Ինչու՞ պետք է լրջորեն հետևենք սոցիալական հեռավորություն պահելու կանոններին

Կորոնավիրուսի տարածումը դարձել է վերջին ամիսների ամենից շատ քննարկվող թեման: Ձեզանից յուրաքանչյուրը հավանաբար լսել է սոցիալական հեռավորության մասին` որպես նոր տեսակի կորոնավիրուսից զերծ մնալու և Ձեզ ու շրջապատին պաշտպանելու առաջնային միջոց: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ զանգվածային հավաքույթներից խուսափելով և նվազագույնը երկու մետր հեռավորություն պահելով միմյանցից` հնարավոր կլինի կանխարգելել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը: 

Վիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներից էր ուսումնական հաստատությունների աշխատանքների դադարեցումը:

Սակայն դա չպետք է ինքնանպատակ լինի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այս շրջանում ընկերական և բարեկամական խնջույքները չպետք է դառնան անհանգստությունը հաղթահարելու միջոց: Ճիշտ հակառակը` պետք է մեկուսանալ` նվազեցնելով շփման շրջանակը: Դա, իհարկե, ժամանցի լավագույն տարբերակը չէ, բայց կարևորագույն քայլ է վիրուսի բռնկումը կանխելու գործում:

Ինչպե՞ս է սոցիալական հեռավորությունը պաշտպանում Ձեզ:

Նոր տեսակի կորոնավիրուսը տարածվում է ճիշտ այնպես, ինչպես գրիպանման մյուս վիրուսները.

  • օդակաթիլային եղանակով
  • վարակված մարդու հետ սերտ շփումից` ձեռքսեղմում, համբույր
  • հպվելով այն մակերեսներին, որտեղ կարող է վիրուս լինել, այնուհետև առանց ձեռքերը լվանալու դիպչելով դեմքին, տրորելով աչքերը:

Եթե պատրաստվում եք երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել այգում, լցնել նրանց օրը խաղերով ու գրքերով, խորհուրդ ենք տալիս այդ ամենը կազմակերպել տանը` հեռու մնալով մարդաշատ վայրերից: 

Ինքնամեկուսանալը չէր կարող ժամանակն անց կացնելու լավագույն տարբերակը լինել, բայց այն վիրուսից պաշտպանվելու և տարածումը կանխելու կարևորագույն քայլ է: 

Պաշտպանել ուրիշներին

Սոցիալական հեռավորության կանոններին հետևելը պաշտպանում է ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատին: Փորձը ցույց է տալիս, որ վարակվել հնարավոր է նույնիսկ այն մարդուց, ում մոտ դեռևս վարակի որևէ արտայատված նշան չկա և չի էլ դրսևորվել, մինչդեռ նա վարակակիր է: Սա շատ կարևոր է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի խոցելի խմբերին պաշտպանելու համար: Իսկ խոցելի խմբում ընդգրկված  են 50 անց անձինք, սրտանոթային խնդիրներ, ցածր դիմադրողականություն և խրոնիկ այլ հիվանդություններ ունեցողները:


Աղբյուրը՝ Doctors.am