Ակնեն խնդիր է, որը գոնե մեկ անգամ անհանգստացրել է գրեթե բոլորիս: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ այն շարունակական բնույթ է կրում՝ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա: Կարևոր է իմանալ, որ ակնեն պարզապես էսթետիկ խնդիր չէ, այն օրգանիզմում եղած այլ գործընթացների խանգարման արտաքին դրսևորումն է:

Ի՞նչ է ակնեն 

Ակնեն մաշկի հիվանդություն է, որն առաջանում է ճարպագեղձերի խցանման և թարախային բորբոքման հետևանքով: Այս խնդիրն ուղեկցվում է  մաշկի գերճարպարտադրությամբ և մաշկի վրա առաջացած սև կետիկների, կարմիր թարախաբշտերի, սպիների և հետքերի տեսքով: Հիմնականում այն արտահայտվում է դեմքի վրա, առավել քիչ՝ պարանոցի, կրծքավանդակի, մեջքի, ուսերի հատվածում:  Սովորաբար ակնեի առաջացումը  սկսվում է սեռահասունացման փուլում՝ 10-ից 13 տարեկանում: Եթե հետագա բարդացումներ չեն լինում, ապա այն ամենայն հավանականությամբ անցնում է 20 տարեկանից հետո: Ակնեն խնդիր է, որը  հանդիպում է երկու սեռերի մոտ էլ, սակայն առավել բարդ դեպքերը առնչվում են դեռահաս տղաներին: Կանանց պարագայում ավելի շատ հանդիպում է թեթև և միջին ծանրության ակնե 30 տարեկանում և դրանից հետո: 

Որո՞նք են ակնեի առաջացման պատճառները 

Տարածված կարծիք կա, որ ակնեի առաջացման հիմնական պատճառը վնասակար սնունդն է և հիգիենայի կանոններին չհետևելը: Սակայն պարզում է, որ այս խնդրի առաջացման հիմքում ժառանգականությունը և հորմոններն են:  Ուստի որոշակի սննդատեսակներից հրաժարվելը կամ դեմքի մաշկը օրական տասն անգամ մաքրելը, ցավոք, չեն կարող ազդել ժառանգական նախատրամադրվածության վրա: 

Վաղուց հայտնի է, որ ակնեի առաջացումը անմիջական կապ ունի  հորմոնալ անհավասարակշռության հետ: Ամենևին էլ պատահական չէ, որ այն սկսում է առաջանալ հենց դեռահասության շրջանում: Կյանքի այդ փուլում և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ սկսվում է անդրոգենների (տղամարդու սեռական հորմոններ) մեծ քանակությամբ արտադրումը, որոնք պարունակում են տեստոստերոն: Վերջինս ազդանշան է տալիս օրգանիզմին ավելի մեծ քանակությամբ ճարպ արտադրել: Ճարպագեղձերի գերֆունկցիայի հետևանքով էլ ի հայտ է գալիս ակնեն:

Ակնեի առաջացումը  կապվում է նաև հիպոֆիզի, գլխուղեղի կեղևի, մակերիկամների և վահանաձև գեղձի հորմոնալ հավաշարակշռության խախտման հետ:   Հենց այս պատճառով ակնե ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում այցելել ոչ միայն մաշկաբանի, այլ նաև էնդոկրինոլոգի: 

Կանանց շրջանում այս խնդրի ի հայտ գալը կապված է նաև դաշտանի, որոշ հակաբեղմնավորիչների ընդունման կամ դրանց ընդունումը դադարեցնելու հետ:  Իհարկե, չի կարելի մոռանալ նաև սթրեսի մասին, որը ևս կարող է նպաստել ակնեի առաջացմանը: Պատճառն այն է, որ սթրեսի ժամանակ մակերիկամներն ավելի մեծ քանակությամբ անդրոգեններ են արտադրում, ինչը նպաստում է ճարպագեղձերի գերֆունկցիային և իմունիտետի անկմանը: Այս ամենը ակնեի զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում:

Այլ հանդիպող պատճառներից են նաև շոգի և խոնավ կլիմայի ազդեցությունը, արևային ճառագայթումը, հաճախ սոլյարի այցելելը, դեմքի մաշկը չափազանց շատ մաքրելը, որոշ դեղամիջոցների կողմնակի հետևանքները և այլն: 

Ինչպե՞ս է բուժվում ակնեն 

Առաջին բանը, որ կարելի է խորհուրդ տալ ակնե ունեցող մարդկանց, մաշկաբանի դիմելն է, որն էլ իր հերթին կուղղորդի այլ մասնագետների մոտ, քանի որ ինչպես նշեցինք ակնեն պարզապես մաշկային խնդիր չէ, այլ օրգանիզմում եղած այլ խնդիրների արտացոլումն է: Ուստի շատ կարևոր է բուժել ոչ թե հետևանքը, այլ հասկանալ, թե որն է պատճառը՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:  Ակնեից ազատվելու ընթացքը կարող է ներառել և՛ դեղորայքային բուժում, և՛ որոշակի պրոցեդուրաների իրականացում:

Բուժումը նպատակ ունի ճնշել ճարպագեղձերի գերֆունկցիան, խոչընդոտել բակտերիաների աճը, կարգավորել հորմոնալ դաշտը:  Դեղորայքային բուժումից բացի կարող է իրականացվել ֆոտոթերապիա, միկրոհոսանքային թերապիա, ուլտրաձայնային մաքրում, քիմիական պիլինգներ և այլ պրոցեդուրաներ:  Կարևոր է նաև հենց Ձեր մաշկի տիպին համապատասխան խնամք իրականացնելը, որի հարցում Ձեզ կօգնեն բուժող բժշկի ցուցումները:  Իհարկե, ինչպես ցանկացած առողջական խնդրի, այնպես էլ ակնեի պարագայում բուժումը պետք է լինի համակարգային, իսկ բուժառուն պետք է հետևի առողջ ապրելակերպին և բացառի ինքնաբուժությամբ զբաղվելը: