Հոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է:
Կզարմանաք , սակայն մարդկանց ձեռքերին հնարավոր է ավելի շատ վտանգավոր բակտերիաներ հայտնաբերել քան հասարակական տրանոպորտի բռնակներին: Այս պատճառով են բժիշկներն անընդհատ խոսում ձեռքերը լվալու կարևորության մասին:
 
Իրականում, որքա՞ն բակտերիա կա հասարակական վայրերում
 
Վերջերս կատարված հետազոտության ժամանակ նմուշներ են վերցվել հասարակական սննդի վայրերի սեղաններից, շարժասանդուղքների բռնակներից, մանկական խաղալիքներից և ուսումնասիրել լաբորատորիայում: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն բակտերիաներ են հայտնաբերվել: Էնտերոբակտերա, ստաֆիլոկոկ, այլ վտանգավոր բակտերիաներ գրեթե չեն հայտնաբերվել, կամ հայտնաբերվել են փոքր քանակներով:
 
Այժմ՝ մարդկանց ձեռքերի մասին
 
Պարզվում է՝ մարդկանց ձեռքերին միջինում կա 10 մլն բակտերիա: Մոտավորապես այսքան էլ աման լվալու սպունգերին: Զարմանալիորեն  մարդիկ ոչ միշտ են լվանում ձեռքերն ուտելուց առաջ, իսկ հասարակական տրանսպորտում բռնակներին դիպչելուց խուսափում են:
Ավելին, պարզվում է՝ ամեն հինգերորդ մարդու ձեռքերին կան կղանքում պարունակվող բակտերիաներ, որոնք կարող են լուծ և շնչառական ինֆեկցիաներ առաջացնել: Որոշ մարդիկ սովորություն ունեն պարբերաբար դեմքին դիպչել, սա էլ կարող է պատճառ դառնալ պաթոգենների՝ օրգանիզմ անցնելուն:
 
Պարզապես հիշե՛ք, որ կեղտն ու միկրոբները տարբեր բաներ են. արտաքուստ մաքուր ձեռքերին կարող են բազմաթիվ միկրոբներ լինել:
 
- Ձեռքերի միջոցով մարդու օրգանիզմ կարող են փոխանցվել բազմաթիվ պաթոգեն միկրոբներ: Կենցաղում այս խնդիրը հեշտությամբ լուծվում է ջրով և օճառով: Ձեռքերը լվանալն, իհարկե, փոքր բան է թվում, սակայն այս հիգիենան պահպանելով, վստահեցնում եմ, կարող ենք խուսափել բազմաթիվ առողջական խնդիրներից: Կան մարդիկ, որ ասում են, «գյուղերում ապրող երեխաները միշտ չէ, որ լվացվում են, սակայն շատ ավելի առողջ են». ոչ, մարդիկ տարբեր են: Քաղաքում ապրող մարդու դիմադրողականությունն անհամեմատ ավելի ցածր է,- ասում է գաստրոէնտերոլոգ Նաիրա Վանյանը:
 
Անձնական իրեր ու սովորություններ 
 
Առաջին հայացքից անվտանգ թվացող ձեռքի ժամացույցները թույլատրելիից վեց անգամ շատ միկրոբներ են հայտնաբերվում:  Եթե մարդիկ պազապես սովորություն դարձնեն պարբերաբար 30 վայրկյան օճառով լվանալ ձեռքերը՝ 10 անգամ կնվազի ձեռքերի բակտերիաների քանակը:  Ոմանք պարզապես չգիտեն, կամ մոռանում են, որ քիթը մաքրելուց կամ, հասարակական տրանսպորտով երթևեկելուց հետո անհրաժեշտ է լվալ ձեռքերը: 
 
Խոսենք թվերով
 
Բակտերիաները մարդու ձեռքերին ապրում են մի քանի ժամ: Որքան բարձր է ջերմաստիճանը՝ այնքան երկար կարող են մնալ: Գրասենյակում աշխատող մարդն օրը միջինում շփվում է 10 մլն բակտերիաների հետ, դրանցից շատերը կարող են առաջացնել սուր շնչառական ինֆեկցիաներ, թունավորում: Հետևաբար, պոտենցիալ վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է չորս ժամը մեկ լվանալ ձեռքերը, հատկապես՝ այսօր:
 
 
Աղբյուրը՝ Doctors.am