Բարիատրիկ (ճարպակալման) վիրահատություն կատարելու որոշումը պահանջում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական լուրջ պատրաստվածություն և վերջինիս դերը թերագնահատելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Վիրաբույժների հավաստմամբ վիրահատության հաջողությունը ինչ-որ չափով կախված է նաև պացիենտի հուզական վիճակից:

Ինչպե՞ս հոգեբանորեն պատրաստվել բարիատրիկ վիրահատությանը

Սկսեք իրատեսական սպասումներից

Պետք է հասկանալ, որ դուք բարիատրիկ վիրահատությունից հետո նիհար չեք արթնանալու: Հասկացեք, որ վիրահատությունը ուղղակիորեն չի ազդելու քաշի նվազեցման վրա, այլ ստամոքսը փոքրացնելու միջոցով օգնելու է ձեզ քաշ գցել: Հավանաբար վեց ամիս կպահանջվի ավելորդ քաշի կեսը կորցնելու համար, իսկ քաշի լրիվ նվազեցման երազանքին հնարավոր կլինի հասնել մեկ տարի անց միայն: Հիշեք, որ նիհարելը պահանջելում է մեծ ջանքեր և համբերատարություն:

Փորձությունը միայնակ մի՛ հաղթահարեք

Եթե մտադրված եք վիրահատվել, ապա այդ հարցում աջակցություն ունենալը շատ կարևոր է: Նախապես ընտրեք ձեր հիմնական խնամակալին: Դա կարող է լինել ընտանիքի անդամ կամ ընկեր՝ մարդ, ով պատրաստ կլինի ձեզ հետ միասին անցնել այդ դժվար ճանապարհը, հոգ տանել ձեր մասին և խրախուսել ձեզ:  Բարիատրիկ վիրահատության հեռանկարը շատերի համար վախեցնող է: Վախը հաղթահարելու համար հնարավորինս շատ տեղեկացվեք:

  • Դիտեք առցանց սեմինարներ և համապատասխան հոդվածներ կարդացեք:
  • Փնտրեք և գտեք վիրահատություն կատարած մարդկանց և մանրամասն տեղեկացվեք:
  • Բժշկի հետ քաշի նվազեցման ծրագիր մշակեք:

 Ճանաչեք և կառավարեք ձեր սննդային կախվածությունները

Եթե դուք սննդային կախվածություն ունեք, ապա այդ հարցը պետք է լուծել վիրահատությունից  առաջ: Ավելի փոքր ստամոքս ունենալը չի նշանակում, թե ձեր՝ուտելիքի հետ կապված հուզական պահանջմունքները նույնպես կանհետանան: Շատ մարդիկ ուտելու միջոցով փորձում են հաղթահարել առօրյա սթրեսները: Դուք պետք է հասկանաք, որ շատ ուտելը խնդիրների լուծման լավագույն տարբերակը չէ, և գիրանալը կարող է ավելի մեծ սթրեսի պատճառ դառնալ: Փորձե՛ք դաստիարակել ավելի առողջ սննդային սովորույթներ:

 Վիրաահատությունից առաջ առողջ սննդակարգի պլանավորումը կօգնի վիրահատությունից հետո քաշի կառավարմանը:

  • Սննդի ընդունում է անհրաժեշտ է սկզբնական ամիսների ընթացքում խիստ կրճատել:
  • Դուք ստիպված կլինեք ուտել դանդաղ ծամելով և քիչ չափաբաժնով:
  • Առողջ սննդակարգը պարտադիր է: Առողջ սնունդը կլավացնի նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ավելի արագ կկորցնեք ավելորդ կիլոգրամները:

Հաղթահարեք դեպրեսիա

Բարիատրիկ վիրահատությունը 80%-ով արդյունավետ է, բայց, միևնույնն է, քաշը նվազեցնելու համար շատ ժամանակ ու կենտրոնացում է անհրաժեշտ: Շատ կարևոր է, որ ձեր հուզական էներգիան նույնպես ուղղեք նպատակն իրագործելու համար: Վիրահատությունից հետո ձեր մարմինը պետք է վերականգնվի, և այդ ժամանակ սննդի սահմանափակումը խիստ կարևոր է: Եթե դեպրեսիվ վիճակում գտնվեք՝ շատ ավելի դժվար կլինի կառավարել սննդային կախվածությունները: Անհրաժեշտության դեպքում դիմեք հոգեբանի և փորձեք լավատատեսություն դաստիարակել ձեր մեջ:

Հասկացեք՝ որքան ռիսկային կարող են լինել մյուս կախվածությունները

Ալկոհոլն ու ծխախոտը նույնպես նվազեցնում են ավելորդ քաշը կորցնելու ձեր  ջանքերը: Ալկոհոլը ոչ միայն կալորիաներ է պարունակում, այլ նաև ախորժակ է գրգռում, ինչը նույնպես մեծացնում շատ ուտելու ցանկությունը: Բացի այդ, վիրահատությունից հետո ալկոհոլի թողած ազդեցությունը ավելի մեծ կլինի, քան նախկինում:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

Աղբյուրը՝ Doctors.am