Էոզինոֆիլային գրանուլոմա: Անհայտ էթիոլոգիայի հիվանդությունների խումբ է, որոնք ուղեկցվում են նյութափոխանակության էնդոգեն խանգարումներով և հիստիոցիտներում խանգարված նյութափոխանակության արգասիքների կուտակումով։ Հիստիոցիտոզների շարքին են պատկանում Լետտերեր-Զիվեի, Խանդ-Շյուլլեր-Քրիսչենի հիվանդությունները և էոզինոֆիլային գրանուլոման։ Էթիոլոգիան և պաթոգենեզը վերջնականապես հաստատված չեն։ Որոշ հեղինակներ հիստիոցիտոզները համարում են կուտակման հիվանդություն, կապելով այն հիստիոցիտների բազմացման և խոլեսթերինային փոխանակության խանգարման հետ, այլ հեղինակներ այն գնահատում են որպես լիմֆոռետիկուլային հյուսվածքի ուռուցքներ։ Բազմաթիվ հետազոտողներ հիստիոցիտոզի բոլոր 3 ձևերը գնահատում են որպես միևնույն ախտածագման հիվանդության փոխադարձ կապված տարբերակներ։

Խանդ-Շյուլլեր-Քրիսչենի հիվանդություն (քրոնիկական համակարգային հարաճող հիստիոցիտոզ)։ Հիվանդությունը հաճախ սկսվում է 3-7 տարեկանում և բնորոշվում է ախտանիշների հետևյալ տրիադայով՝ անշաքար շատամիզություն, արտաակնություն և ոսկրային հյուսվածքի թերություններ։ Հիվանդությունը բնորոշվում է ալիքաձև ընթացքով և տևում է մեկից մինչև մի քանի տարի։ Երեխաների աճը դանդաղ է ընթանում, լինում են հյուծված։ Ոսկրերի ձևափոխությունների տեղերում լինում են ցավեր։ Ջերմության կորագիծը կապված է հիվանդության ծանրությունից։ Հիվանդների մոտ նկատվում է խիստ ծարավ։ Պարբերաբար փսխում է լինում։ Մեզի տեսակարար կշիռք ցածր է և շաքար չի հայտնաբերվում, իսկ արյան մեջ շաքարը լինում է կամ նորմայի սահմաններում կամ ցածր։ Արյան մեջ բարձրանում է քլորիդների պարունակությունը։ Հայտնաբերվում են գանգի և դեմքի ոսկրերի ուռուցքանման աճակալումներ, էկզոֆթալմ։ Ռենտգենաբանական հետազոտությամբ թոքերում հայտնաբերվում են ինտերստիցիալ ախտահարման նշաններ։ Հաճախ նկատվում է նաև լյարդի, երբեմն փայծաղի չափերի մեծացում։ Հիվանդության ախտորոշման համար, բացի բնորոշ տրիադայից, մեծ նշանակություն ունի գանգի ռենտգենաբանական հետազոտությունը, որը հայտնաբերում է հստակ ուրվագծերով կլորավուն կամ ձվաձև քայքայման օջախներ: Ոսկրածուծից ստացած պունկտատում քսանտոմային և փրփրալից բջիջներ են հայտնաբերվում։

Բուժումը։ Կիրառվում են հորմոնային դեղամիջոցներ, ճառագայթային թերապիա։ Հորմոնային բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրությունից։ Սեպտիկ բարդությունների առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ։ Նյութափոխանակության բարելավմանը նպաստում է վիտամինաթերապիան (B1, B6, B12)։ Գլյուկոկորտիկոիդային բուժումից արդյունքի բացակայության դեպքում նշանակվում են ցիտոստատիկներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին