Ժամանակակից ստոմատոլոգիայում ատամնային իմպլանտացիան համարվում է բացակայող ատամները վերականգնելու ամենաարդյունավետ ու հարմար տարբերակներից մեկը։ Իսկ այն մասին, թե որոնք են դրա պատճառները, որքան ժամանակ Ձեզ կծառայեն իմպլանտները, ինչ հետազոտությունների կարիք կլինի նախքան տեղադրումը և այլն մեզ հետ զրույցում ներկայացրել է ստոմատոլոգ, դիմածնոտային վիրաբույժ Լիլիթ Թորոսյանը։ 

 

Ինչու՞ է ատամնային իմպլանտացիան համարվում բացակայող ատամները վերականգնելու լավագույն մեթոդներից մեկը։

Դենտալ իմպլանտները օրգանիզմի հետ համատեղելի են, փոխարինում են բացակա ատամին, վերականգնում ծամողական ֆունկցիան, ինչպես նաև վերականգնում են հարակից ոսկրային հյուսվածքի ճիշտ ծանրաբեռնվածությունը և սնուցումը, չեն վնասվում և հղկման չեն ենթարկվում հարակից ատամները։ 

Սրանք այն մի քանի պատճառներն են, որոնք հակիրճ կարելի է նշել, իրականում նրանք ավելի մեծ դեր են խաղում թե՛ ֆունկցիոնալ, թե՛  ֆիզիոլոգիական, թե՛ էսթետիկ առումով, բացի այդ կարևոր են ատամների կորստից հետո մարդու հոգեկան կայունության պահպանման տեսանկյունից։ 

Իմպլանտացիան ցավո՞տ գործընթաց է։ 

Կախված վիրահատական միջամտության ծավալից այն կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ: Ընդհանուր անզգայացման պարագայում բուժառուն քնած է լինում  և ցավային զգացողությունները բացակայում են: Տեղային անզգայացման դեպքում, եթե բժիշկի կողից կատարվել է գրագետ ցավազրկում, բուժառուն ցավ չի զգում, սակայն տակտիլ զգացողությունները և գիտակցությունը պահպանված են լինում:

Սովորաբար որքա՞ն ժամանակ են ծառայում իմպլանտները։

Քանի որ իմպլանտը տեղադրվում է ոսկրային հյուսվածքի մեջ և սերտաճում , ապա հստակ ժամկետներ չկան, քանի դեռ իմպլանտի շուրջ կա ոսկրային հյուսվածք այն  կատարելու է իր վրա դրված ֆունկցիան: Սակայն բուժառուն ևս պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և պահպանի բերանի խոռոչի անթերի հիգիենան, ինչը երկարացնում է իմպլանտի ծառայելու ժամկետը:

Կա՞ն հետազոտություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել նախքան իմպլանտացիա կատարելը։

Նախնական հետազոտությունների շարքին են պատկանում վերին և ստորին ծնոտների, ինչպես նաև հարքթային խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան, որի արդյունքում գնահատվում է առկա ոսկրային հյուսվածքի ծավալը և խտությունը, ապագա իմպլանտի ճիշտ տեղադրման և սերտաճման հնարավորությունները:

Հավելյալ հետազոտությունների շարքին են դասվում արյան ընդհանուր քննությունը, և, կախված բուժառուի ընդհանուր առողջական վիճակից, ուղղորդված ոչ պլանային հոտազոտությունները:

Հնարավո՞ր է իմպլանտատներով պրոթեզավորում իրականացնել և այդպիսով խուսափել շարժական պրոթեզներ կրելուց։

Իրականում իմպլանտները լավագույն լուծումն են շարժական պրոթեզներից հրաժարվելու և անշարժ ատամնաշար ունենալու համար: Սա հենց թիրախային այն մեծ խումբն է, որի համար ստեղծվել են դենտալ իմպլանտները: Նպատակն է վերականգնել այդ մարդկանց ծամողական ֆունկցիան և կյանքի որակը:

Կա՞ն ատամնային իմպլանտացիա կատարելու հակացուցումներ։

Առաջնայինը բերանի խոռոչի վատ հիգիենան է, երբ բուժառուն պատրաստ չէ իր վրա վերցնել բերանի խոռոչի հիգիենայի պահպանման պատասխանատվությունը: Որոշակի դեղորայքային խմբերի կիրառումը կարող է ռիսկային լինել իմպլանտների տեղադրման համար, օր.՝ բիֆոսֆոնատների կիրառումը, որը շատ տարածված է դարձել : Իհարկե, հակացուցված է ցանկացած հիվանդության սուր փուլում իմպլանտի տեղադրումը, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունների սուր փուլը: Սակայն որպես այդպիսին բացարձակ հակացուցում իմպլանտների տեղադրման համար չկա, յուրաքանչյուր հիվանդագին վիճակի ստաբիլացումից կամ առողջացումից հետո կարելի է տեղադրել իմպլանտ:

Որքա՞ն ժամանակ է պետք իմպլանտացիայից հետո վերականգնվելու համար։

Անհրաժեշտ է առնվազն 1 շաբաթ, եթե կան կտրվածքներ և կարեր: