Բոլոր այն պրեպարատները, որոնք ներկայումս կիրառվում են ուռուցքաբանության ոլորտում, բաժանվում են 2 մեծ խմբերի` հորմոնալ պրեպարատներ և քիմիոթերապևտիկ  դեղամիջոցներ (սինտետիկ և բնական  ծագման):

Քիմիոպրեպարատների էֆեկտը հիմնականում պայմանավորված է նուկլեինաթթուների  սինթեզի խանգարմամբ  ուռուցքային բջիջներում:

Կախված քիմիոպրեպարատների  ծագումից և ստրուկտուրայից, տարբերվում են 5 խումբª

1.Ալկիլացնող պրեպարատներ`որոնք կապվելով նուկլեոֆիլ կենտրոնների հետ, խանգարում են ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի սինթեզը և ուռուցքային բջիջները այդ պատճառով դառնում են անկենսունակ:

2.Հակամետաբոլիտներ`նյութեր, որոնք իրենց քիմիական կառուցվածքով մոտ են վիտամիններին և մասնակցելով վերջիններիս փոխարեն նյութափոխանա-կության պրոցեսների մեջ հանդես են գալիս բջիջների կարևոր մետաբոլիկ ռեակցիաների ինհիբիտորներ որպես: Այս խմբին են պատկանում`մետոտրեքսատը, 6-մերկապրոպուրին, 5-ֆտորուրացիլը, ցիտոզինարաբինոզիդը:

3.Հակաուռուցքային հակաբիոտիկներ (դակտինոմիցին, ռուբոմիցին, բլեոմիցին, ադրիամիցին), լայն կիրառում են գտել  հեմոբլաստոզների և սոլիդ ուռուցքների բուժման մեջ:

4.Բուսական ծագում ունեցող պրեպարատներ, ինչպիսիք են վինկրիստինը, վինբլաստինը`ճնշում են բջիջների միտոզը:

5.Այլ հակաուռուցքային պրեպարատներ`
L-ասպարագինազա, պրոկարբազին, իմիդազոլ:

Այս պրեպարատների ազդեցության մեխանիզմը դեռևս լիարժեք ճշտված չէ:
Հակաուռուցքային պրեպարատների մեծ մասը չի հաղթահարում հեմատոէնցեֆալիկ բարյերը, այդ պատճառով հաճախ կարիք է լինում որոշ պրեպարատների էնդոլյումբալ ներարկում (մետոտրեքսատ, ցիտոզար, պրեդնիզոլոն):

Ներկայումս ապացուցված է, որ առավել էֆեկտիվ է համարվում  պոլիքիմիոթերապիան, երբ բուժումը իրականցվում է մի քանի պրեպարատներով, որոնք ունեն  ազդեցության տարբեր մեխանիզմներ, ազդում են միտոզի տարբեր  ֆազաների ժամանակ:

Ցիտոստատիկների կողմնակի ազդեցությունները

Քիմիոթերապևտիկ բուժման ընթացքում դիտվում են տարբեր տիպի բարդություններ: Ազդելով ուռուցքային բջիջների  կենսունակության վրա, այս դեղորայքը ունենում է բացասական ազդեցությունը նաև նորմալ բջիջների, հյուսվածքների վրա (արյունաստեղծ համակարգ, աղիների լորձաթաղանթ, ներվային հյուսվածք):

Տարբերում են անհապաղ զարգացող կողմնակի էֆեկտներ (սրտխառնոց, փսխում), որոնք զարգանում են դեղորայքը ստանալու առաջին օրվա ընթացքում, վաղ կողմնակի էֆեկտներ, որոնք զարգանում են դեղորայքը օրգանիզմ ներմուծելու 1-ին շաբաթվա ընթացքում և ուշացած կողմնակի էֆեկտներ, որոնք զարգանում են  ավելի ուշ`դեղորայքի  կումուլյացիայի  հետևանքով:

Նշված կողմնակի էֆեկտները երբեմն լինում են այնքան արտահայտված, որ կարող են լուրջ վտանգ ներկայացնեն հիվանդի կյանքին, առաջացնելով կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների անբավարարություն: Այս դեպքում կարիք է լինում ընդհանրապես դադարեցնել քիմիոթերապիան կամ փոխարինել ցիտոստատիկների մի խումբը մի այլ խմբով, կամ էլ կատարել դոզաների ռեդուկցիա, դարձնելով այդ դոզաները ավելի տանելի տվյալ հիվանդի համար:

Քիմիոթերապևտիկ բուժման տակտիկան ընտրելով պետք է հաշվի առնել հիվանդի ընդհանուր վիճակը, երիկամների, լյարդի, սրտամկանի ֆունկցիոնալ վիճակը, նախկինում տարած հիվանդությունները, ներկայումս  ունեցած այլ զուգորդող հիվանդությունների առկայությունը: Բուժումը պետք է լինի մաքսիմալ ինտենսիվ`ստանալու համար մաքսիմալ էֆեկտ, բայց այն պետք է լինի տանելի տվյալ հիվանդի կողմից:

Այսպիսով, ծանոթացեք որոշ լայն կիրառվող պրեպարատների կողմից ամենահաճախ առաջացող բարդությունների հետ`

Վինկրիստին - նեյրոթոքսիկ այզդեցություն, պարէսթեզիաներ, ներվային համակարգի օջախային ախտահարումներ, աղիների պարեզ, երբեմն աղիների պարալիտիկ  անանցանելիություն, ալոպեցիա, ստոմատիտ, սրտխառնոց, փսխում:

Ռուբոմիցին - լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, ստոմատիտ, սրտխառնոց, փսխում, ալլոպեցիա, ալլերգիկ ռեակցիաներ, ֆլեբիտներ: Ամենահաճախ բարդությունը`կարդիոմիոպատիաներն են, ցավեր սրտի շրջանում, ռիթմի  խանգարումներ, սրտային անբավարարություն զարկերակային ճնշման անկում:

L-ասպարագինազա - մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի անկում, գլխացավեր, ալլերգիկ  արտահայտված ռեակցիաներ, մինչև անաֆիլակտիկ շոկ, լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ, ենթաստամոքսային գեղձի ախտահարում (պանկրեատոպատիա), երկարատև կիրառման դեպքում առաջանում է  ֆիբրինոգենի իջեցում և այրունահոսությունների հակում:

Ցիկլոֆոսֆան - արտահայտված սրտխառնոց, փսխում, մասնակի կամ տոտալ ալոպեցիա, գլխապտույտ, տեսողության խանգարումներ, դիզուրիկ երևույթներ, հեմատուրիա, ցավեր ոսկրերում: Ցիկլոֆոսֆանը մեծ դոզաներով առաջացնում է հեմոռայիկ ցիստիտ, քանի որ ախտահարում է միզուղիների լորձաթաղանթը: Վերջիններս պահպանելու համար ցիկլոֆոսֆանի ներարկումից որոշակի ժամանակ անց ներարկվում է նաև Մեսնա (Ուռումիտեքսան) կոչվող պրեպարատը, որը հանդիսանալով ուռոպրոտեկտոր, պաշտպանում է միզուղիները ցիկլոֆոսֆանի ախտահարումից:

Մետոտրեքսատ - սրտխառնոց, դիարեա, ստոմատիտ, բերանի լորձաթաղանթի նեկրոտիկ ախտահարումներ, մաշկի ախտահարում, ալոպեցիա, տոքսիկ հեպատիտ, երիկամների ախտահարում: Ընդհանրապես մետոտրեքսատը հակված է առաջացնել կուտակումներ ախտահարված հյուսվածքներում, այդ իսկ պատճառով այս պրեպարատի հարվածային դոզաները կարելի է նշանակել միայն օրգանիզմի պահպանված վիճակում:

Ցիտոզար - կարդիոմեգալիա, գլխացավ, ալոպեցիա, սրտխառնոց, փսխում, անոռեքսիա, դիարեա, մուկոզիտներ, միելոսուպրեսիա, տրոմբոֆլեբիտներ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40Ե C:

6-Մերկապտոպուրին - հիպերպիգմենտացիա, լուսավախություն, միելոսուպրեսիա, խոլեստազ, ունի նաև նեյրոտոքսիկ ազդեցություն: Բնականաբար, անհրաժեշտ է կանխարգելել այս բոլոր բարդությունների առաջացումը, իսկ նրանց ի հայտ գալու դեպքում ակտիվորեն բուժել դրանք: Այսպիսով ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ շատ կարևոր է նաև այսպես կոչված զուգորդող բուժումը:

Այն իր մեջ ներառում է հակափսխումային պրեպարատների լայն կիրառումը (օրինակ`էմեսեթ, ցերուկալ, զոֆրան), որոնք կիրառվում են հաբերի ձևով  սրտխառնոցի դեպքում և կամ ներերակային ներարկումների ձևով փսխումների ժամանակ:

Ցիտոստատիկների ֆոնի վրա առաջացած նեյտրոպենիան կարող է պատճառ դառնալ մի շարք  բակտերիալ բարդությունների համար, ինչպես օրինակ`օտիտ, հայմորիտ, թոքաբորբ: Այսպիսով զուգորդող բուժման ամենալայն կիրառվող դեղամիջոցներից են հակաբիոտիկները, որոնք նշանակվում են ինչպես մոնոթերապիայի, այնպես էլ տարբեր կոմբինացիաներով: Նեյտրոպենիայով հիվանդի համար չափազանց կարևոր է հակաբակտերիալ բուժման ժամանակին  նշանակումը, քանի որ այս հիվանդների մոտ շատ արագ կարող են զարգանալ սեպտիկ բարդություններ, եթե  հակաբակտերիալ բուժումը լինի ուշացած կամ ոչ ադեկվատ:

Զուգահեռ բակտերիալ բարդություններին շատ հաճախ զարգանում են նաև սնկային բարդություններ, որոնք նույնքան վտանգավոր են ուռուցքով հիվանդների համար, քանի որ սնկային սեպսիսը ամենադաժան բարդություններից մեկն է:
Հիվանդների մեծ մասը իմունոդեֆիցիտի ֆոնի վրա ունենում է բազմաթիվ վիրուսային բարդություններ, որոնցից ամենահաճախ հանդիպողը herpesվիրուսն է: Այս դեպքում լայն կիրառվում են  այնպիսի հակավիրուսային պրեպարատներ, ինչպիսին են հերպեվիրը, հերպեսինը, ացիկլովիրը:

Ցիտոստատիկների մեծ դոզայով բուժումը առաջացնում է միելոսուպրեսիաներ, այսինքն ոսկրածուծի ընկճում, որը  չափազանց վտանգավոր է այն  պատճառով, որ առաջացած նեյտրոպենիան, ինչպես արդեն նշվեց, կարող է պատճառ դառնալ սեպտիկ  բարդությունների, իսկ թրոմբոցիտրոպենիան նպաստում է հեմոռագիկ համախտանիշի առաջացմանը մինչև անգամ ուղեղային  արյունազեղումների (ինսուլտի) զարգացմանը, որոնք դառնում են հիվանդի մահվան պատճառ:
Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր թրւմբոպրետինի և գրանուլոպրետինի լայն կիրառումը, որոնք խթանում են ոսկրածուծի աշխատանքը: