թե որքանով է նա տեղյակ սեռական կյանքից, այլ այդ ամենի հանդեպ իր վերաբերմունքից։ Իսկ վերջինս ձևավորվում է այն սկզբունքների հիման վրա, որոնք երեխան մեր օգնությամբ յուրացնում է զարգացման ընթացքում։

Սեռական կյանքն ինքնին բազմակողմանի բնույթ ունի։ Ճիշտ չէր լինի դիտել այն լոկ որպես մերձեցամ և սերունդ շարունակելու եղանակ։ Այդ դեպքում խնդրի հիմնական կողմն աչքաթող է արվում, և հարց է ծագում՝ կարելի՞ է հաջողված համարել այն ամուսնությունը,որտեղ սեռական մերձեցումը կատարվում է միայն երեխաներ ունենալու նպատակով։ Ընդհակառակր, պետք է միանգամայն պարզ լինի, որ սեռական կյանքն ընդգրկում է տղամարդու և կնոջ հարաբերու-թյունների բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն սեքսի ֆիզիոլոգիական դրսևորումները։ Սեռական տեսակետից նորմալ մարդը նա չէ, ով անպայման գրավիչ արտաքին ունի կամ ինքն է հեշտությամբ հրապուրվում ուրիշի գեղեցկությամբ, և ոչ էլ նա, ով սիրային արկածների հավաքածու է կազմում և, անշուշտ, առավել ևս ոչ նա, ով հեշտ ու անկաշկանդ խոսում է սեքսից, կամ, ընդհակառակը, այդ հարցը բոլորովին չի շոշափում։

Սեռական տեսակետից նորմալ մարդը նա է, ով սեռական կյանքից հաճույք է ստանում, ճիշտ այնպես, ինչպես երկրային մյուս հաճույքներից, նա, ով մռայլ, ճնշված ու ընկճված չէ, ով հասկանում է սեռական պահանջմունքի բավարարման նշանակությունը, բայց ընդունակ է նաև ավելի խոր զգացմունքի։ Այդպիսի մարդը լինի տղամարդ, թե կին, ճիշտ է ընկալում հասարակության մեջ սեռականության դերը, չի արտահայտվում այդ երևույթի դեմ և իրեն հավասարապես՝ թեև տարբեր կերպ, լավ է զգում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։

Այդ իմաստով, սեռական ներդաշնակությունը մեր ընդհանուր հոգեկան առողջության չափազանց կարևոր մասն է։ Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել, որ սեռական տեսանկյունից ներդաշնակ մարդը կարող է հոգեկան անհավասարակշռվածություն ունենալ։ Ահա թե ինչու՝ այն ամենն, ինչ մեծահասակներն անում են երեխայի հոգեկան ներդաշնակության ապահովման համար, նպաստում է նաև նրա սեռական հավասարակշռվածությանը։

Երջանիկ և խաղաղ ընտանիքում մեծացող փոքրիկն աննկատելիորեն ինքն էլ սովորում է բնականոն ընկալել սեռերի փոխհարաբերությունները, քանի որ ծնողները որոշակիորեն ցուցաբերում են դա։ Տղան ընդօրինակում է հոր առնականությունը, իսկ աղջիկը՝ մոր կանացիությունը, և այդ ամենը կատարվում է առանց հատուկ քարոզների։ Բացի այղ, ամենօրյա կյանքում իրենց ծնողներին հետևելով՝ երեխաներր սովորում են, թե ինչպես պետք է վարվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե ընտանիքում լավ մթնոլորտ է, երեխան ծնողներից մեկին նախապատվություն տալու թաքուն ցանկություն չի ունենա։

Ընտանեկան առողջ մթնոլորտը շատ ավելի է ամրապնդում սեռերի հարաբերությունների մասին նրա պատկերացումները, քան այդ խնդրին նվիրված դասախոսությունների շարքը կամ տասնյակ գրքեր։ Երեխային կարելի է ճիշտ պատկերացում տալ սեռերի փոխհարաբերությունների մասին միայն այն դեպքում, երբ մեծահասակներն իրենք այդ հարցում մոլորության մեջ չեն։ Այսինքն սեռական դաստիարակություն առաջին հերթին պետք է ունենան ծնողները և հետո միայն՝ երեխաները։ Ընտանեկան միջավայրում ձեռք բերած որոշակի կենսափորձը տեսական դատողություններով փոխարինելը, որպես կանոն, անարդյունավետ է։

Այն գիտելիքները, որ մեծերը տալիս են երեխաներին՝ սեռերի հարաբերությունների վերաբերյալ նրանց հարցերին պատասխանելիս, իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ ակնհայտ է դառնում, որ այդ հարցերի մասին խոսելիս նրանք ամաչում են և հետ երկերեսանիություն չեն անում։ Այն ամենն, ինչ նրանց ասում ենք, բնականաբար, պետք է ճշմարտություն լինի, բայց ամենակարևորն այն է, թե ծնողները երեխաների հետ ինչպես ենք խոսում այդ մասին և գործնականում ինչպես հաստատում բացահայտորեն արտահայտած տեսակետը։ Այդպիսի հետևողականություն կարող է ունենալ միայն այն մարդը, որն իրապես ընկալում է իր սեռական կյանքի բոլոր մանրամասները և դրանք նույն ճշմարտությամբ էլ բացատրում իր երեխաներին։ Այլ կերպ ասած՝ եթե սեռական դաստիարակությունն ամենից առաջ հարցի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն է, այլ ոչ թե այդ բնագավառի կոնկրետ գիտելիքների յուրացումը, ապա ակնհայտ է, որ ծնողներն ուշադրություն պետք է դարձնեն հենց հոգեբանական կողմին։ Տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին երեխաները սովորաբար սկսում են հարցեր տալ 4-6 տարեկանում։

Մի՛ խաբեք նրանց, տվե՛ք ճշգրիտ, կարճ ու ազնիվ պատասխաններ։ Եթե նրանք նույնիսկ ոչինչ չհասկանան, փույթ չէ.գոնե կտեսնեն, որ դուք ցանկանում եք բացատրել այն, ինչ իրենց հետաքրքրում է։ Վերջում պետք է ընդգծել նաև հետևյալը. մեծահասակները միայն այն դեպքում կկարողանան երեխաներին փոխանցել սեռական հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը,տեսակետն ու անհրաժեշտ տեղեկությունները, եթե առողջ ու նորմալ է այն հուզական մթնոլորտը, որտեղ նրանք մեծանում են։ Դժվար թե երեխաները հետևողական լինեն իրենց ծնողներին և ընդօրինակեն նրանց, եթե մեծահասակների հետ մշտական բախման մեջ են։ Իսկ նման բախումը (նաև բուն սեռական դաստիարակությունը) սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ երեխան սկսում է առաջին հարցերը տալ, այլ շատ ավելի վաղ՝ երբ նա դեռ նույնիսկ խոսել չգիտի։
 

Նյութը՝ Ալան Ֆրոմի ''Այբուբեն ծնողների համար'' գրքից

 
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am