COVID-19. Շատ կարևոր հորդոր-զգուշացում՝ ակնաբույժ Լիլիթ Ոսկանյանից. գուցե այս մասին շատերդ չգիտեք:

Որպես ակնաբույժ կարևոր եմ համարում տեղեկացնել, որ կորոնավիրուսը արտահայտվում է նաև լորձաթաղանթի բորբոքման նշաններով, այսպես կոչված` կոնյուկտիվիտի ախտանշաններով. այն գրեթե չի տարբերվում սովորական վիրուսային և բակտերիալ կոնյուկտիվիտներից։ Սա շատ հաճախ կարող է դառնալ կորոնավիրուսի ախտորոշման առաջնային օղակը:

Կարևոր է իմանալ

Կորոնավիրուսը ևս կարող է փոխանցվել լորձաթաղանթի միջոցով, հատկապես՝ աչքի լորձաթաղանթի միջոցով, որն այդքան էլ պաշտպանված չէ արտաքին աշխարհից. պետք է շատ զգույշ լինել աչքերին ձեռք տալուց։
Անգամ այն դեպքում, երբ աչքում ախտանշաններ չկան` չկա արտադրություն, կարմրություն, միևնույն է, հարուցիչը կարող է լինել օրգանիզմում և չարտահայտվել:

Բժշկական ձեռնոցներ կրելը օգտակար է, քանի որ երբ մարդ ցանկանում է տրորել աչքերը, ձեռնոցի առկայությունը հետ է պահում։
Ինչպես գիտենք, կորոնավիրուսը, լինելով բավականին կոնտագիոս` վարակիչ, միևնույն ժամանակ հեշտ է քայքայվում։ Եթե սպիրտով (շատ ավելի լավ կլինի՝ քլորամինի լուծույթով) ձեռքերը մշակվեն, ապա վիրուսի վնասումը շատ ավելի արագ տեղի կունենա:

  • Աշխատեք աչքերին ձեռք չտալ, ձեռնոց կրեք: Եթե այնուամենայնիվ ստիպված եք աչքերին ձեռք տալ, ապա հետո կես րոպե ձեռքերը լվացեք օճառով։
  • Եթե աչքին կաթիլներ եք կաթացնում, կրկին ձեռքերը պետք է կես րոպե լվանալ օճառով, հետո մաքրել սպիրտով կամ քլորամինի լուծույթով։
  • Աչքի կաթիլներ կաթեցնելուց հետո կրկին լվացեք ձեռքերը, որովհետև չեք կարող վստահ լինել, որ ձեր օրգանիզմում հարուցիչ չկա։