Երբ բժշկուհին ձեռքն է վերցնում երբեմն անզեն աչքով դժվար երեւացող գործիքները, հիվանդի համար փոխվում է ամեն ինչ: Հանրապետության ամենահաջողած ակնաբույժներից մեկը՝ Ելենա Մալայանը, խոստովանում է. արժի օրվա մեծ մասն անցկացնել վիրահատարանում՝ միայն տեսնելու համար, թե ինչպես է փոխվում աշխարհը նորից տեսնող մարդու հայացքը: Նրա շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ, ակնաբուժության մեջ ամենաբարդերից համարվող եղջերաթաղանթի փոխպատվաստումներ: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել՝ սերը հիվանդի հանդեպ: Սա ամենակարեւոր «գործիքն» է բոլոր վիրահատությունների ընթացքում:
«Մարդիկ տարբեր են, ու բոլորին օգնելու համար պահանջվում է համբերատարություն, շատ համբերատարություն: Ոչ համբերատար մարդը բժիշկ լինել չի կարող: Ամեն ինչ կյանքում պետք է սիրելով անել, սակայն բժշկությունը պահանջում է շատ մեծ նվիրվածություն եւ շատ մեծ սեր: Առանց դրանց ոչինչ չի ստացվի: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե մարդկային վերաբերմունք հիվանդը չտեսնի՝ չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ կապը: Սա պարզապես մարդկային տեսակի հարց է»:
Ինչպե՞ս դարձավ հենց ակնաբույժ. Ելենա Մալայանն ասում է՝ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց, կարծես այլ կերպ չէր էլ կարող լինել: Նա Մալայանների բժշկական տոհմի 7-րդ ակնաբույժն է: Թիֆլիսում հայտնի պրոֆեսոր Արտաշես Մալաեւից, Հայաստանում ակնաբուժության հիմնադիր Սերգեյ Մալայանից ու հանրապետության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանից հետո նա 4-րդ սերունդն է: Ելենա Մալայանից հետո 8-րդ ակնաբույժը կլինի նրա դուստրը: Թեեւ օրդինատոր է, սակայն արդեն հասկացել է՝ ակնաբուժությունը ոչ միայն երակների մեջ է, այլեւ իր ամբողջ միտքն է կլանել:
«Հիշում եմ, որ տանը ունեինք մեծ գրադարան, որը մեզ մնացել էր դեռեւս պապիկիս հորեղբայր Արտաշես Մալաեւից: Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ ես ոչինչ չէի հասկանում բժշկությունից, շատ սիրում էի ուղղակի թերթել այդ գրքերը: Քույրս՝ Զառան, անցնում էր իմ բացած գրքերի կողքով, որոնց վրա պատկերաված էին վիրահատություններ եւ սարսափով հետ էր քաշվում, չէր պատկերացնում՝ ինչպես կարելի է դրանք նայել: Իսկ ես սիրում էի: Ինքնըստինքյան ստացվեց իմ ակնաբույժ դառնալը եւ չեմ փոշմանել: Հայրս ու մայրս բժիշկներ լինելով՝ ինձ չեն պարտադրել: Ես ինքս հասկացա, որ ակնաբուժությունն իմն է: Նույն ձեւով էլ աղջկաս չեմ ուղղորդել: Իհարկե, համոզված եմ, որ նրա ընտրությունը պայմանավորված է նաեւ պապիկի եւ իմ գործոններով: Հույս ունեմ, որ նա լավ մասնագետ է լինելու»:
Օրվա մեջ մի քանի վիրահատություններ, բժշկական նոր մեթոդների կիրառում, որոնք եզակի են նույնիսկ տարածաշրջանում. այսպիսին է մասնագիտական ուղին: Սակայն բժշկուհին վստահ է՝ ամբողջ կյանքում պետք է ձգտել համընթաց քայլել բժշկական աշխարհի նորությունների հետ: Այս լարված օրվա մեջ ինչպե՞ս է հասցնում ընտանիքին ժամանակ տրամադրել՝ խոստովանում է. դժվար է:
«Իհարկե, ընտանիքը երբեմն տուժում է, հատկապես այն ժամանակ, երբ երեխան փոքր է ու անհրաժեշտ է նրանով շատ զբաղվել, հետո տան գործերը հասցնել, կերակրել ընտանիքի անդամներին: Ինչպե՞ս է դա ինձ մոտ ստացվել, ավելի լավ է՝ հարազատներս ասեն, սակայն, ամեն դեպքում, փորձել եմ: Նաեւ ամեն ինչ արել եմ, որ տան խնդիրները չբերեմ հիվանդանոց ու հակառակը: Ցավոք, դա ոչ միշտ է ստացվում»:
Ո՞րքան վիրահատություն է արդեն այս տարիների ընթացքում կատարել՝ բժշկուհին նույնիսկ չի հիշում. դրանք բազմաթիվ են: Սակայն առաջին վիրահատությունը երբեք չի մոռանում, թեեւ դա ամենաբարդերից չէր:
«Հիշում եմ, այն էլ ինչպես եմ հիշում: Գիտեք, վիրաբուժությունը յուրաքանչյուր բժշկի համար հետաքրքիր զարգացում է ապրում: Երբ նայում ես մեծերի վիրահատելու ընթացքին ու մտքումդ ասում ես՝ հեշտ է, ուրեմն դու տեսել ես պրոֆեսիոնալ բժշկի վիրահատություն: Այսպես էր նաեւ իմ դեպքում, որովհետև սկսում էի հայրիկիս հետ: Առաջին վիրահատությունները որպես օրենք հեշտ են անցնում, միչնեւ չի գալիս առաջին բարդությունը: Հենց այդտեղ է, որ սթափվում ես, եւ կարեւոր է, որ այդ պահին բժիշկը վերլուծի, թե ինչ կատարվեց: Արյդոք կար իր կամ բուժանձնակազմի մեղքը, թե՞ այլ խնդիր էր, որը կարող է լինել ցանկացած վիրահատության ընթացքում: Իրականում նույնիսկ ամենահեշտ վիրահատությունը կարող է բարդանալ ու հակառակը, ամենաբարդը՝ անցնել շատ հեշտ: Ես շատ կարեւորում եմ, որ ցանկացած վիրահատության ընթացքում բժիշկը ճիշտ վերլուծի իր աշխատանքը»:
Նրա պապի՝ Սերգեյ Մալայանի անունը կրող բուժհաստատությունում հիմա ընտանիքի մի քանի անդամ է աշխատում: Անկեղծանում է՝ աշխատանքն այնքան շատ է, որ օրեր շարունակ կարող է միայն գործնական հարցերով մտնել բուժհաստատության տնօրեն հոր ու փոխտնօրեն քրոջ աշխատասենյակներ: Իսկ կապն այս հիվանդանոցի հետ սկսվել է վաղ մանկությունից:
«Երբ դեռ փոքր էինք, լինում էին դեպքեր, երբ խնջույքներին կամ ծննդյան օրերին հայրս հերթապահում էր, կամ շտապ դեպքով կանչում էին հիվանդանոց: Այդ ժամանակ մենք ամբողջ ընտանիքով գալիս, սպասում էինք, մինչեւ հայրիկը վիրահատությունն ավարտի: Այս հիվանդանոցն ինձ համար շատ հարազատ է նաեւ նրա համար, որ պապիկս է հիմնադրել: Այն կարծես ընտանիքի անդամ, զավակ լինի, այդ ձեւով եմ վերաբերում այս հաստատությանը»:
Ելենա Մալայանի ղեկավարած էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքում կատարվում են վիրահատություններ, որոնք ամբողջությամբ են փոխում մարդու տեսնելու հնարավորությունները: «Ակնոցով կամ չտեսնող աչքով հիվանդանոց ներս մտնող ու առանց ակնոցի այստեղից դուրս եկող հիվանդներին տեսնելու հաճույքն աշխարհում ոչ մի զգացողության հետ համեմատել հնարավոր չէ»,-ասում է բժիշկը:
«Մեր հիվանդներն ասում են՝ թող մի ձեռքս չլինի, բայց աչքի լույս ունենամ: Դա գուցե սուբյետիվ է, սակայն աչքի լույսն, իհարեկե, շատ կարեւոր է: Մենք աշխարհն 90 տոկոսով ընկալում ենք տեսողությամբ: Երբ գալիս են երկու աչքից կույր երկտասարդներ, թվում է՝ ծեր են, կորցրած հայացքով: Երբ վիրահատում ես, ու տեսողությունը վերականգնում է, միանգամից փոխվում է հայացքը, մեջքը ձգում է: Առողջ աչքերով մարդու համար հնարավոր չէ դա պատկերացնել: Ու այդ ամենը տեսնելը ոչ թե հաճելի է, այլ գերագույն հաճույք է, քանի որ տեսնում ես մարդու ուրախությունը, նրա երախտապարտ հայացքը եւ, իհարկե, մասնագիտական վստահություն ես ձեռք բերում»:
Աշխատանքի հաջողության գաղտնիքը հաջողված ակնաբույժի համար շատ դժվար բանաձեւ չէ: Պարզապես պետք է անընդհատ կատարելագործվել ու քեզանից հետո ճիշտ մասնագետներ թողնել:
«Յուրաքանչյուր կայացած բժիշկ պետք է իր հետեւից սերունդ թողնի, դա կոչվում է դպրոց: Դու հավերժ չես, սակայն եթե հետեւիցդ կան մարդիկ, որոնց դու կրթել ես, ուրեմն կա շարունակություն: Որովհետեւ առանց այդ շարունակության հնարավոր չէ: Եթե պապիկս կամ հայրս չհիմնեին այդ դպրոցը, չթողեին արժանի հետեւորդներ, հիմա հիվանդանոցը կդատարկվեր, Հայաստանի ակնաբուժությունը չէր լինի այն մակարդակին, ինչի վրա կանգնած է այսօր»:
Ե. Մալայանը պարգեւատրվել է Հայաստանում ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար: 2010թ.-ից առաջին անգամ Հայստանում կիրառել է էքսիմեր լազերի /LASIK / միջոցով կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի շտկում: