COVID 19. Մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը կարևոր խորհուրդներ է տալիս, թե  այս օրերին ինչպես խնամել ձեռքի մաշկը:

  • Չի՛ կարելի հաճախակի լվացվել կոշտ օճառով: Չնայած նրան, որ այդ օճառները մաքրում են մաշկը ցանկացած մանրէից, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ վնասում են բնական պաշտպանիչ շերտը, որն իր հերթին պաշտպանում է մեզ մանրէներից:Մենք պետք է կոմպեսացնենք ալկոհոլ պարունակող հականեխիչների ու օճառի կիրառման հետևանքով ձեռքերի մաշկին հասցված վնասը: Սակայն դրա համար պետք չէ դադարել նման նյութերի և օճառների կիրառումը, այլ պարզապես պետք է լվացվելուց հետո խոնավ մաշկի վրա քսել խոնավացնող քսուքներ:

Լվացվելու ճիշտ տեխնիկային չհետևելը նույնպես վնասում է:

  • Շատ տաք ջրով լվացվելը, որպես համոզմունք, որ մանրէները միայն այդ դեպքում կմաքրվեն մեր մաշկից, առավել հաճախ կատարվող սխալներից է: Տաք՝ ոչ եռման, ջուրը բավարար ձևով օգնում է օճառին մաքրել մաշկը մանրէներից, առանց մաշկը վնասելու: Կարևոր է 20 վայրկյան օճառով մշակել մաշկը: Սակայն երբեմն մենք գերազանցում ենք նշվածը և վնասում ինքներս մեզ:

Ալկոգելերի կիրառումը շատ կարևոր է, սակայն պետք է հիշել, որ ձեռքերն ալկոգելով հաճախակի մշակելու արդյունքում կարող են զարգանալ ձեռքի մաշկի տարաբնույթ ախտահարումներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը ձեռքի մաշկի չորությունն է: Չորության դեմ պայքարելու ամենարդյունավետ միջոցը խոնավեցնող քսուկների օգտագործումն է:

  • Խոնավացնողներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ հանքային յուղեր կամ վազելին պարունակողներին: Սոց. ցանցերում հաճախ շահարկվում է սխալ կարծիք, որ խոնավացնողներից հետո մաշկը կրկին դառնում է ընկալունակ մանրէների նկատմամբ, սակայն դա այդպես չէ՝ խոնավացնող կիրառելով չենք ավելացնում մանրէների քանակը:
  • Կարևոր է չորացնել ձեռքերը թղթյա անձեռոցիկներով, այլ ոչ թե փչող սարքերի միջոցով: 2018թ.-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ փչող սարքերը մոտ 190 անգամ ավելի շատ են նպաստում վիրուսների տարածմանը:

Չափազանց դժվար է նաև հետևել դեմքին չդիպչելու խորհրդին, քանի որ մարդիկ հակված են դեպքին դիպչել, երբ լարված են: Ինքնուրույն ոչ ոք չի կարող դադարեցնել դեմքին դիպչելը: Պետք է դիմել ընկերների և հարազատների օգնությանը և երկկողմանի հետևել այդ սովորությանը։ Հնարավոր է նման մոտեցման դեպքում նվազի դեմքին դիպչելու քանակությունը:

Եղե՛ք առողջ...