Կրծքով կերակրման կարևորության, առանձնահատկությունների և կաթնարտադրության մասին է Doctors.am-ին պատմել գինեկոլոգ  Անահիտ Սիրունյանը:

Կրծքով կերակրելու մասին հաճախ հարցեր են տալիս հղիները, ծննդաբերած կանայք, երբեմն նաև երեխայի առողջ սնման հարցերով մտահոգ ու անմասն չմնալու առողջ ձգտումով հայրիկները։ Փորձեմ հակիրճ տեղեկություն տալ այս հարցի շուրջ, որի նպատակը նրանց տարաբնույթ կարծիքների, մոտեցումների, կերակրման այս կամ այն մեթոդի նախընտրելիության և այլնի մեջ կողմնորոշելն է։

Առաջին և հիմնական գաղափար՝ առողջ նորածինը պետք է կերակրվի մայրական կաթով։

Կրծքի ձևը, ծավալը տարբեր կանանց մոտ տարբեր է և պայմանավորված է ժառանգականությամբ, սակայն բոլոր կանանց կաթնարտադրող գեղձային հյուսվածքը մոտավորապես նույն քանակի է։

Կաթնարդադրությունը ապահովվում է մոր հորմոնների շնորհիվ, և նորմայում կաթի քանակը ավելին է, քան կբավարարեր նորածնին, երկվորյակներին։ Այս պարզ թվացող երևույթն ապահովում են որոշ հորմոնալ-ռեֆլեկտոր պրոցեսներ, մասնավորապես, պռոլակտինային, օքսիտոցինային ռեֆլեքսները:

 Հիմնական մի քանի դրույթներ, որ պետք է իմանալ կաթնարտադրության և կերակրման մասին.

1. Որքան շատ է երեխան կաթ ծծում, այնքան խթանվում է կաթնարդադրությունը և հակառակը:

2. Դրական հույզերը շատ կարևոր են, նպաստում են կաթնարտադրությանը և դեպի պտուկ կաթնամղմանը:

3. Երեխան պետք է կերակրվի այն ժամանակ, երբ ուզում է՝ առանց ժամանակացույցերի և այլ ռեժիմների:

4. Կերակումը տևում է 20-30 րոպե և ոչ թե 5 կամ քիչ ավելի:

5. Կերկրելիս կինը պետք է փոխի կուրծքը. այն կուրծքը, որը երեխան չի ծծում, կաթ չի արտադրում:

6. Քանի որ կրծքից և ծծակով շշից կաթ ծծելու մեխանիզմները տարբեր են, ապա պետք է խուսափել կերակրման այս երկու տեսակների հաճախակի փոխարինումներից:

7. Կրծքով սնվող երեխան ավելի հաճախակի պետք է կերակրվի, քանի որ մայրական կաթը ավելի դյուրամարս է, քան արհեստական, և երեխան ավելի շուտ է սովածանում (կարող է կերակրվել 6-12 անգամ):

8. Առաջին 6 ամիսների ընթացքում երեխային ջուր տալու անհրաժեշտություն չկա (շոգ ժամանակ ավելի հաճախակի կարելի է կերակրել):

9. Խիստ կարևոր է կրծքի (պտկի) հիգիենան և խնամքը։ Սա պարտադիր է մի շարք բարդություններից խուսափելու համար։
 


Աղբյուրը՝ Doctors.am