Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական եւ գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։ Ըստ վիճակագրական տվյալների` տնտեսապես զարգացած երկրներում բնակչության 30 %-ի քաշը գերազանցում է բնականոն քաշին 20 %-ից ավելի: Ապացուցված է, որ ճարպակալված հիվանդների կյանքի տևողությունը ցածր է միջինից: Այն կրճատվում է 10-12 տարով: Ավելցուկային քաշը մեծամասամբ նկատվում է նորածին երեխաների մոտ ծնվելիս (4000 գ), իսկ կյանքի առաջին տարում հաճախ նկատվում է ճարպակալում: Ճարպակալման վտանգն առավել մեծ է աղջիկների համար, քանզի նրանց ենթամաշկային ճարպաբջջանքն ավելի արտահայտված է: Այս բոլորը վկայում են այն մասին, որ ճարպակալումը վտանգավոր է առողջության համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն պայքարել դրա դեմ:

Պատճառներ
Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդ վատնում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում:
Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է ճարպակալման: Դրան նպաստում է նաևալկոհոլային խմիչքների կանոնավոր օգտագործումը, քանզի վերջիններս բարձր կալորիականություն ունեն: Բացի այդ, որպես կանոն, ալկոհոլի օգտագործումը ուղեկցվում է շատակերությամբ: Չնայած էական նշանակություն ունեն նաև ժառանգական առանձնահատկությունները, նույնիսկ եթե ընտանիքի բոլոր անդամները գեր են, էլի կարևոր դեր է կատարում շատակեությունը: Այդպիսի ընտանիքներում երեխայի գերսնուցումը հանգեցնում է նյութափողանակության խանգարման, ինչն էլ իր հերթին ճարպակալման պատճառ է դառնում: Առանձին դեպքերում ճարպակալումը պայմանավորված է ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի գործունեության խանգարումներով, այսինքն` ճարպակալումը հիվանդության դրսևորումներից մեկն է և հատուկ բուժում է պահանջում:

Պաթոգենեզ
Հիվանդի քաշից կախված` ճարպակալումը դասակարգում են 4 աստիճանի.
1. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 10-29 %-ով,
2. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 30-49 %-ով,
3. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 50-99 %-ով,
4. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 100 և ավելի %-ով:


Ճարպակալման առաջին և երկրորդ աստիճանների հիվանդների աշխատունակությունն ու կենսական ակտիվությունը խանգարված չեն: Նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը ոսկրերի ու հոդերի վրա, հանգեցնում են հենաշարժական ապարատի փոփոխությունների, որոնք ուղեկցվում են ցավերով և որոշ հոդերի շարժունակության սահմանափակմամբ: Խիստ արտահայտված ժարպակալման դեպքում անխուսափելի են շնչառության հարաճուն խանգարումները, որոնք հանգեցնում են թոքային և սրտային անբավարարության: Հիվանդները քիչ են շարժվում և քնկոտ են: Ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ` շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն:

Բուժում
Ճարպակալաման բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի պահպանումն է: Այդ սննդակարգը խիստ անհատական է, հաշվի են առնվում հիվանդության ձևն ու փուլը, հիվանդի մասնագիտական առանձնահատկությունները, մարմնի կազմվածքը և այլն: Բնակչության շրջանում լայն տարածում գտած բազմաթիվ սննդակարգերը գիտականորեն հիվնավորված չեն, և եթե նույնիսկ հիվանդները այդ սննդակարգերի օգնությամբ նիհարում են, ապա առաջանում են նյութափոխանակության վտանգավոր խանգարումներ: Հարկ է նշել, որ օրը 1-2 անգամ սնվելը ավելի քիչ կնիհարեցնի, քան, եթե դուք սնվեք օրը 7 անգամ, բայց քիչ-քիչ: Այսպես դուք 2 անգամ ավելի շատ քաշ կկորցնեք: Բեռնաթափման օրերը (խնձորի, մածունի և այլն) կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ` պահպանելով սննդի կալորիականությունը: Քաղցաբուժությամբ նիհարելը վտանգավոր է կյանքի համար:

Ճարպակալումից ազատվելու ամենանպատակահարմար ուղին սննդակարգի ամենօրյա պահպանումն է և քաշի աստիճանաբար ու անվնաս կորուստը: Խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ օգտագործել քաղցրեղեն, հրուշակեղեն, կարագ, խոզապուխտ, կարտոֆիլ և այլն: Ցանկալի է օգտագործել ոչ յուղալի միս, անճարպ ձկնատեսակներ, ճարպազտված կաթնաշոռ, ինչպես նաև թարմ բանջարեղեն և մրգեր: Խորհուրդ է տրվում առողջարանային բուժում: Օգտակար են առավոտյան մարմնամարզությունը, լողը, ոտքով կամ հեծանվով զբոսանքները: Ֆիզիկական վարժությունների տեսակները և հաճախությունը որոշում է բժիշկը` հաշվի առնելով հիվանդի վիճակը: Դեղաբուժությունը կատարվում է խիստ ցուցումներով և միայն բժշկի նշանակմամբ: Ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր է առողջության համար և անթույլատրելի:

Կանխարգելում
Ճարպակալումը կանխելու համար հարկավոր է չափավոր սնվել: Սնունդը պետք է համապատասխանի էներգիական ծախսերին, մարդու մասնագիտությանն ու ապրելակերպին: Ցանկալի է, որ յուրաքանչյուրն ամեն առավոտ անպայման կատարի լիցքային վարժություններ: Հանգիստը պետք է լինի ակտիվ: Ճարպակալման առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է սնունդը սահմանափակել և ձգտել քաշի կայուն պահպանման: Եթե առկա է տարիքին համապատասխան քաշի նույնիսկ չնչին ավելացում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Ճարպակալումը կարող է լինել ծանր հիվանդությունների սկզբի միակ ախտանշանը, ուստի երեխայի մոտ նկատելով աճի, սեռական կամ հոգեկան զարգացման կասեցում, տեսողության վատացում, գլխացավեր և այլն, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին