Բալանոպոսթիտը առնանդամի գլխիկի և/կամ թլիփի բորբոքումն է: Առաջացման պատճառներն են տարբեր վարակները (սնկեր, անաէրոբներ և այլն), զանազան մաշկախտերը (պսորիազ, սեբոռեա, կարմիր տափակ որքին և այլն), երբեմն էլ ֆիզիոլոգիական վիճակները (ճարպագեղձերի գերաշխատանք): Բալանապոսթիտի պատկեր կարող են առաջացնել որոշ ներէպիթելային նորագոյացությունները (նախաքաղցկեղային վիճակներ), որոնցից են կլինիկական դրսևորմամբ ու ընթացքով իրարից տարբերվող Բոուենի հիվանդությունը (ԲՀ) և Բոուենոիդ պապուլոզը (ԲՊ):

Սնկային (կանդիդային) բալանիտ/բալանոպոսթիտ

Ախտորոշում

Կլինիկական
- Առնանդամի գլխիկի և կամ թլիփի կարմրություն, այտուցվածություն, թրմածություն, որոնք ուղեկցվում են քերծվածքներով և քորով:
- Հնարավոր են թրմած տեղամասերի հյուսվածքային մանր շերտազատումներ:
- Թլիփի տակ կուտակվում է սպիտակավուն արտադրուկ:
Լաբորատոր
- Վերցված նյութի (քերուկ) մանրադիտում 10-40% KOH-ի լուծույթով մշակումից հետո:

Վարումը
Ընդհանուր բնույթի
- Լվացումներ կերակրի աղի լուծույթով:
- Ստուգել արյան գլուկոզայի քանակը (շաքարախտի դեպքում կանդիդային ախտահարումների հավանականությունը խիստ բարձրանում է):
- Առաջարկել զուգընկերոջ հետազոտում և բուժում:

Բուժման տարբերակներ
- Իմիդազոլի քսուքներ (կլոտրիմազոլ, միկոնազոլ, էկոնազոլ, կետոկոնազոլ) օրը 1- 2 անգամ, 7 օր:
- Նիստատինի 100.000 միավոր/գ քսուք:
- Իմիդազոլի և ստերոիդ քսուքների խառնուրդ` օրը 2 անգամ, եթե առկա է բուռն (էկզեմատիզացված) բորբոքվածություն:
- ֆլուկոնազոլ 150 մգ, միանվագ խմելու` համառ ընթացքով դեպքերում կամ շաքարախտի առկայության ժամանակ:

Հետբուժական հսկողություն Եթե հիվանդությունը հակված է կրկնվելու, հարկավոր է բացառել այն բոլոր գործոնները, որոնք առաջ են բերում են կանդիդայի տարածումը.
- Շաքարախտ
- Լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում
- Ցանկացած ախտածնության իմունային անբավարարություն (ստերոիդների կիրառում, քիմիոթերապիա, ՄԻԱՎ վարակ, և այլն):
Նշում` սնկային բալանոպոսթիտը երբեմն ուղեկցվում է սնկիկներից առաջացած միզուկաբորբով:

Բակտերիային բալանոպոսթիտներ

Ախտորոշումը

Կլինիկական
- Բակտերիային բալանոպոսթիտները արտահայտվում են տարբեր ձևով` նվազագույն կարմրածությունից մինչև թեփոտվածություն և այտուցվածություն: Մեծ մասամբ ուղեկցվում են քորի և այրոցի զգացումներով: Ոմանք նշում են անդուր հոտի առկայություն, որն առավել արտահայտիչ է դառնում օճառով լվացվելիս (հիմնային ռեակցիա)` <<նեխած ձկան>>հոտ:

Նշում. Որոշ դեպքերում հնարավոր են առնանդամի գլխիկի ու մաշկի քերծվածություններ, աճուկային լիմֆադենիտ: Սա կոչվում է էռոզիվ բակտերիային բալանոպոսթիտ, որի հարուցիչներն են անաէրոբ միկրոօրգանիզմները` սպիրոխետների որոշ տեսակներ: Առավելապես հանդիպում է տաք կլիմայական երկրներում:

Լաբորատոր
- Ախտահարված մակերեսից քերուկի մանրադիտակային զննում` ստրեպտոկոկերի, ստաֆիլոկոկերի, գարդներելայի, կորինեբակտերիայի հայտնաբերման համար:
- Ախտաբանական նյութի հետազոտում` տրիքոմոնիազը ժխտելու համար:

Բուժում

- Կախված է լաբորատոր հետազոտման արդյունքից:
- Ստրեպտաստաֆիլակոկային բալանոպոսթիտի դեպքում` էրիթրոմիցինի 0,5%, գենտամիցինի 1% քսուք օրը 2 անգամ` 1 շաբաթ:
- Կորինեբակտերիային բալանոպոսթիտի դեպքում` էրիթրոմիցինի 5% քսուք, օրը 2 անգամ, 1 շաբաթ:
- Գարդներելային բալանոպոսթիտի դեպքում` մետրոնիդազոլի կամ կլոտրիմազոլի քսուք, օրը 2 անգամ, 7 օր:
Նշում. բակտերիալ բալանոպոսթիտները հաճախ ուղեկցում են միզուկաբորբերին, հետևաբար տվյալ անձանց հարկ է հետազոտել և լրացուցիչ բուժում նշանակել համապատասխանաբար (տես միզուկաբորբերի վարման ուղեցույցը):

Սակավ հանդիպող բալանիտներ/բալանոպոսթիտներ

Քեյրայի էրիթրոպլազիա

Ախտորոշում

Կլինիկական
- Տիպիկ դրսևորումը. կարմիր, թավշանման հստակ եզրագծերով մեկ կամ ավելի օջախներ առնանդամի գլխիկի վրա: Դասվում է նախաքաղցկեղային հիվանդությունների շարքը: Չբուժելու դեպքում վերածվում է եղջրաբջջային կարցինոմայի:

Լաբորատոր
- Բիոպսիա:

Բուժումը
- Վիրահատական
- Լազերային հատում
- Կրիոթերապիա

Զուգընկերների վարում
Չի պահանջվում
Ետբուժական հսկողություն
Տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր է, քանի որ հավանական է կրկնվելու վտանգը:

Շրջանաձև բալանիտ
Ախտորոշում
Կլինիկական
- Տիպիկ դրսևորումը. առնանդամի գլխիկի վրա մոխրասպիտակավուն բծեր, որոնց միաձուլումը առաջացնում է սպիտակ եզրագծերով, մեջտեղում կարմրավուն, բորբոքված ՙաշխարհագրական՚ օջախներ: Այս բալանիտը կարող է ուղեկցել նաև Ռեյթերի համախտանիշին:

Լաբորատոր
- Հետազոտում քլամիդիայի նկատմամբ:

Բուժումը
- Ստերոիդային քսուքների կիրառում
- Պատճառ հանդիսացող վարակի բուժում

Զուգընկերների վարում
Եթե ախտորոշվել է ՍՎ, ապա զուգընկերներին հարկավոր է բուժել համապատասխան ուղեցույցերով:

Ետբուժական հսկողություն
Պահանջվում է, եթե ախտանշանները տևական բնույթ են կրում և/կամ կապված են ՍՎ-ների հետ:

Ալերգիկ և գրգռիչ նյութերից առաջացած բալանիտներ

Ախտորոշում

Կլինիկական
- Տիպիկ դրսևորումը. արտահայտվում է թեթևակի էրիթեմայից մինչև տարածված բորբոքվածությամբ և այտուցով:
- Ախտանշանները կապված են ալերգիայի, դեղորայքի ընդունման (տեղային կամ ընդհանուր), որոշակի գրգռիչ նյութերի տեղային կիրառման հետ (սպերմիցիդներ, յուղայնացնողներ, օծանելիքներ, օճառներ և այլն):
Դեղորայքային բալանիտը, որը սովորաբար առաջանում է սուլֆանիլամիդների, տետրացիկլինի, սալիցիլատների կամ այլ դեղամիջոցների ներքին ընդունումից, կոչվում է դեղորայքային սևեռուն էրիթեմա: Երբեմն միաժամանակ ախտահարվում են լորձաթաղանթներն ու մաշկը:
- Հարկ է զննել բերանի խոռոչի լորձաթաղանթը և աչքի շաղկապենին:

Լաբորատոր
- Ալերգենի հայտնաբերման փորձերը օգտակար են այն մարդկանց համար, ում մոտ ալերգիայի կասկած կա:

Բուժումը
- Խուսափել գրգռիչ նյութերի օգտագործումից:
- Ստերոիդային քսուքների կիրառում:
- Հակահիստամինային դեղամիջոցների ընդունում:

Զուգընկերների վարում
Չի պահանջվում: Սակայն եթե պատճառը զուգընկերոջ կողմից բեղմնականխման կամ կոսմետիկ նպատակով տեղային գրգռիչ նյութերի օգտագործումն է, ապա հարկավոր է կազմակերպել համատեղ խորհրդատվություն:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ