Մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը նշվում է քնի համաշխարհային օրը: Ինչի առիթով թեմային անդրադարձել է քնաբան, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:
«Օրը կարևոր է այնքանով, որ տարվա մեջ մեկ անգամ մարդիկ պետք է կանգ առնեն և մտածեն իրենց սեփական, հարազատների, ընկերների քնի մասին: Եվ, եթե նկատել են, որ ինչ-որ մեկը քնի խնդիր ունի, փորձեն համապատասխան  խորհուրդներ և ուղղություն տալ, ինչը և անում է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիան»` խոսելով քնի առողջական և սոցիալական կարևորության մասին»,- նշում է Սամսոն Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք շատ են քնի խանգարումներով մարդիկ Հայաստանում, քնաբանը պատասխանեց. «Միանշանակ շատ են քնի խանգարումներ ունեցող մարդիկ: «Քնի խանգարումների հայկական ասոցիացիան», բացի իրազեկման գործառույթից, որը շատ կարևոր է մեր երկրի համար, նաև աշխատում է իրազեկել թե՜ հասարակությանը, թե՜ սեմինարների միջոցով մասնագետներին: Հիմա նաև փորձում ենք ավարտել «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում»  հետազոտությունների շարքը: Դա մեր գլխավոր նպատակներից է, այն ավարտելուն պես կհրապարակենք արդյունքները: Բավականին հետաքրքիր  տվյալներ են ստացվել: Նախնական կարող ենք ասել`մեզ մոտ քնի մշակույթը այդքան էլ ձևավորված չէ: Քունը չի կառավարվում հասարակության կողմից և առաջացնում է ռիսկեր»:

Քնի բժշկությունը բավականին բազմաժանր դաշտ է: Կիրառվում է մուլտիդիսցիպլինար մոտեցում: Ներգրավված են բազում մասնագետներ` յուրաքանչյուրը իր ոլորտից, ինչը բացատրվում է քնի խանգարումների տեսակների բազմազանությամբ, բնույթի տարբերություններով: Օրինակ` անքնություններ կարող են լինել քնի շնչառական խանգարումների, քնի շարժողական խանգարումների կամ քնի վարքային խանգարումների արդյունքում: Քունը միավորում է բոլոր մասնագետներին` սկսած քնաբաններից մինչև հոգեբաններ: 

Անքությունը շատ հաճախ կապված է լինում հոգեկան առողջության ոլորտների հետ, մասնավորապես` դեպրեսիվ վիճակների և տագնապային խանգարումների:Կլինիկական հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը տարբերակում է երկու տեսակի քնի խանգարում, անքնություն կամ քնի պակաս. «Մեկը` առաջնային անքնությունն է, երբ մենք չունենք  որևի տեսակի այլ խնդիր, որը կարող է պատճառ հանդիսանալ անքնության, կամ անքնությունը այս դեպքում չի ներառում որևէ հոգեհուզական դաշտի խնդիր որպես սիմպտոմ: Այսինքն կա առաջնային անքնություն, չկա առաջացնող որևէ գործոն: Մարդու հոգեհուզական դաշտը հանգիստ է, երջանիկ է եղել, և մեկ էլ հանկարծ սկսել է ունենալ անքնություն: Այսպիսի մարդկանց մոտ, զուգահեռ սկսում են առաջանալ հոգեհուզական խնդիրներ` հատկապես քրոնիկ անքնության դեպքում: Երբ մենք ունենք երեք և ավելի  ամիս տևողությամբ անքնության որևէ դրսևորում, մենք կարող  ենք նկատել տրամադրության փոփոխություններ, դեպրեսիվ վիճակներ, տագնապայնություն, լարվածություն, դյուրագրգիռ վիճակներ և որպես հետևանք շատ խնդիրների առաջացում միջանձնային հարաբերություններում»:  

 Հոգեբանական աշխատանքը, որն ուղղված է անքնության բուժմանը, ինչպես նաև  դեղորայքային բուժումը, կամ էլ երկուսի համարդրությունը, կարող են կանխել խնդրի զարգացումը:

Հոգեբաններին հաճախ տրվող հարցերից է` ի՞նչ անել, որ կանխարգելել անքնությունը: Հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը առանձնացնում է մի քանի կետ, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի խուսափել անքնությունից. «Նախ պետք է հետևել քնի հիգիենային: Հարկավոր է հետևել որոշակի կանոնների, իսկ այդ կանոնները օգնում են քնելու համար  հնարավորինս մաքուր և ճիշտ պայմաններ ստեղծելուն: Առաջինը քնի ռեժիմի պահպանումն է: Անկախ նրանից աշխատանքնային, թե հանգստյան օր է, պետք է քնել և արթնանալ նույն ժամին: Այսինքն ֆիքսել քնելու և արթնանալու ռեժիմը: Երկրորդը ուշադրությունն է: Պետք է ուշադիր լինել կոֆերինացված ըմպելիքների օգտագործմանը: Կոֆերինացված ըմպելիք ասելով չպետք է հասկանանք միայն սուրճը: Կարող է լինել նաև թեյը, էներգետիկ ըմպելիքներ և այլն: Եվ պետք է հասկանալ, թե ինչի համար կարող ենք օգտագործել մեր ննջասենյակը: Շատ հաճախ մարդը, ով ունի անքնություն տարբեր տեսակի գործունեություն է ծավալում իր սենյակում և անկողնում: Օրինակ` կարող է սնվել օրվա ցանկացած ժամին, հեռուստացույց դիտել, գիրք կարդալ, համակրգչով զբաղվել: Այս գործողությունները բացասական ձևով ամրապնդում են անքնության զարգացումը: Անկողինը մարդու գիտակցության մեջ պետք է ասոցացվի երկու գործունեության համար. դա սեռական ակտիվությունն է և քնելը: Եվ, իհարկե, ուշադրություն պետք է դարձնել նաև միջավայրային պայմաններնին: Ճիշտ լուսավորությունը, մաքսիմալ հարմարավետությունը, ճիշտ ջերմաստիճանը  և անաղմուկ պայմանները նպաստում են քնելուն»:

   Շատ հաճախ մարդիկ ունենալով անքնություն, փորձում են խնդրից ձերբազատվելու տարբերակներ գտնել և դիմում են ալկոհոլի օգնությանը: Հոգեբանի կարծիքով սա բացասական հետևանք է ունենում. «Սկզբում հեշտ կստացվի քնելը, որովհետև ալկոհոլը ունի մկանային համակարգը թուլացնող և քնկոտություն առաջացնող ազդեցություն, բայց ապացուցված է, որ ալկոհոլը ավելացնում է փոքրիկ արթնացումների քանակը գիշերվա ընթացքում, որը կարող է փոխել քնի կառուցվածքը: Ինչը կնպաստի առավոտյան չբավարարված քնով արթնանալուն»: Անքնությանը կարող են նպաստել նաև շնչառական խանգարումները, որոնց հիմնական պատճառներից մեկը ծնոտային անկանոնություններն են: Հետազոտությունները ցույց էն տալիս, որ քնի շնչառական խանգարումների պատճառով անքնություն ունեցող մարդկանց 14%-ի մոտ հայտնաբերվել են ծնոտային խնդիրներ:

    Ըստ բժիշկ-օրթոդոնտ Գայանե Մանրիկյանի ծնոտային խանգարումները լինում են բազմատեսակ. «Ստորին ծնոտի հետին դիրքը կամ թերաճը, այնպես էլ վերին ծնոտի նեղացումները և հետին դիրքը կարող են նպաստել դրան:  Մենք ունենում ենք շնչուղիների նեղացում և դա նպաստում է քնի ընթացքում շնչառական խանգարումներին և քնի ընդհատվածության առիթ է դառնում»:  

  Ծնոտային խանգարումները կարող են լինել գենետիկորեն փոխանցված, բայցև կարող են հանդիպել տարբեր օրգանական խանգարումներ, օրինակ` ադենոիդների գերաճի ժամանակ: Մեծահասակների մոտ կարող են լինել շատ լուրջ խանգարումներ, որը կարող է մանկական հասակի բացթողումների հետևանք լինել և բերում է քնի ժամանակ շնչառական խանգարումներին:

    Բժիշկ-օրթոդոնտ Գայանե Մանրիկյանի կարծիքով այդ խնդիրները ևս լուծելի են. «Ինչպես կարող ենք սարքերի միջոցով բուժումներ, կամ կանխարգելում իրականացնել մանկական հասակում, նույնը կարող ենք կիրառել մեծահասակների դեպքում, եթե շատ խորացված դեպք է, դիմում ենք վիրահատության, համագործակցում ենք դիմածնոտային վիրաբույժների հետ, միասին գտնում ենք խնդրի թեթևացման տարբերակը»:

   Քնաբան Սամսոն Խաչատրյանը հավելեց, որ քնի պակասը կամ կրճատումը էապես կապված է հետագայում դեմենցիայի զարգացման ռիսկի հետ  քանի որ այն սպիտակուցները, որոնք նյութափոխանակության ժամանակ կուտակվում են նեյրոններում, իսկ ապացուցված է, որ հենց գիշերային քնի ժամերն են պետք, որ նյարդային բջիջները դատարկեն այդ աղբը, դա չի կատարվում կարճ քնող մարդկանց մոտ և դա բարձրացնում է հետագայում տարբեր նյարդային դեգեներատիվ հիվանդությունների ռիսկը, օրինակ Ալցհեյմերի և այլն: Դա, իհարե, դեռ ուսումնասիրության փուլում է, բայց արդեն շատ ապացույցներ են կուտակված: 

                                                                                                                                                                                                                                 
 
Աղբյուր` Doctors.am
Հեղինակ` Մարիամ Սարգսյան
17 մարտ 2018