Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն:
Չնայած բազմաթիվ Սենտ-Վինսենտյան դեկլարացիայի հիման վրա իրականացրած ծրագրերի նկատելի հաջողություններին, այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների մոտ ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մնում է բավականին բարձր և շարունակում է աճել:
Վերջինս պայմանավորված է նաև շաքարային դիաբետի էպիդեմիկ աճով:
Համաշխարհային մակարդակով ստացված տվյալների համաձայն, շաքարային դիաբետով հիվանդների ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մեկ ժամում կազմում է 55 մարդ:
Բարձր է նաև հետվիրահատական մահացությունը: Տարբեր երկրներում կատարված էպիդեմիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն ստորին վերջույթների ոչ տրավմատիկ բնույթի ամպուտացիաների 50-75%-ը շաքարային դիաբետով հիվանդների մոտ է:
Այս ցուցանիշները իհարկե սարսափեցնող են:
Դիաբետիկ թաթի սինդրոմը դա պերիֆերիկ նյարդային համակարգի, զարկերակային և միկրոցիրկուլյատոր արյան շրջանառության, ոսկրա-հոդային համակարգի պաթոլոգիկ փոփոխությունների ամբողջականություն է, որը հանդիսանում է խոցային և նեկրոտիկ պրոցեսների անմիջական պատճառ:
Շատ կարևոր է իրականացնել դիաբետիկ թաթի ռիսկային խմբերի սկրենինգը:
Բարձր ռիսկային խմբի մեջ են մտնում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները՝ չկարգավորված գլիկեմիկ ցուցանիշներով, որոնք ունեն պերիֆերիկ նեյրոպաթիա, մակրոանգիոպաթիա, և օստեոարթրոպաթիա:
Ռիսկային գործոններից շատ է կարևորվում պերիֆերիկ սենսոր-մոտորային նեյրոպաթիան: Պերիֆերիկ նյարդերի ախտահարման հետևանքով ոտնաթաթը զրկվում է պաշտպանական ռեակցիաներից` ջերմաստիճանի, ցավի, հպման, վիբրացիայի զգայունակությունից:
Պերիֆերիկ մոտորային նեյրոպաթիան բերում է ստորին վերջույթների մկանային տոնուսի թուլությանը և ատրոֆիային:
Առաջանում են ոտնաթաթի բիոմեխանիկական խախտումներ, աստիճանաբար հարթվում են ոտնաթաթի կամարները: Ոտնաթաթի տակ առաջանում են պլանտար (հպման) գերծանրաբեռնված օջախներ, որոնցից ձևավորվում են հիպերկերատոզներ:
Քայլքի ժամանակ նման օջախները շարունակ ենթարկվելով տրավմայի` սեղմում են փափուկ մկանային հյուսվածքները` առաջացնելով ազատ տարածություն, որն էլ լցվում է բորբոքային հեղուկով:
Ինֆեկցիայի ներթափանցումը դեպի հյուսվածք բերում է վերքային մակերեսի, հետագայում էլ խոցի առաջացման:
Ոսկրա-հոդային համակարգի փոփոխությունները զարգանում են նեյրոպաթիային զուգահեռ և ավելի վառ արտահայտվում են ոտնաթաթում :
Ոչ ինֆեկցիոն դեստրուկտիվ ամենածանր բարդություններից է Շարկոյի թաթը, կամ էլ նեյրոօստեոարթրոպաթիան, որին բնորոշ են պաթոլոգիկ կոտրվածքները և սպոնտան հոդախախտերը:
Այն ունի սուր և քրոնիկ ընթացք:
Սուր շրջանում, ոտնաթաթում ի հայտ է գալիս այտուցվածություն, կարմրություն, ջերմություն: Սակայն հիվանդը` զգայունության անկման հետևանքով, շարունակում է քայլել, որն էլ հանգեցնում է շարունակական կոտրվածքների ու դեֆորմացիաների: Կտրուկ սահմանափակվում են շարժումները, հատկապես սրունք-թաթային հոդում:
Ինչպե՞ս ավելի էֆեկտիվ կանխել դիաբետիկի թաթի հետևանքով ամպուտացիաների քանակի աճը:
Շատ երկրների երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր նշանակություն ունի դիաբետիկ թաթի ռիսկային գործոնների ժամանակին ախտորոշումը, համապատասխան բարձրակարգ օգնությունը և օրթոպեդիկ կոշիկների ու ներդիրների կրելը:
Ավելի քան 50% դեպքերում ոտնաթաթի ախտահարման պատճառ է հադիսանում կոշիկը:
Շաքարային դիաբետով հիվանդները պետք է`
-հագնեն լայն կոշիկներ
-հարմարավետ կոշիկներ
-ամուր տակացու ունեցող կոշիկներ`օրթոպեդիկ ներդիրներով:
Միայն օրթոպեդիկ ներդիրները կարող են կարգավորել ոտնաթաթի բիոմեխանիկան, հնարավորինս հանել գերծանրաբեռնվածությունը ստորին վերջույթներից, նպաստել, որպեսզի ոտնաթաթի տակ հիպերկերատոզները չվերածվեն տրոֆիկ խոցերի:
Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան շաքարային դիաբետով հիվանդները հաճախում են պոդիատրիկ կաբինետներ:
-Շաքարային դիաբետով հիվանդը պոդիատրիկ կաբինետում սովորում է ինչպես խնամել և զննել ոտնաթաթը, մշակել եղունգները, հիպերկերատոզները (մոզոլները), մաշկը և այլն:
-Մոնոֆիլամենտների միջոցով որոշվում է ոտնաթաթի տակտիլային զգայունությունը:
-Համակարգչային հետազոտությունը ցույց է տալիս ծանրության բաշխումը ոտնաթաթում ստատիկ և դինամիկ շարժման ժամանակ:
Այս հետազոտության տվյալների համաձայն պատրաստվում են անհատական օրթոպեդիկ ներդիրներ և կոշիկներ:
Վաղ ախտորոշումը և հիվանդներին կրթելը հնարավորություն է տալիս պակասեցնել ոտնաթաթի տրոֆիկ խոցերի և ամպուտացիաների քանակը:
Հեղինակ`Բժիշկ պոդիատոր Հասմիկ Աղուզումցյան
Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է Doctors.am կայքին