Նկարագրություն. Ֆուրունկուլոզն իրենից ներկայացնում է հաճախ հանդիպող մաշկի թարախաբշտիկային հիվանդություն, որի ժամանակ մաշկի վրա բազմաթիվ ֆուրունկուլներ (չիբաններ) են առաջանում:

Այն կարող է լինել տեղային կամ տարածուն:, ինչպես նաև մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև օրգանիզմի ցածր դիմադրողականությունը:
Ֆուրունկուլոզը կարող է առաջանալ նաև հետևյալ դեպքերում`
- ստամոքսաբորբի,
- հաստ աղիքի բորբոքման,
- երիկամաբորբի,
- խիստ ցրտահարության,
- ջերմահարության,
- ֆիզիկական երկարատև հոգնածության,
- ֆուրունկուլի սխալ բուժման և այլն:

Պաթոգենեզ

Ֆուրունկուլոզն ընթանում է`
- սուր
- քրոնիկական
Եզակի ֆուրունկուլը կարող է առաջանալ մաշկի մազածածկ մասի ցանկացած հատվածին: Սակայն առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս պարանոցի, դեմքի և գոտկատեղի վրա: Ֆուրունկուլի առաջացումն սկսվում է ալ կարմիր 0.5-2 սմ տրամագծով ցավոտ, պինդ հանգույցի ի հայտ գալով, որը կոնաձև բարձրանում է մաշկի վրա: 3-4 օրը հանգույցի կենտրոնում գոյանում է թարախային գլխիկ: Այնուհետև ֆուրունկուլը պատռվում է, տեղում երևում է դեղնավուն, մեռուկացած հյուսվածք` ֆուրունկուլի միջուկը, որը հետագայում թարախի ու արյան հետ պոկվում է: Առաջանում է հատիկավոր հյուսվածք, որը 2-3 օր անց սկսում է ապաքինվել և ավարտվում է սպիանալով: Չբարդացած ֆուրունկուլի ընթացքը տևում է 8-10 օր: Որպես կանոն, դեմքի նույնիսկ փոքր ֆուրունկուլը ուղեկցվում է առաջադիմող տեղային բորբոքմամբ և այտուցով, ինչպես նաև ընդհանուր ծանր ընթացքով: Այդպիսի դեպքերում արյան վարակման պատճառով ելքը կարող է մահացու լինել: Սուր ֆուրունկուլի ժամանակ ֆուրունկուլներն առաջանում են միաժամանակ կամ կարճ ժամանակամիջոցում, որը հաճախ ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Այն տևում է մի քանի շաբաթ, առավելագույնը` 1-2 ամիս: Նոր ֆուրունկուլներ հազվադեպ են առաջանում, դրանց չափերը փոքր են, չեն խորանում և արագ անհետանում են: Քրոնիկական ֆուրունկուլոզի ժամանակ ամիսների ընթացքում ի հայտ են գալիս ոչ մեծ քանակությամբ մանր ֆուրունկուլներ, որոնք օրգանիզմի դիմադրողականության անկման հետևանքով ավելի են ձգձգվում:

Բուժում

Ֆուրունկուլը և ֆուրունկուլոզը բուժում է բժիշկը: Չի թույլատրվում ինքնուրույն սեղմել, ծակել կամ կտրել ֆուրունկուլի գլխիկը և տաքացնող կոմպրես դնել, քանզի դա կարող է ավելի բարդացնել հիվանդության ընթացքը:
Ֆուրունկուլոզի դեպքում արգելվում է լողանալ: Միայն բժշկի խորհրդով կարելի է լոգանք ընդունել կամ ցնցուղվել: Ֆուրունկուլի շուրջ առողջ մաշկը հարկավոր է մաքրել քափուրի կամ սալիցիլային սպիրտով: Պետք է սահմանափակել ածխաջրերի օգտագործումը և բացառել կծու կերակրատեսակները: Ցանկալի է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Խորհուրդ է տրվում օգտագործել նաև գարեջրի թարմ կամ չոր խմորիչներ: Ֆուրունկուլոզի ժամանակ պարտադիր է դրա առաջացմանը նպաստող հիմնական հիվանդությունների բուժումը:

Կանխարգելում

Ֆուրունկուլոզի կանխարգելումը ենթադրում է անձնական հիգիենայի կանոնների պահպանում, մաշկի մշտական խնամք, մանր վնասվածքների ժամանակին մշակում: Էական դեր է կատարում նաև օրգանիզմի կոփումը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին