Սակավամտությունը (օլիգոֆրենիա) իրենից ներկայացնում է, հոգեկան ոլորտի բնածին կամ կյանքի առաջին 3 տարիներին ձեռք բերած տարբեր աստիճանի թերզարգացում։ Սակավամտություն չեն համարվում գլխուղեղի հիվանդություններից առաջացած հոգեկան թերզարգացումը, առաջադիմող հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, էպիլեպսիա) հետևանքով՝ թուլամտությունը, տարբեր ֆիզիկական արատների, խոսքի, լսողության խանգարումների հետևանքով՝ հոգեկան զարգացման դանդաղումը, ինչպես նաև հյուծող հիվանդություններից հետո կամ միջավայրի, դաստիարակության և ուսուցման (այսպես կոչված՝ մանկավարժական բարձիթողության) անբարենպաստ պայմաններում ի հայտ եկած զարգացման ժամանակավոր դանդաղումները։

Պատճառներ
Հիվանդության պատճառները տարբեր են։ Սակավամտությունը կարող Է պայմանավորված լինել ժառանգական գործոններով, որոշ նյութերի, օրինակ՝ ամինաթթուների (ֆենիլկետոնամիզություն) և ածխաջրերի (գալակտոզարյունություն) փոխանակության խանգարումներով։ Երբեմն առաջանում է ներարգանդային շրջանում սաղմի և պտղի գանգա– գլխուղեղային ախտահարումների (մոր վիրուսային վարակներ, տոքսոպլազմոզ, սիֆիլիս ևն), ինչպես նաև երեխայի կյանքի 1-ին 3 տարիներին կրած տարբեր վնասակար ազդեցությունների (նորածինների ծննդաբերական վնասվածքներ, գանգա– գլխուղեղային վնասվածք) հետևանքով։

Պաթոգենեզ
Սակավամտության հիմնական ախտանշանը ճանաչողական գործունեության, վերացական մտածողության և ընդհանրացման թերզարգացումն Է։ Նկատվում են նաև հոգեկան մյուս ֆունկցիաների՝ հիշողության, ուշադրության, խոսքի, հուզակամային ոլորտի և այլ թերզարգացումներ, այսինքն՝ չի ձևավորվում անհատն ամբողջությամբ։ Հիվանդների մեծ մասի մոտ նկատվում են նաև զգայական օրգանների, շարժումների թերզարգացում, հաճախ՝ առանձին օրգանների և համակարգերի զարգացման արատներ (հասակի կասեցում, մարմնակազմվածքի անհամաչափություն, գանգի ոչ ճիշտ կառուցվածք, սեռական թերզարգացում կամ վաղաժամ զարգացում)։
Ըստ մտավոր հետամնացության աստիճանի՝ տարբերում են.
- խորը մտավոր թուլություն (ապուշություն),
- միջին (իմբեցիլություն),
- թեթև (դեբիլություն)։

Ապուշության ժամանակ մտածողությունը և խոսքը համարյա զարգացած չեն, հիվանդն արտասանում է միայն անհոդաբաշխ հնչյուններ, որպես կանոն, չի ընկալում խոսակցության իմաստը, խիստ դժվար է նրանց պայմանական ռեֆլեքսների մշակումը, իսկ հուզական դրսևորումները սահմանափակվում են բավականության կամ դժգոհության արտահայտությամբ։ Ի վիճակի չեն կատարել որևէ խելամիտ գործունեություն և ինքնասպասարկում, սովորաբար մաքրասեր չեն, անփույթ են, խնամքի և հսկողության կարիք ունեն։ Տարբերում են էրետիկական՝ գրգռվող (գերակայում է ապաարգելակումը. հիվանդներն անվերջ ճչում են, լաց լինում) և տորպիդային՝ արգելակված ապուշություն (գերակայում է արգելակումը, հիվանդներն օրվա մեծ մասը քնում են)։

Իմբեցիլների խոսքը և մտածողությունն ավելի զարգացած են, քան ապուշներինը։ Նրանք ընդունակ են կազմելու և արտասանելու ոչ բարդ նախադասություններ։ Դանդաղամիտ են, մտածողությունը խիստ պարզ է ու կոնկրետ, վերացական մտածողությունը բացակայում է: Ընդհանրացումներ և դատողություններ չեն կարողանում կատարել։ Հիշոդությունը խիստ թույլ է, ուշադիությունը՝ անկայուն։ Իմբեցիլներն ինքնուրույն կյանք չեն կարող վարել, մշտական հսկողության և խնամքի կարիք ունեն, բայց համակարգված աշխատանքով հնարավոր Է նրանց վարժեցնել ինքնասպասարկման և պարզ ֆիզիկական աշխատանքի։

Ի տարբերություն իմբեցիլների՝ դեբիլների խոսքի զարգացման մակարդակը համեմատաբար բարձր է, բայց բառապաշարն աղքատ Է։ Խոսքը տրաֆարետային բնույթ Է կրում, որը նպաստում է մեխանիկական հիշողության զարգացմանը և նմանակելուն։ Մտածողությունը կոնկրետ է, հաճախ դժվարանում են ընդհանրացումներ ու եզրակացություններ անել։ Կարոդ են ինքնուրույն կյանք վարել, արհեստ սովորել, հարմարվել շրջակա միջավայրին։ Նրանց շարժումներն աններդաշնակ են, պահվածքն ու քայլվածքը՝ անշնորհք, հաճախ ունենում են ֆիզիկական արատներ, կենտրոնական նյարդային համակարգի թերություններ։

Բուժում
Սակավամիտ բոլոր հիվանդները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։ Որոշ ձևերի ժամանակ, որոնց պատճառը ճշտված է, պետք Է կիրառել հատուկ, պատճառածագումնային (հիվանդության պատճառը վերացնող) բուժում։ Արդյունավետությունը կախված Է ժամանակին ախտորոշելուց։ Օրինակ՝ ֆենիլկետոնամիզության դեպքում նշանակվում Է ամինաթթուներից՝ ֆենիլալանինից, իսկ գալակտոզարյունության դեպքում՝ համապատասխան ածխաջրերից զուրկ սննդակարգ և այլն։ Տոքսոպլազմոզով պայմանավորված սակավամտության դեպքում նույնպես անցկացվում է բուժման հատուկ կուրս։ Բոլոր դեպքերում բուժումն ուղղված է հոգեկան զարգացման խթանմանը։ Սոցիալական պայմաններին հարմարվելու համար շատ կարևոր են նաև բժշկամանկավարժական համալիր միջոցառումները, հիվանդության ձևին համապատասխան հատուկ ուսուցում, մասնագիտական կողմնորոշում և սոցիալական աշխատանքային հարմարում։

Կանխարգելում
Սակավամտության կանխարգելումը ներառում է բժշկագենետիկական և սոցիալական համալիր միջոցառումներ՝ հղի կանանց, կերակրող մայրերին և մանկական տարիքի երեխաներին վնասվածքներից, վարակիչ և թունավարակ. հիվանդություններից պաշտպանելու համար։ Սակավամտության կանխարգելման հնարավորություններն ընդլայնվում են ծնողների և բժշկագենետիկական խորհրդատվության շնորհիվ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին