Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անցնում է
ինքնաճանաչման ճանապարհով։ Սակայն այս ճանապարհն ավելի դժվար է դառնում, երբ մենք ապրում ենք հասարակության սպասումների համաձայն՝ փորձելով համապատասխանել «ճիշտ» կամ
«ընդունելի» կերպարին։


Մենք հաճախ կրում ենք տարբեր դիմակներ՝ ընտանիքում, աշխատանքի վայրում, ընկերների հետ, բայց ինչպե՞ս գտնել մեր իսկական «ես»-ը, երբ այն մշտապես ձևափոխվում է արտաքին ազդեցությունների ներքո։

Դիմակների սինդրոմը
Մարդիկ կրում են դիմակներ տարբեր պատճառներով։

  • Ընտանիքի սպասումները․ ծնողները կարող են ակնկալել, որ իրենց երեխան պետք է լինի «լավ երեխա», «հաջողակ մարդ», ինչը երբեմն ստիպում է անձին թաքցնել իր իրական ձգտումները։
  • Հասարակության կանոնները․ հաճախ մարդը ճնշում է իր էմոցիաներն ու ցանկությունները, որպեսզի համապատասխան տեսք ունենա։
  • Անձնական վախերը․ մենք կարող ենք վախենալ մերժումից, քննադատությունից կամ չհասկացված լինելուց, ուստի ներկայացնում ենք մի «ես», որը մեզ պաշտպանում է ցավից։


Իրական «ես»-ի փնտրտուքը
Ինչպե՞ս հասկանալ, թե որն է մեր իրական «ես»-ը առանց դիմակների։
Ահա մի քանի առանցքային հարց, որոնք կարող են օգնել․

  • Ի՞նչն է ինձ իսկապես ուրախացնում, անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները։
  • Ի՞նչ կընտրեի անել, եթե ոչ ոք ինձ չդատեր։
  • Ո՞ր պահին եմ ինձ հանգիստ ու անկեղծ զգում։


Երբ դիմակները դառնում են կալանք
Մարդն ամբողջությամբ միաձուլվում է իր սոցիալական դիմակներին, նա կարող է զգալ ներքին դատարկություն կամ խզվածություն իր «ես»-ի հետ։ Սա կարող է հանգեցնել անհատական ճգնաժամի, դեպրեսիայի
կամ ինքնության կորուստի զգացողության։

Ինչպե՞ս հաղթահարել դիմակների ազդեցությունը և վերագտնել իրական «ես»-ը։
Ինքնաճանաչման և ինքնադիտարկման զարգացում․ ինքնաճանաչումն սկսվում է մեր
վարքի և զգացմունքների գիտակցումից։ Կարևոր է հետևել սեփական հույզերին, որոշումներին ու ռեակցիաներին՝ հասկանալու համար, թե որոնք են մեր իսկական
ցանկությունները, և որոնք՝ սոցիալական ճնշման արդյունք։

Քայլ 1
Ամեն օր գոնե մի քանի րոպե անցկացրու ինքնաճանաչման համար ինքդ քեզ հարցեր տալով՝ ինչո՞ւ եմ այսպես արձագանքում այս կամ այն իրավիճակին, իրականում ի՞նչ եմ զգում, և ինչո՞ւ եմ որոշ բաներ թաքցնում ինձնից կամ շրջապատից։

Սոցիալական կարծիքից անկախություն
Մարդիկ հաճախ կառչում են ուրիշների կարծիքից, որովհետև դա ապահովության զգացողություն է տալիս։ Բայց երբ մենք սովորում ենք գնահատել ինքներս մեզ՝ առանց
արտաքին հաստատման, մեր ինքնության զգացումը դառնում է ավելի ամուր։

Քայլ 2
Փորձիր որոշումներ կայացնել՝ հիմնվելով միայն քո արժեքների ու ցանկությունների վրա։
Հիշի՛ր՝ ուրիշների կարծիքը անցողիկ է, իսկ քո ինքնությունը՝ մնայուն։

Ճշմարիտ հույզերի ընդունում և արտահայտում։
Երբ մարդիկ ճնշում են իրենց իրական զգացմունքները, դրանք կարող են վերածվել ներքին լարվածության կամ հոգեբանական անհավասարակշռության։ Իրական «ես»-ը ճանաչելու համար անհրաժեշտ է ընդունել ու արտահայտել սեփական հույզերը։

Քայլ 3
Սովորի՛ր արտահայտել զգացմունքներդ առանց վախենալու քննադատությունից։ Կարող ես դա անել օրագիր գրելով, արվեստով, կամ պարզապես վստահ մարդկանց հետ անկեղծ խոսելով։

Կեղծավոր հարաբերություններից խուսափում
Երբ մարդը շրջապատված է հարաբերություններով, որտեղ նա ստիպված է «դերեր» խաղալ, նա կորցնում է կապը իր իսկական «ես»-ի հետ։ Իսկական ինքնությունը չի կարող զարգանալ այն միջավայրում, որտեղ այն չի ընդունվում։

Քայլ 4
Վերանայի՛ր քո հարաբերությունները․ արդյո՞ք դրանք քեզ ստիպում են ինչ-որ կերպ ձևանալ։ Եթե այո, գուցե պետք է նվազեցնել այդ մարդկանց ազդեցությունը կամ գտնել այնպիսի միջավայր, որտեղ կարող ես ինքնաարտահայտվել ինչպես, որ կաս։

Կեղծված «ես»-ից հրաժարվելու պրակտիկա
Երբ մարդը երկար ժամանակ կրում է դիմակներ, դրանք դառնում են նրա երկրորդ բնավորությունը։ Դրանցից հրաժարվելու համար կարևոր է փուլ առ փուլ դուրս գալ հարմարավետության գոտուց։

Քայլ 5
Ամեն օր փորձիր անել մի փոքր բան, որը համապատասխանում է քո իսկական «ես»-ին․ օրինակ՝ ասա՛ իրական կարծիքդ, փոխի՛ր ոճդ այնպես, ինչպես դու ես ուզում, արա՛ մի բան, որը քեզ բնորոշ է, ոչ թե հասարակության թելադրանքն է։