Ամեն կին ունի իրեն հատուկ ցավի շեմ, ցանկալի է, որ ծննդաբերեք առանց ցավազրկման, սակայն կարող եք դիմել նաև ցավազրկման օգնության: Քննարկեք ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ, թե ինչպիսի ցավազրկման մեթոդներ են կիրառվում տվյալ ծննդատանը: Հնարավոր է, որ դուք ընդհանրապես հրաժարվեք դրանցից, բայց ավելի լավ կլինի նախօրոք պայմանավորվել, քանի որ դժվար է կանխատեսել, թե ինչպես դուք ձեզ կպահեք ծննդաբերության ժամանակ:
Հատուկ ցավային հատվածների (սրբոսկրի շրջան, որովայնի առաջնային պատ) մերսումը նպաստում է էնդորֆինների քանակի բարձրացմանը արյան մեջ: Էնդորֆինները օրգանիզմում արտադրվող նյութեր են, որոնք ցավազրկող հատկություններ ունեն: Ներկայումս ցավազրկման նպատակով կիրառվում են տարբեր դեղանյութեր՝ պրոմեդոլ, էնտոնոքս, պեդիտին, ինչպես նաև՝ էպիդուրալ ցավազրկում:

Էնտոդոքս: Սա գազային խառնուրդ է, որը ծննդաբերը ներշնչում է ամեն կծկանքից առաջ: ցավը նվազում է ուղեղի ցավային կենտրոնների ընկճման շնորհիվ: Ազդեցությունը պահպանվում է 30 վրկ ընթացքում: Հարկավոր է նշել, որ որոշ կանանց մոտ նյութը առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ, բայց դա չի անդրադառնում երեխայի վրա:

Պեդիտին: Սա ցավազրկող նյութ է՝ մորֆինի ածանցյալն է, որը ցավազրկման հետ մեկտեղ օգնում է կնոջը թուլանալ: Դեղամիջոցը ներարկվում է միջմկանային եղանակով: Ազդեցությունը սկսվում է 20 րոպե հետո և տևում է 4 ժամ: Կարող է առաջացնել որոշ սրտխառնոց և քնկոտություն: Շատ կանայք նախընտրում են պեդիտինը, քանի որ կարող են ննջել կծկանքների միջև և վերականգնել ուժերը: Նույնպիսի ազդեցություն ունի պրոմեդոլը:

Էպիդուրալ անզգայացում: Այս դեպքում դեղանյութը ներարկելուց հետո առաջանում է մարմնի ստորին մասում զգացողության լրիվ կորուստ: Քանի որ ծննդաբերը ոչինչ չի զգում, պետք է հետևել մանկաբարձուհու հրահանգներին, թե երբ է հարկավոր ճիգեր գործադրել, իսկ երբ՝ խորը շնչել: Ցավազրկող նյութը ներարկելու համար տեղային անզգայացման տակ ողերի միջև դրվում է բարակ ձողիկ, որի միջոցով ներմուծվում է ցավազրկող նյութը: Էպիդուրալ անզգայացումը ազդում է ներարկումից 20 րոպե անց, իսկ ազդեցության տևողությունը 2-4 ժամ է: 



Նյութի աղբյուրը՝ Doctors.am