Քնի որակը կարևոր դեր է խաղում մեր ընդհանուր առողջության մեջ, սակայն քնելու դիրքը ևս մեծ ազդեցություն ունի, քանի որ օգնում է նվազեցնել մեջքի և պարանոցի ցավերը, խուսափել խռմփոցից և բարելավել շնչառությունը: Յուրաքանչյուր դիրք ունի իր առավելություններն ու թերությունները, իսկ ընտրությունը կախված է անհատական կարիքներից:

Մեջքի վրա քնելը լավագույն դիրքը ողնաշարի առողջության համար

Մեջքի վրա քնելը համարվում է լավագույն դիրքերից մեկը, քանի որ այս դեպքում մարմնի քաշը հավասարաչափ է բաշխվում և պահպանվում է ողնաշարի բնական կորությունը:

Առավելություններ

  • Նվազեցնում է մեջքի և պարանոցի ցավերը,
  • Կանխում  է մաշկի վաղաժամ ծերացումը, քանի որ դեմքը չի շփվում բարձի հետ,
  •  Կարող է օգնել նվազեցնել այրոցի զգացումը։

Ինչպես բարելավել այս դիրքը

  • Տեղադրեք բարձ ծնկների տակ՝ ողնաշարի ճիշտ կորությունը պահպանելու համար
  • Խուսափեք չափազանց մեծ բարձերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել պարանոցի հատվածում։

Այս դիրքը հարմար է նրանց համար, ովքեր ունեն ողնաշարի խնդիրներ կամ հաճախ են զգում պարանոցի ցավեր: Սակայն այն կարող է վատթարացնել քնի ապնոէն (շնչառության դադարները քնի ժամանակ), ուստի ապնոէ ունեցողներին խորհուրդ է տրվում քնել կողքի վրա:

Կողքի վրա քնելը լավագույն ընտրությունը շնչառական խնդիրների և հղիության ժամանակ

Կողքի վրա քնելը ամենատարածված դիրքերից մեկն է և ունի մի շարք առավելություններ:

Առավելություններ

  • Նվազեցնում է խռմփոցը և բարելավում է շնչառությունը,
  • Հարմար է հղի կանանց համար։

Ինչպես բարելավել այս դիրքը

  • Տեղադրեք բարձ ծնկների միջև, որպեսզի ողնաշարը ճիշտ դիրքում մնա,
  • Խուսափեք կզակը կրծքավանդակին շատ մոտեցնելուց, քանի որ դա կարող է լարվածություն առաջացնել պարանոցում

Ձախ կողմի վրա քնելը համարվում է ավելի օգտակար, քանի որ այն բարելավում է արյան շրջանառությունը;

Փորի վրա քնելը ամենավատ տարբերակը պարանոցի համար

Չնայած որոշ մարդիկ նախընտրում են այս դիրքը, այն խորհուրդ չի տրվում, քանի որ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Թերություններ

  • Պարանոցը շրջված է լինում մի կողմի վրա, ինչը կարող է ցավեր առաջացնել,
  • Մեջքի ստորին հատվածը ենթարկվում է մեծ ճնշման, ինչը կարող է ցավի պատճառ դառնալ,
  • Կարող է վատթարացնել մաշկի վիճակը, քանի որ դեմքը մշտական շփման մեջ է բարձի հետ։

Ինչպես բարելավել այս դիրքը

  • Եթե այլ կերպ չեք կարողանում քնել, փորձեք օգտագործել բարակ բարձ կամ ընդհանրապես չօգտագործել բարձ,
  • Դիրքափոխվեք կողքի կամ մեջքի վրա քնելու համար, եթե հաճախ եք զգում ցավեր։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ քնի դիրքը

Լավագույն դիրքը կախված է ձեր առողջական կարիքներից.

  • Եթե հաճախ եք զգում մեջքի ցավեր, փորձեք քնել մեջքի վրա։
  • Եթե ունեք շնչառական խնդիրներ, քնի ապնոէ կամ խռմփոց, ապա կողքի վրա քնելը լավագույն տարբերակն է։
  • Եթե ունեք ստամոքսի այրոց, փորձեք քնել ձախ կողքի վրա։
  • Եթե քնում եք փորի վրա և զգում եք պարանոցի կամ մեջքի ցավ, մտածեք այլ դիրք ընդունելու մասին։

Ճիշտ քնի դիրքը կարող է էականորեն բարելավել ձեր քնի որակը և օգնել խուսափել ցավերից ու անհանգստություններից: