COVID-19. Մանկաբույժ-ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խորհուրդ է տալիս ծնողներին, թե ինչպե՞ս օգնել երեխաների իմուն համակարգին` պայքարել կորոնավիրուսի դեմ

Ծնողների կողմից տրվող հաճախ հնչող հարցերից է՝ ինչ սնունդ կամ վիտամին տալ երեխային կորոնավիրուսից խուսափելու համար։

Երեխայի իմուն համակարգը կազմված է տարբեր օրգաններից, հյուսվածքներից, բջիջներից և աշխատում է բավականին բարդ մեխանիզմով։ Հետևաբար, չկա որևէ հստակ սննդատեսակ, որի միջոցով հնարավոր լինի խուսափել վիրուսային վարակներից, այդ թվում և կորոնավիրուսից։ Իմուն համակարգը խթանելու գիտականորեն ապացուցված միակ տարբերակը պատվաստանյութի կիրառումն է։ Քանի որ դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գտնվում է փորձարկման փուլում, ներկայումս անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վիրուսակիր մարդու հետ շփումից։

Սակայն կան որոշակի միջոցառումներ որոնց միջոցով կարելի է նվազեցնել հիվանդացության ռիսկը․

  • Առողջ սնունդ, այդ թվում` բազմազան,
  • Բավարար քանակի հեղուկներ, նախընտրելի է՝ ջուր,
  • Ապահովել առողջ քուն (տարբեր տարիքներում տարբեր տևողությամբ),
  • Կրծքով կերակրում,
  • Ֆիզիկական ակտիվություն (ներկա իրավիճակում՝ տան պայմաններում),
  • Անձնական հիգիենա, ձեռքերի լվացում,
  • Խուսափել երկրորդային ծխի ազդեցությունից,
  • Պահպանել սոցիալական հեռավորություն: