Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) իրենցից ներկայացնում են օրգանիզմի սովորական ձևն ու ֆունկցիան կորցրած բջիջներից կազմված հյուսվածքների ավելցուկային տարաճումներ։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ շարունակում են բազմանալ նաև ուռուցք առաջացնող գործոնի ազդեցությունն ընդհատելուց հետո։ Ուռուցքային բջիջնեիի տաիաճումը տեղի է ունենում հատուկ օրենքներով։ Այդ բջիջների նոր հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Ուռուցքները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և շարակցահյուսվածքային պատյանից (ստրոմա)։ Բուն հյուսվածքը կազմում է նրա հիմնական զանգվածը, որով որոշվում են ուռուցքի աճն ու բնույթը։ Շարակցահյուսվածքային պատյանի մեջ մտնում են ուռուցքները սնող արյան անոթներն ու նյարդերը։

Ուռուցքներն անվանվում են ըստ նրանց հյուսվածքային պատկանելության, «ոմաե մասնիկը, այսինքն՝ «բլաստոմաե բառի վերջավորությունը միանում է այս կամ այն հյուսվածքի անվանը, օրինակ՝ աճառային ուռուցքներ կոչվում են խոնդրոբլաստոմա կամ խոնդրոմա, թելքավոր շարակցական հյուսվածքինը՝ ֆիբրոմա, մկանային հյուսվածքինը՝ միոմա, ճարպային հյուսվածքինը՝ լիպոմա ևն։ Որոշ ուռուցքներ պահպանում են հատուկ, պատմականորեն նրանց ամրագրված անվանումները։ Օրինակ՝ շարակցական հյուսվածքի չարորակ ուռուցքն անվանում են սարկոմա, որովհետև կտրվածքի վրա նրա հյուսվածքը հիշեցնում է ձկան միս (հուն, <<սարկոսեմիս>>)։ Չարորակ էպիթելիոման անվանում են կարցինոմա (ռակ)՝ հավանաբար կապված այն բանի հետ, որ հնում բժիշկների առաջին դիտարկումները վերաբերում էին մաշկի կամ կաթնագեղձի քաղցկեղին, որը շրջապատի հյուսվածքների մեջ ներաճում է խեցգետնի չանչեր հիշեցնող թելքերով։

Շատ երկրներում, Ֆրանսիայի օրինակով, <<ռակ>> են անվանում բոլոր չարորակ ուռուցքները՝ անկախ հյուսվածքային պատկանելությունից։ Երբեմն ուռուցքները կոչում են օրգանի (օրինակ՝ հեպատոմա՝ լյարդային բջիջներից առաջացած ուռուցքներ) կամ նրա որևէ մասի (օրինակ՝ ինսուլոմա՝ ենթաստամոքսային գեղձի կղզյակների բջիջներից առաջացած ուռուցքներ, մելանոմա՝ մելանին գունակ արտադրող բջիջներից առաջացած ուռուցքներ) անունով։ Ուռուցքների ախտաբանաանատոմիական դասակարգումը հիմնվում է այս կամ այն հյուսվածքին ուռուցքների պատկանելության վրա։ Օրինակ՝ տստբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և մի շարք այլ ուռուցքներ։ Էպիթելային ուռուցքները բաժանում են գեղձային և տափակ Էպիթելից առաջացածների։ Եթե ձևաբանական հետազոտման ժամանակ երևում են գեղձային կառուցվածքներ, այն անվանում են ադենոմա (գեղձուռուցք), իսկ չարորակը՝ ադենոկարցինոմա։ Շարակցահյուսվածքային ուռուցքները, կախված հյուսվածքի տեսակից, բաժանում են ֆիբրոմայի, լիպոմայի, խոնդրոմայի և օստեոմայի։ Հատուկ խումբ են կազմում արյունաստեղծ հյուսվածքի ուռուցքները։

Ուռուցքների շարքն են դասվում նաև լեյկոզները (սպիտակարյունություն)։ Ուռուցքներ են նկարագրվել ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ՝ չնայած վերջիններիս ուռուցքներն իրենց կենսաբանական էությամբ տարբերվում են կենդանիների ուռուցքներից։ Կենդանիների տարբեր տեսակների մոտ հանդիպում են տարբեր ուռուցքներ՝ ոչ միատեսակ հաճախությամբ։ Թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) մոտ հաճախակի են յուրատեսակ սարկոմաները, որոնք օժտված են զտվածքներով միահյուսվելու հատկությամբ։ Ամենից լավ ուսումնասիրված են մարդու, ընտանի և լաբորատոր կենդանիների՝ հատկապես մկների, առնետների, համստերիկների, շների ուռուցքները։ Տարբեր կենդանիների և մարդու ուռուցքների հաճախությունը տարբեր է։ Օրինակ՝ մարդկանց (հատկապես տղամարդկանց) մոտ ավելի հաճախ են ստամոքսի, թոքերի, կերակրափողի, ուղիղ աղիքի, կանանց մոտ՝ կաթնագեղձի, արգանդի չարորակ ուռուցքները, այնինչ տնային և լաբորատոր կենդանիների ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղը խիստ հազվադեպ Է։ Առնետների մոտ, ի տարբերություն մկների, սարկոման լինում Է ավելի հաճախ, շների մոտ նկատվում են կաթնագեղձերի, որպես կանոն, բարդ կառուցվածքի ուռուցքներ։ Ուռուցքների խնդիրն ունի սոցիալական նշանակություն, դրանցից մահանում են առավելապես հասուն տարիքի մարդիկ։ Այն նաև տեսական հետաքրքրություն Է ներկայացնում, նրա արմատները հասնում են մինչև ժառանգականության և մոլեկուլային ախտաբանության ընդհանուր կենսաբանական խնդիրների բացահայտմանը։ Տարբերում են բարորակ և չարորակ ուռուցքներ։

Պատճառներ
Տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացությունը միատեսակ չէ. օրինակ՝ մաշկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է հարավում։ Այս դիտարկումները, ինչպես նաև դեմքի վրա մաշկի քաղցկեղի հաճախակի տեղադրության փաստը, հիմք են տալիս համարելու, որ բոլոր դեպքերում այն կապված է արևային, հատկապես անդրամանուշակագույն ճառագայթահարման հետ։ Դա ապացուցված է նաև փորձնականորեն։ Թոքերի քաղցկեղը բավականին հաճախ հանդիպում է Անգլիայում, բերանի խոռոչի, լեզվի և լնդերի քաղցկեղը՝ Հնդկաստանում, Պակիստանում և նրանց հարևան երկրներում, որը բացատրվում է այդ երկրներում պղպեղաբույս ծամելու վտանգավոր սովորույթով։ Ասիայի և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում շատ հաճախակի Է առնանդամի քաղցկեղը, որը պայմանավորված է թլիպանեղացում հիվանդությամբ և խորշիկային պարկում թլպաճարպի կուտակմամբ։ Այսպիսով, հիվանդացությունը (ծայրահեղ դեպքում՝քաղցկեղի մի քանի տեսակներով) որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից։

20-րդ դարում թոքերի քաղցկեղով հիվանդացության աճը բոլոր տնտեսապես զարգացած երկրներում, ամենայն հավանականությամբ, կապված է քաղցկեղածին նյութերով մթնոլորտի ադտոտվածության մեծացման հետ, որի աղբյուր կարոդ են դառնալ ջեռուցման համակարգի և արդյունաբերական ձեռնարկությունների թափոնները, հատկապես ներքին այրման շարժիչների (ավտոմեքենաներ, ավիացիա) արտանետած գազերը։ Ուռուցքների առաջացմանը նպաստում Է նաև ծխախոտի ծուխը։ Լյարդի առաջնային քաղցկեղը, որը հաճախ է հանդիպում Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի երկրներում, կապված է սնուցման խանգարումների հետ։ Ստամոքսի քաղցկեղի առաջացման մեջ սնուցման բնույթի նշանակության մասին հատկապես համոզիչ կերպով վկայում է վերջին 50 տարում ԱՄՆ-ում քաղցկեղի այդ տեսակով հիվանդացության նվազումը, որը պայմանավորված է բնակչության սննդի օրաբաժնի փոփոխությամբ և վիտամինների օգտագործման ավելացմամբ։ Այսպես կոչված՝ մարդու մասնագիտ. քաղցկեղի դեպքերի ուսումնասիրությունները նույնպես լույս սփռեցին ուռուցքների ծագման որոշ պատճառների վրա։

Տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) և ԱՊՀ-ում ուռուցքներից մահացությունը գրավում Է 2-րդ տեղը։ Սակայն տարբեր երկրներում այդ ցուցանիշները տարբեր են՝ կախված հատկապես հիվանդության ձևերի բնույթից։ Գործնականում բոլոր երկրներում, ըստ հաճախության, 1-ին տեղը գրավում Է ստամոքսի, այնուհետև թոքերի քաղցկեղը, որից հետո՝ արգանդի և կաթնագեղձի (կանանց մոտ), ապա կերակրափողի քաղցկեղը (տղամարդկանց մոտ)։ Համաճարակաբանական հետազոտություններով բացահայտվել են մարդու քաղցկեղի մի շարք պատճառներ և, մասնավորապես, պարզել որոշ քիմիական նյութերի ու ճառագայթների (օրինակ՝ անդրամանուշակագույն) նշանակությունը։ Սակայն չարորակ ուռուցքների պատճառներն ուսումնասիրելիս մեծ նշանակություն են ունեցել բազմաթիվ փորձարար, հետազոտությունները։

Փորձարարական ուռուցքաբանության հիմնադիր ռուս անասնաբույժ Մ. Նովինսկին 1876-ին 1–ինը հաջողությամբ շան ձագին պատվաստեց հասուն շան ուռուցք։ Ուռուցքների պատվաստումը պատկերացում տվեց ուռուցքային հյուսվածքի ինքնավարության (անկախության) մասին, որն ընդունակ է աճել ու զարգանալ առանձին օրգանիզմներում՝ շատ տարիների ընթացքում։ Բազմակի և երկարատև պատվաստած ուռուցքներ, որոնք անվանվում են ուռուցքային շտամներ, ուռուցքների տարբեր հատկությունների, բուժման նոր մեթոդների և նոր դեղանյութերի հետազոտման օբյեկտ են։ Ուռուցքաբանության բնագավառում լայնորեն կիրառվում են օրգանիզմից դուրս ուռուցքային հյուսվածքների և բջիջների աճեցման մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս խորացնել հետազոտությունները մոլեկուլային ախտաբանության, Էլեկտրոնային մանրադիտման և հյուսվածաքիմիայի բնագավառներում։ Փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ուռուցքներ (օրինակ՝ հավերի սարկոման, ճագարների մաշկի պապիլոման, մկների կաթնագեղձերի քաղցկեղը) կարոդ են առաջանալ վիրուսներով ախտահարվելիս։ Տեղեկություններ կան նաև ուռուցքածին վիրուսների մասին, որոնք տարբեր կենդանիների մոտ առաջացնում են տարբեր ուռուցքներ։ Սակայն քաղցկեղի ծագման ժամանակակից վիրուսային տեսության կողմնակիցներն այն վարակիչ հիվանդություն չեն համարում։

Վաղուց հաստատվել է, որ մի քանի մասնագիւոությունների բնագավառում աշխատողների մոտ կարող Է առաջանալ քաղցկեղ, որի պատճառն այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփումն է (ծխնելույզ մաքրողների մաշկի քաղցկեղը, անիլինային ներկերի արտադրությունում աշխատողների միզապարկի քաղցկեղը)։ Ոադիոակտիվ հանքատեսակներ արդյունահանողների քաղցկեղով հիվանդացության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու չարորակ ուռուցքները կարող են առաջանալ իոնացնող ճառագայթների ազդեցությունից։ Այդ մասին են վկայում ռենտգենյան սարքերը սպասարկող բժշկական և տեխնիկական անձնակազմի մոտ նախկինում հանդիպող քաղցկեղի դեպքերը։

Նշված դիտարկումները հետաքրքրություն առաջացրին բազմաթիվ փորձարարական հետազոտությունների հանդեպ, որոնց օգնությամբ ապացուցվեց, որ քիմիկական միացությունների տարբեր կարգերին պատկանող մի շարք նյութեր կարող են առաջացնել քաղցկեղ և այլ չարորակ ու բարորակ ուռուցքներ։ Դրանք անվանում են քաղցկեղածին (օնկոգեն, բլաստոմոգեն) նյութեր, որոնք կարող են ուռուցքներ առաջացնել մաշկի վրա, շնչուղիներ և մարսողական ուղիներ ընկնելիս և միզային համակարգով օրգանիզմից հեռանալիս։ Ուռուցքածին նյութերը պարունակվում են տարբեր ծխերի մեջ, արդյունաբերական թափոններում և ներքին այրման շարժիչների արտանետած գազերում (ավտոտրանսպորտ, ավիացիա և այլն)։

Շրջակա միջավայրում գտնվող քաղցկեղածին նյութերից բացի, ուռուցքներ կարող են առաջացնել նաև օրգանիզմում գոյացող (օրինակ՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով) ուռուցքածին նյութերը։ Ապացուցված է նաև, որ օրգանիզմում ուռուցքածին նյութեր կարող են առաջանալ սննդի որոշ տարրերից։ Ինչպես արտածին, այնպես էլ ներծին ուռուցքածին նյութերը կարող են անցնել ընկերքի միջով և ազդել պտղի վրա։ Սաղմնային հյուսվածքները չափազանց զգայուն են ուռուցքածին նյութերի նույնիսկ չնչին չափաքանակների նկատմամբ։ Արդյունքում համեմատաբար վաղ և մեծ թվով դեպքերում կարող են առաջանալ տարբեր ուռուցքներ։ Այդպիսի երևույթը կոչվում Է անդրընկերքային ուռուցքածնություն։ Այն ապացուցված է ոչ միայն կենդանիների վրա դրված բազմաթիվ փորձերով, այլև կլինիկական դիտարկումներով։ Այսպես, օրինակ, երիտասարդ աղջիկների ու կանանց մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում ընդունել են մեծ քանակությամբ հորմոնային պատրաստուկներ, առաջացել է սեռական օրգանների քաղցկեղ։ Ուռուցքածին նյութերը անդրընկերքային փոխանցմամբ կարելի Է բացատրել երեխաների մոտ շատ ուռուցքների ի հայտ գալը։

Ուռուցքների առաջացման ու խորացման համար կարևոր է օրգանիզմի ընդհանուր հակազդեցությունը, որը պայմանավորված է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հատկություններով։ Հայտնի են մարդու ուռուցքների մի քանի հազվադեպ ձևեր և նախաքաղցկեղային վիճակներ, որոնք կարող են փոխանցվել ժառանգաբար (ցանցաթաղանթի ուռուցք և մաշկի գունակային նախաուռուցքային ախտահարում, որը հեշտությամբ վերածվում է մաշկի քաղցկեղի)։ ժառանգ, գործոնները հիմնականում որոշում են միայն ուռուցքների հանդեպ նախատրամադրվածությունը, այսինքն՝ ուռուցքածին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի այս կամ այն հակազդեցությունը, սակայն դրանց արդյունքի իրականացման համար էական նշանակություն ունեն օրգանիզմի պաշտպանական, իմունակենսաբանական ուժերը և նրա ընդհանուր վիճակը, որը կախված է սննդից և կյանքի մյուս պայմաններից։ Այսպիսով, ուռուցքները կարող են առաջանալ տարբեր (քիմիական, ֆիզիկական, կենսաբանական) գործոնների ազդեցություններից։ Ահա թե ինչու ներկայումս գրեթե հանրաճանաչ է ուռուցքի առաջացման բազմագործոնային (պոլիէթիոլոգիական) տեսությունը։

Պաթոգենեզ
Ուռուցքների առաջացումը որևէ օրգանում կամ հյուսվածքում սկսվում է փոփոխված և փոփոխվող բջիջների ոչ մեծ խմբի ի հայտ գալով։ Ուռուցքների առաջացումն ընթանում Է աստիճանաբար՝ մի քանի փուլերով։ Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեդային։ Ուռուցքների առաջացման փուլայնությունը և չարորակության բարձրացման հնարավորությունը հանգեցրին ուռուցքի <<հարաճում>> հասկացությանը։ Հարաճման ընթացքում բարձրանում է ուռուցքների անկախությունը օրգանիզմը կարգավորող համակարգերից։
Մետաստազավորման ընթացքում տարբերում են մի քանի շրջան.
1. ուռուցքային բջիջների ներթափանցումը անոթների մեջ,
2. արյան կամ ավշի հոսքով դրանց տարածումը,
3. նոր տեղում փոխադրված բջիջների աճումը՝ ուռուցքային հանգույցի առաջացմամբ։
Թվարկած շրջաններից յուրաքանչյուրը հաջորդ փուլի առաջացման պաիտադիր պայման է, սակայն այդ անցումը միշտ չէ, որ տեղի է ունենում։ Ուստի ճյուղավորման գործընթացը կարոդ է ընդհատվել ցանկացած փուլում, իսկ մետաստազի ի հայտ գալը տվյալ գործընթացի բոլոր փուլերի իրականացման հետևանք է։ Դա վկայում է ուռուցքի առաջացման ընթացքում օրգանիզմի ընդհանուր պաշտպանական վիճակի կարևորությունը, որն ուռուցքների իմունաբանության հետազոտության առարկան է։ Ընդունված է, որ սկզբնական շրջանում քաղցկեղն ախտանշաններ չունի։ Հայտնի է, որ մեծ մասամբ քաղցկեղի սկգբնական շրջանում տանջող ցավերը, ջերմաստիճանի բարձրացումը և անհանգստություն պատճառող մյուս ախտանշանները բացակայում են։ Սակայն գրեթե միշտ հիվանդության աննշան երևույթներն առկա են, որոնք կասկածի տեղիք են տալիս։ Դրա հիման վրա ձևակերպվել է ստամոքսի քաղցկեղի համախտանիշ (փոքր ախտանշաններ) հասկացությունը, հիվանդի ինքնազգացողության վատացում, ախորժակի կայուն անբացատրելի նվազում, կերակրից բավարարվածության զգացման բացակայություն, ստամոքսի լցվածության, սրտխառնոցի զգացում, երբեմն՝ փսխումներ։ Ուժեղ ցավերը, խիստ նիհարելը և արտահայտված ընդհանուր թուլությունը վկայում են հիվանդության ուշ շրջանի մասին։

Լեյկոզների առանձին ձևերի ժամանակ արյունաստեղծ հյուսվածքի փոփոխված բջիջների տեղային տարաճումներ են նկատվում ոսկրածուծում, փայծաղում, ավշահանգույցներում, լյարդում, երիկամներում։ Այլ ձևերի ժամանակ նկատվում է «սպիտակարյունությունե, այսինքն՝ արյան մեջ փոփոխված սպիտակ մարմնիկների խիստ ավելացում։ Բարորակ ուռուցքներն աճում են միայն շրջապատող առողջ հյուսվածքները տեղաշարժելով կամ ճնշելով, չարորակները ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք։ Նման դեպքում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են ներաճել ուռուցքային բջիջներ, որոնք, այնուհետև արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են նստել տարբեր օրգաններում ու հյուսվածքներում։ Արդյունքում առաջանում են ճյուղավորումներ (մետաստազներ)՝ ուռուցքի 2-րդային հանգույցներ։ Ուռուցքները լրիվ չհեռացնելիս նորից աճում են։ Բարորակ ուռուցքները չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ։ Այդպիսի օրինակ կարող Է ծառայել գլխուղեղի բարորակ ուռուցքը, որը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր ֆունկցիաները։
Չարորակ ուռուցքի յուրաքանչյուր ձև ունի ինչպես առանձնահատուկ, այնպես էլ ուռուցքներին բնորոշ ընդհանուր ախտանշաններ։ Եթե չարորակ ուռուցքները ժամանակին չախտորոշվեն և անհրաժեշտ բուժում չստանան, ուռուցքների հարաճումը, ճյուղավորումը, կենսական կարևոր օրգանների քայքայումը, մարսողական համակարգի և շնչառական օրգանների ֆունկցիաների խանգարումները, քայքայվող և խոցոտվող հյուսվածքներից մշտական արյունահոսության հետևանքով առաջացած սակավարյունությունը և, վերջապես, ուռուցքների քայքայման նյութերով օրգանիզմի ընդհանուր թունավորումը և նյութափոխանակության խանգարումները կարոդ են հանգեցնել օրգանիզմի հյուծման։ Չարորակ ուռուցքներն ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց։ Սակայն նույնիսկ երեխաների մոտ հանդիպում են տերատոմաներ՝ սաղմնային հյուսվածքից առաջացած նորագոյացություններ, նյարդային, ավշային հյուսվածքներից գոյացած ուռուցքներ, երիկամների յուրատեսակ ուռուցքներ (Վիլմսի ուռուցքներ), անոթային տարբեր նորագոյացություններ և այլն։

Բուժում
Ուռուցքների վաղ ախտորոշմանը նպաստում են սանլուսական աշխատանքները, հիվանդության սկզբնական ախտանշաններին ծանոթացումը, ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության գիտակցումը և այլն։ Սակայն քաղցկեղի վաղ ախտորոշման խնդիրն այնքան էլ դյուրին չէ։ Այստեղ մեծ նշանակություն ունի սեփական առողջության հանդեպ հոգատարությունը։ Ուռուցքները ախտորոշում են նույն մեթոդներով, որոնք կիրառվում են մարդու մյուս հիվանդությունների ախտորոշման ժամանակ, հիվանդի հարցուփորձ, զննում, տարբեր քննություններ, հետազոտման հատուկ մեթոդներ։ Սակայն ժամանակակից բժշկագիտությունը դեռևս հնարավորություն չունի ուռուցքները ախտորոշել լաբորատոր մեկ հետազոտության հիման վրա։ Բացառություն են արյան ուռուցքային հիվանդությունները, քանի որ լեյկոզի ժամանակ արյան հետազոտությունը կարող Է որոշիչ նշանակություն ունենալ ախտորոշման համար, և արյունաստեղծ համակարգը տվյալ դեպքում համարվում է ուռուցքային գործընթացի խորացման օջախ։ Ավելի հեշտությամբ են ախտորոշվում ուռուցքների արտաքին (մաշկի, ստորին շրթունքի, կաթնագեղձի, արգանդի վզիկի) ձևերը, որոնք մատչելի են զննման և մանրադիտակային ձևաբանական հետազոտման համար նմուշ վերցնելու տեսակետից։

Ավելի դժվար է ներքին օրգանների (ստամոքս, թոքեր, ձվարաններ, հաստ ադիք, ենթաստամոքսային գեղձ և այլն) ուռուցքների վաղ ախտորոշումը։ Նման դեպքում որոշիչ նշանակություն ունեն հետազոտման հատուկ (ռենտգենաբանական, իզոտոպային, ընդերադիտական, ձևաբանական, իմունաբանական) մեթոդները։ Ստամոքսաղիքային համակարգի, թոքերի, ոսկրերի և այլ տեղադրության ուռուցքների ժամանակ հետազոտման ռենտգենաբանական, մեթոդներն առաջատար են։ Ոենտգենաբան. հատուկ մեթոդների (օրինակ՝ շերտագրություն, անոթագրություն, հակադրական նյութերի գործածում) կիրառումը բավականին մեծացնում է ուռուցքների վաղ ախտորոշման հնարավորությունը։ Լայնորեն կիրառվում են ընդերադիտական տարբեր մեթոդներ՝ ներքին օրգանների հետազոտումը հատուկ օպտիկական համակարգերի օգնությամբ, որը բժշկին հնարավորություն է տալիս աչքով տեսնել, լուսանկարել ուռուցքները և ձևաբանական հետազոտության համար նմուշ վերցնել բրոնխներից, կերակրափողից, ստամոքսից, հաստ աղիքից, միզապարկից, որովայնի և մյուս խոռոչներից։ Կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները։ Հաստատված Է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ (հատկապես ռադիոակտիվ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին և այլն) ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջների, քան բնականոն բջիջների կողմից, որը և հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերել ուռուցքները և մետաստազները։

Լյարդի առաջնային քաղցկեղի և ամորձու տերատոբլաստոմայի ժամանակ կիրառվում են իմունաբանական ախտորոշման սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնված են սաղմնային առանձնահատուկ հակածինի որոշման վրա։ Մշակվում են հաստ աղիքի, ստամոքսի, խորիոնէպիթելիոմայի իմունաբանական ախտորոշման (քաղցկեղային սաղմնային հակածինի օգնությամբ) մեթոդներ։ Սովորական լաբորատոր մեթոդները (արյան, մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություն) ուռուցքների ախտորոշման համար որոշիչ նշանակութուն չունեն։ Ախտորոշման եզրափակիչ փուլը ձևաբանական հետազոտությունն է, որն իրականացվում է մանրադիտակի տակ հյուսվածքի նմուշն ուսումնասիրելով կամ բջջաբանական մեթոդով՝ ախտահարված հատվածի լվացաջրերի կամ քերուկների մեջ ուռուցքային բջիջներն ուսումնասիրելով։ Ուռուցքների ձևաբանական կառուցվածքի առանձնահատկությունների բացահայտումը կարևոր է բուժման մեթոդի ընտրության համար։

Մինչ այժմ բնակչության մեջ լայնորեն տարածված Է քաղցկեղի անբուժելիության մասին կարծիքը։ Ուռուցքների ձևերի մեծ մասի համար դա ճիշտ չէ. Ուռուցքների արտաքին ձևերը հաջողությամբ բուժվում են, որը կապված է նրանց վաղ ախտորոշման և ժամանակին սկսած բուժման հետ։ Բուժման հնարավորությունները պայմանավորված են բժշկագիտության առաջընթացով։ Ուռուցքները բուժում են տարբեր մեթոդներով՝ կախված տեսակից, տեղադրությունից, զարգացման փուլից, հիվանդի տարիքից։ Ավելի հին և մինչ այժմ լայնորեն կիրառվող մեթոդը վիրաբուժականն է։ Չարորակ ուռուցքների վիրաբուժության հաջողությունները, վիրահատության տեխնիկայի կատարելագործման հետ մեկտեղ, կապված են ցավազրկման մեթոդների առաջընթացի, հակաբիոտիկների կիրառման, հիվանդների հետվիրահատական խնամքի կատարելագործման հետ։ Բժիշկները մշակել են ուռուցքաբանական վիրահատությունների ընդհանուր սկզբունքներ, որոնց հիմնական էությունն այն Է, որ ուռուցքի հետ մեկտեղ հարկավոր է մասամբ հեռացնել նաև այն շրջապատող առողջ հյուսվածքները և մոտակա ավշահանգույցները, որոնց մեջ մետաստազների առկայությունն ավելի հավանական է։

Վիրաբուժական միջամտությունների մեծ մասը լրացվում Է ճառագայթային և դեղորայքային բուժմամբ։ ճառագայթաբուժության դեպքում իոնացնող ճառագայթների ազդեցությունից ուռուցքային բջիջներն ավելի են տուժում, քան բնականոնները։ Կարելի Է թվարկել մի շարք չարորակ ուռուցքներ, որոնք վաղ շրջանում բացառապես բուժվում են միայն ճառագայթներով (օրինակ՝ մաշկի, ներքին շրթունքի, կոկորդի, արգանդի վզիկի քաղցկեղը և այլն)։ Ներկայումս ճառագայթային բուժումը հաջողությամբ կիրառվում Է որպես համալիր բուժման փուլերից մեկը՝ կաթնագեղձի, արգանդի վզիկի, կերակրափողի, կոկորդի քաղցկեղի, փափուկ հյուսվածքների սարկոմայի դեպքերում (վիրահատությունից առաջ կամ հետո)։ ժամանակակից ճառագայթաբուժության մեթոդները շատ բազմազան են՝ ըստ օգտագործվող ճառագայթի տեսակի, նրանց տված էներգիան ախտահարված օջա–խին հասցնելու եղանակի, կիրառվող սարքի։ Դա ուռուցքաբանության հեռանկարային և արագ զարգացող ուղղությունն է։ Հաջողությամբ մշակվում են դեղորայքային բուժման մեթոդները։ Սկզբունքորեն շատ կարևոր են չարորակ ուռուցքներով հիվանդների դեղորայքային բուժման հնարավորության ապացուցված փաստերը։ Ուռուցքաբանների հսկողության տակ կան հիվանդներ, որոնք 5-10 տարի առաջ բուժվել են միայն դեղանյութերով (օրինակ՝ ամորձու չարորակ ուռուցքի մետաստազների, արգանդի խորիոնէպիթելիոմայի, միելոմային հիվանդության, ոսկրերի որոշ ուռուցքների դեպքում և այլն)։ Դեղորայքային բուժումը պետք է իրականացնի բժիշկը՝ ուռուցքաբանական հիմնարկություններում։ Արագորեն մշակվում են չարորակ ուռուցքների իմունաբանության մեթոդները, որոնք նպատակաուղղված են հիվանդի օրգանիզմի պաշտպանական ուժերի ակտիվացմանը։

Կանխարգելում
Ուռուցքների վերաբերյալ կուտակված գիտական տվյալները հնարավորություն են տալիս առանձնացնել դրանց կանխարգելման 2 ճանապարհ`
1. առաջացման կանխում կամ առաջնային կանխարգելում,
2. խորացման կանխում կամ 2-րդային (կլինիկական) կանխարգելում։
1-ին ճանապարհը նախատեսում է մարդու վրա ազդող ուռուցքածին գործոնների վերացումը կամ նվազեցումը։ Հաստատված է, որ ուռուցքի առաջացումը կախված է ուռուցքածին ազդակի որոշակի չափաքանակից, որքան չափաքանակը փոքր է, այնքան քիչ են ուռուցքների դեպքերը։ Անիլինային ներկերի արդյունաբերության մեջ ուռուցքածին նյութերի հետ շփման նվազեցումը հանգեցնում է միզապարկի քաղցկեղով հիվանդացության նվազման։ Մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադրական գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը։ Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմիական նավթավերամշակման և մետաղագործական արդյան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմիական ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը։ Կանխարգելման 2-րդ ուղու նպատակը նախաուռուցքային փոփոխությունների ժամանակին ախտորոշումը և նախաքաղցկեղի բուժումն է։ Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին