Վնասակար սովորությունները, մոլությունները, դեղորայքի սխալ ընդունումը կամ չարաշահումը կործանարար են մարդու առողջության համար։ Առողջ ապրելակերպը և անվտանգ վարքագիծը կարող են կանխել շատ հիվանդություններ և դժբախտ պատահարներ։ Կյանքը երկարացնելու լավագույն միջոցը այն չկարճացնելն է։

Սնունդը

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։

Աղյուսակ 1. Սննդանյութերի պարունակությունը մթերքում

 

Սննդանյութեր Մթերք
Սպիտակուցներ Ձու, կաթնաշոռ, միս (նաև թռչնի), հաց, ձավար
Ածխաջրեր Կարտոֆիլ, ձավարեղեն, միրգ, մեղր, հրուշակեղեն, շաքար
Ճարպեր Բուսական յուղ, կարագ, մարգարին, կենդանական ճարպ (հատկապես ոչխարի) և այլն)
Վիտամիններ
Հում միրգ և բանջարեղեն, կարագ, ձու, լյարդ և այլն
Հանքային ջրեր
Միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և այլն
Բջջանյութ
Միրգ, բանջարեղեն


Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Դրանք ներկայացված են աղյուսակում։

Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։

Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդ որում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր է նաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլ գործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, միշտ նույն ժամերին։ Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։ Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։ Բացի վերն ասվածից, գոյություն ունեն նաև տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող հատուկ դիետաներ։ Եթե դուք տառապում եք որևէ հիվանդությամբ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ սննդակարգի մասին և կատարեք նրա խորհուրդները։

Քաշը

Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։

Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Նորմալ քաշի որոշման Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված բանաձևը

Կանանց համար

Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,32 + (տարիք – 21) ։5
Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի.
50 + (165 – 150) 0,32 + (25 – 21) ։ 5 = 55,6
Այսինքն՝ մոտ 56 կգ։

Տղամարդկանց համար


Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,75 + (տարիք – 21) : 5
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդո ւնորմալ քաշը պիտի լինի.
50+(175–150)0,75+(30–23)։5=70,55
Այսինքն՝ մոտ 71 կգ։

Մարմնի հեղուկի քանակի տատանումները բերում են քաշի ամենօրյա տատանումների։ Ուստի մարմնի քաշը որոշելու համար կշռումը կատարեք շաբաթը մեկ՝ ստույգ նույն օրը և ժամին։

Հիշե՛ք, որ նյութափոխանակության վիճակը և այլ գործոնները, որոնք ազդում են քաշի վրա, անհատական են և կախված են մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակից և այլն։ Տարիքի հետ մարդը պետք է փոխի իր սնվելու սովորույթները։ Եթե անհատն ընդունում է սննդի նույն քանակը և պահպանում է նույն ֆիզիկական ակտիվությունը 20-40 տարեկանում, ապա 40 տարեկանում նրա մարմնի քաշը, որպես կանոն, ավելի մեծ է լինում։ Դա բացատրվում է նրանով, որ տարիքի հետ փոխվում է նյութափոխանակության ակտիվությունը։ Տարիքի հետ պետք Է օգտագործել մարմինն անհրաժեշտ սննդանյութերով ապահովող, բայց քիչ կալորիաներ պարունակող սնունդ։ Այսինքն՝ պետք է ավելացնել սպիտակուցների և վիտամինների քանակը՝ զուգահեռ նվազեցնելով ածխաջրերն ու ճարպերը։

Քաշի վերահսկումը պետք Է ուղեկցվի կանոնավոր մարզումներով և առողջ ապրելակերպի մյուս բաղադրատարրերով։ Քաշը նվազեցնելու համար միայն սննդի սահմանափակումը բավարար չէ։ Այն մշտապես պետք է ուղեկցվի համապատասխան ֆիզիկական ակտիվությամբ։

Մարզումները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։

Աղյուսակ 2.
Տարբեր տարիքային խմբերի համար մարզումների ժամանակ անոթազարկի թույլատրելի հաճախությունը

 

Տարիք Անոթազարկի թույլատրելի հաճախությունը մարզումների ժամանակ (զարկ/րոպե)
20-30 130-160
30-40 120-145
40-50 115-135
50-60
110-125
60-70
100-115
70-80
90-110


Չմարզվելու դեպքում տարիների ընթացքում ոսկրամկանային համակարգը կորցնում է իր ուժը և ճկունությունը։ Մեծ տարիքում ցանկալի են մկանների ամրացման նպատակով կատարվող վարժությունները։ Սրտանոթային համակարգի նորմալ գործունեությունը կախված է սրտի լարվածության աստիճանից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից և ներկա ակտիվության մակարդակից, սրտանոթային համակարգի մարզման կարիք ունի։ Դա թույլ է տալիս հաղթահարել սթրեսային վիճակները, ավելի մեծ հաճույքով կատարել առօրյա գործերը, հսկել մարմնի քաշը, հեշտությամբ հաղթահարել վարակները, լավ ինքնազգացողություն ունենալ, լավ քնել: Սիրտը մարզելու համար շաբաթական առնվազն 3 անգամ պետք է 20-30 րոպե վարժություններ կատարել: Մարզումների ժամանակ անոթազարկի հաճախությունը չպիտի գերազանցի յուրաքանչյուր անձի տարիքին համապատասխան առավելագույն հաճախությունը (աղյուսակ 23.2): Յուրաքանչյուր դեպքում պետք է անհատական մոտեցում ցուցաբերել վարժությունների ծանրության աստիճանը որոշելիս: Ցանկալի է, որ մարզումները վերահսկվեն մասնագետ մարզիչի կամ բժշկի կողմից, քանի որ հատկապես սկսնակները չեն կարող ճիշտ որոշել թույլատրելի ծանրաբեռնվածության չափը։

Ուշադրություն: Եթե մարզումների ընթացքում դուք զգում եք ցավեր սրտի շրջանում, ուսերում, կոկորդում կամ ունեք շնչառական դժվարություններ, հևոց, գլխապտույտ, անմիջապես դադարեցրեք մարզումները և դիմեք բժշկի։ Հնարավոր է, որ ձեզ ցուցված է միայն բուժական մարմնամարզություն:

Ձեր ամենօրյա գործունեությունը դուք կարող եք վերածել մարզումների, օրինակ` փոխադրամիջոցից օգտվելու փոխարեն քայլեք ոտքով, վերելակի փոխարեն բարձրացեք աստիճաններով։

Սթրեսի վերահսկում

Մեր առօրյա կյանքում մենք բոլորս ենթարկվում ենք տարբեր սթրեսների։ Սթրեսային վիճակները երբեք ընդմիշտ չեն վերանում։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել և վերահսկել իրենց զգացմունքները կամ իրենց առաջ դնում են անհասանելի նպատակներ, ավելի հակված են վնասակար սովորություններ ձեռք բերելու։ Ընդհանրապես, սթրեսային իրավիճակներից լրիվ խուսափել հնարավոր չէ, սակայն լավ ինքնատիրապետման շնորհիվ կարելի է որոշ չափով վերահսկել դրանց բացասական ազդեցությունն առողջության վրա։ Աշխատեք կյանքում կիրառել հետևյալ խորհուրդները՝

- Զբաղվեք սիրելի գործով, որը ձեզ հաճույք է պարգևում։
- Ձեր առջև դրեք հասանելի խնդիրներ և նպատակներ։ Անիրագործելի նպատակն ինքնին կարող է սթրեսների պատճառ դառնալ։
- Խուսափեք կոֆեին կամ այլ հոգեխթանիչներ պարունակող սննդամթերքի (թեյ, սուրճ, որոշ զովացուցիչ ոչ ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ) և ցավազրկող դեղամիջոցների չարաշահումից։ Եթե արդեն ընտելացել եք դրանց մեծաքանակ ընդունմանը, գլխացավերից և այլ անհարմարություններից խուսափելու համար հրաժարվեք դրանցից աստիճանաբար։
- Լարված պահերին կատարեք թուլացնող շնչառական վարժություններ։ Քթով խորը ներշնչեք և արտաշնչեք բերանով։ Կենտրոնացրեք ուշադրությունը շնչառության վրա, կրկնեք այդ վարժությունները 10 րոպե։
- Զբաղվեք սպորտով։

Անընդհատ բժշկական հսկողություն

Գրեթե բոլոր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը շատ ավելի արդյունավետ է բուժման առումով։ Տարին 2 անգամ կանխարգելիչ բուժհետազոտություններ անցնելով՝ դուք կխուսափեք շատ բարդություններից:

Անհրաժեշտ է տարին 2 անգամ այցելել ատամնաբույժի, որպեսզի մասնագետը կատարի ատամների մաքրում և բերանի խոռոչի ստուգում: Երկու ամիսը մեկ փոխեք ձեր ատամի խոզանակը։ Լնդերը և ատամներն ախտահարող հիվանդությունների կանխարգելման նպատակով օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, մաքրեք ատամները խոզանակով և հատուկ մետաքսե թելերով (ֆլոսով)։

Շատ կարևոր են նաև տեսողության պարբերական ստուգումները։ Եթե դուք կրում եք կպչող ոսպնյակներ, ապա հետևեք դրանց օգտագործման և ախտահանման հրահանգներին։ Ուշադրություն դարձրեք ոսպնյակների հեղուկի պիտանիության ժամկետին։

Պահպանեք ձեր լսողությունը: Ուժեղ աղմուկը, երաժշտությունը կարող են թուլացնել լսողությունը, նվազեցնել կենտրոնանալու հատկությունը։

Ապագա մայրեր

Մայր դառնալուն պետք է նախապատրաստվել մինչև հղիությունը։ Ապագա երեխայի առողջությունը շատ բանով կախված է մոր առողջական վիճակից։ Հիվանդությունները, հատկապես սեռական համակարգի, խիստ բացասաբար են անդրադառնում պտղի զարգացման վրա։ Այսինքն՝ կինը միշտ պիտի հետևի իր առողջական վիճակին, վարի առողջ կենսակերպ։ Հղիության ընթացքում նա պետք է վերահսկի իր մարմնի քաշը, պահպանի հղիների համար նախատեսված հիգիենայի կանոնները, լավ հանգստանա, կատարի հղիների համար նախատեսված ֆիզիկական վարժություններ, անպայման գտնվի մանկաբարձ– գինեկոլոգի անընդհատ հսկողության տակ։

Հղիության ընթացքում չի կարելի ծխել, ալկոհոլային խմիչքներ օգտագործել և առանց բժշկի խորհրդի դեղամիջոցներ ընդունել։ Հղի լինելու մասին կինը կարող է իմանալ 4-6 շաբաթ հետո, իսկ այդ նյութերը կվնասեն արդեն զարգացող պտղին։ Այսպիսով միակ ճիշտ խորհուրդը մշտապես առողջ ապրելակերպն է։

Անվտանգ վարքագիծ

Փորձը ցույց է տալիս, որ դժբախտ պատահարների մեծամասնությունը անփութության կամ անտեղյակության արդյունք է։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք ավելի անվտանգ դարձնել ձեր կենցաղը, ճիշտ գործել արտակարգ իրավիճակներում և կանխել դժբախտ պատահարները։

- Փակցրեք շտապ օգնության և վթարային ծառայությունների բոլոր կարևոր հեռախոսահամարները հեռախոսի կողքին։
- Լավ լուսավորեք շենքերի շքամուտքերը, աստիճանները և միջանցքները։
- Տեղադրեք բազրիք աստիճանների կողքին։
- Պահեք դեղամիջոցները և թունավոր նյութերը միմյանցից և սննդամթերքից հեռու, երեխաներին անհասանելի տեղում։
- Պահեք կենցաղային էլեկտրական սարքերը լավ աշխատանքային վիճակում։
- Ծանոթացեք էլեկտրական սարքերի անվտանգ գործածությանը վերաբերող կանոններին։
- Օգտագործելուց հետո հոսանքից անջատեք և հավաքեք էլեկտրական սարքերը։
- Եթե տանը հրազեն ունեք, պահեք այն երեխաների համար անհասանելի տեղում, փակի տակ: Փամփուշտները պահեք այլ տեղ։
- Ունեցեք լապտեր և համապատասխան մարտկոցներ։
- Ձեր բնակարանի, աշխատավայրի համար մշակեք հրդեհի դեպքում անվտանգ հեռանալու ծրագիր։ Ընտանիքի անդամների հետ մանրամասն քննարկեք այդ ծրագիրը և հրդեհի դեպքում յուրաքանչյուրիդ անելիքը։
- Հասանելի տեղում պահեք կրակմարիչները և առաջին օգնության արկղիկը։
- Իմացեք և պահպանեք ձեր աշխատանքային պայմաններին վերաբերող անվտանգության բոլոր կանոնները։
- Դյուրավառ, պայթյունավտանգ նյութերը պահեք կրակից, կայծերի կամ բարձր ջերմության աղբյուրից հեռու։
- Սովորեք և պահպանեք երթևեկության կանոնները։ Դա ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ամենահեշտ և ամենաարդյունավետ եղանակն է։
- Մեքենայում կապեք անվտանգության գոտիները։ Երեխաները և անչափահասները պետք է նստեն ավտոմեքենայի համեմատաբար անվտանգ, ապահով մասերում՝ ետևի նստարանին։
- Հեծանիվ և մոտոցիկլետ վարելիս գլուխը պաշտպանեք սաղավարտով։ Աչքերի վնասվածքներից խուսափելու համար հագեք պաշտպանող ակնոցներ։
- Մայթով քայլելիս շարժվեք տրանսպորտին ընդառաջ և հագեք ճառագայթներն անդրադարձնող հագուստ, հեծանիվի վրա ամրացրեք անդրադարձիչներ։
- Մարզվեք մասնագետ մարզիչի հսկողության տակ, լավ լուսավորվող մարզադահլիճներում։ Պահպանեք տվյալ մարզաձևի կանոնները։

Սխալ ընդունվող և չարաշահվող նյութեր

Առողջության վրա կործանարար ազդեցություն են ունենում որոշ նյութերի ընդունումն ու չարաշահումը։ Դրանք կարող են լուրջ հիվանդությունների կամ վնասակար սովորությունների պատճառ դառնալ։ Վնասակար սովորություններն առողջության համար վտանգավոր սովորություններ կամ մոլություններ են, օրինակ՝ ծխախոտամոլությունը, թմրամոլությունը, թունամոլությունը, հարբեցողությունը։ Այդ սովորությունները հիմնականում կապված են որևէ նյութի ընդունման հետ։ Սխալ ընդունվող և չարաշահվող նյութերը կարելի է բաժանել կախյալություն առաջացնողների և չառաջացնողների։ Որևէ նյութ անընդհատ ընդունելու ժամանակի ընթացքում սովորություն դարձած կարիքը կոչվում է կախյալություն: Այն լինում է հոգեբանական և ֆիզիկական։ Կախյալություն առաջացրած նյութի ընդունման ընդհատումը բերում է ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի՝ ժուժկալման։ Նման դեպքում անհատի մոտ լինում է անքնություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, գրգռված, ագրեսիվ կամ ճնշված վիճակ, ընդհուպ մինչև գիտակցության մթագնում և հոգեկան խանգարումներ։ Այս վիճակում գտնվող մարդիկ հաճախ անկառավարելի են, ցանկացած գնով ձգտում են ընդունել կախյալություն առաջացրած նյութը և կարող են վտանգավոր լինել շրջապատի համար։

Կախյալություն առաջացնում են հոգեխթանիչները, քնաբերները, թմրադեղերը, ալկոհոլը, պատրանքածինները, լուծիչները և այլն։ Թմրանյութերի ցուցակը կախյալություն առաջացնող նյութերի՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կոմիտեի կողմից հաստատված ցանկն է։ Այս նյութերը սահմանվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի վրա թողած ազդեցության։ Որոշ նյութեր ընկճում Են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, մյուսները՝ խթանում։ Կան նյութեր, որոնք դժվար է դասակարգել իրենց թողած բազմաթիվ ազդեցությունների հետևանքով։ Սրանց որոշ մասը կիրառվում է բժշկության մեջ որպես դեղանյութեր։ Սակայն ճիշտ դեղաչափը չպահպանելու դեպքում այս դեղանյութերը ևս կարող են կախյալություն առաջացնել։ Դեղաչափը դեղի օգտագործվող քանակն է։ Կախված քանակից՝ դեղաչափը լինում է բուժիչ, թունավոր և մահացու։

Կախյալություն չառաջացնող դեղերից ավելի հաճախ չարաշահվում կամ սխալ են օգտագործվում ցավազրկողները (ասպիրին, անալգին), լուծողականները, անտիբիոտիկները, հակաալերգիկ դեղանյութերը, անաբոլիկները, ստերոիդ հորմոնները և այլն։

Թմրամոլություն և թունամոլություն


Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի՝ թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով։ Թմրադեղերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավազրկողներն են։ Անօրինական ճանապարհով պատրաստված թմրանյութերն առողջապահության մեջ կիրառվող թմրադեղերի առավել ուժեղ և վտանգավոր տարբերակներն են։ Թմրադեղերը և քնաբերները ընդունվում են ցավազրկման և հանգստացման նպատակով։ Բոլոր թմրադեղերի և ուժեղ հանգստացնողների ընդունումն առանց դեղատոմսի համարվում է անօրինական, իսկ նրանց մի մասն ընդհանրապես դուրս չի գրվում։ Ամենահաճախ հանդիպող թմրանյութերն են մորֆինը, կոդեինը, հերոինը։ Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։

Բոլոր ուժեղ թմրանյութերը և մոլություն առաջացնող որոշ այլ նյութեր վտանգավոր են ոչ միայն կախյալություն առաջացնելու, այլև հանդուրժողականության առումով: Հանդուրժողականությունը որևէ նյութի՝ երկարատև ընդունման հետևանքով մարդու վրա դրա ներգործության արդյունավետության անկումն է։ Դրա հետևանքով մարդը տվյալ նյութի ցանկալի ազդեցությանը հասնելու նպատակով մեծացնում է դրա ընդունման չափը և հաճախությունը։ Դա գերդոզավորման պատճառ է դառնում, ինչից էլ հաճախ մահանում են թմրամոլներն ու թունամոլները։ Գերդոզավորումը դեղանյութի թունավոր կամ մահացու քանակի ընդունումն է։

Ավելի լավ է չփորձել...

Թմրամոլության և թունամոլության բուժումը շատ բարդ է։ Սա հասարակական և սոցիալական խնդիր է։ Այս հիվանդությունները դասվում են պարտադիր բուժման ենթակա հիվանդությունների շարքին և բուժվում են հատուկ նարկոլոգիական դիսպանսերներում։ Թմրամոլության և թունամոլության կանխման միակ արդյունավետ միջոցը երբեք չփորձելն է։ Առավել ևս, որ հիմա կան այնպիսի թմրանյութեր, որոնց նույնիսկ մեկ ընդունումը բերում է կախյալության։

Երբ դուք կասկածում եք, թե տուժածը չարաշահել կամ սխալ է ընդունել որևէ նյութ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Գործեք նույն ձևով, ինչպես լուրջ թունավորումների դեպքում։ Եթե տուժածն ընդունած նյութերի ազդեցության տակ դարձել է անկառավարելի և վտանգավոր, ապահովեք ձեր սեփական անվտանգությունը և սպասեք բժշկական անձնակազմի ժամանելուն։

Ծխախոտամոլություն

Ծխելը շնչառական և սրտանոթային համակարգերի շատ հիվանդությունների (թոքերի, բերանի, լեզվի քաղցկեղի, կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և այլն) զարգացմանը նպաստող գործոն է։ Ծխող կինը վնասում է ոչ միայն սեփական, այլև իր ապագա երեխայի առողջությանը։

Վերջին ժամանակներս շատ մարդիկ են գիտակցում ծխելու վտանգը։ Ծխելը սահմանափակված կամ արգելված է աշխատանքային և հասարակական վայրերում, տրանսպորտում։ Ներկայումս մշակված են շատ ծրագրեր, որոնք օգնում են ծխողներին ազատվել այս վնասակար սովորությունից:

Ալկոհոլամոլություն

Ալկոհոլը լայն տարածում գտած և չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունված ալկոհոլը թունավոր է։ Ալկոհոլն իր ազդեցությամբ և գերդոզավորումով նման է թմրանյութերին։ Ալկոհոլ հաճախ ընդունող անձինք տառապում են ալկոհոլամոլությամբ։ Ալկոհոլամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ մարդն, ընտելանալով պարբերաբար գործածվող ալկոհոլային խմիչքներին, դրանց նկատմամբ կախյալություն է ձեռք բերում, ինչը դրսևորվում է մարմնական և հոգեկան մի շարք փոփոխություններով։ Ալկոհոլամոլությամբ տառապողների մոտ ալկոհոլի նկատմամբ աստիճանաբար զարգանում է հանդուրժողականություն։ Այս հիվանդության սկզբնական շրջանը հաճախ չի գիտակցվում որպես ալկոհոլամոլություն։ Սկզբնական փուլում ցանկալի հոգեվիճակի հասնելու համար հիվանդներն անընդհատ ավելացնում են ընդունվող ալկոհոլի քանակը։ Հիվանդության ավելի ուշ շրջանում մարմնում տեղի ունեցող որոշակի փոփոխությունների հետևանքով հիվանդներն այդ հոգեվիճակին հասնում են նույնիսկ քիչ քանակի ալկոհոլ ընդունելով։

Ալկոհոլամոլությունն առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ և հիվանդագին վիճակներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, ստամոքսի խոցը, սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները։

Ալկոհոլի ընդունման դադարեցումից առաջացող ժուժկալման երևույթը՝ սպիտակ տենդը, շատ վտանգավոր է։ Դրա նշաններն են՝

- անհանգստությունը, չպատճառաբանված սարսափի զգացումը,
- ագրեսիվությունը,
- դողը,
- պատրանքները, զառանցանքները,
- մղձավանջային երազները։

Լայն տարածում գտած կախում չառաջացնող դեղամիջոցներ

Կախյալություն չառաջացնող մի շարք դեղամիջոցներ՝ հատկապես ցավազրկողները (ասպիրին, անալգին, պարացետամոլ), լուծողականները (անգլիական աղ), հակահազային դեղամիջոցները (լիբեքսին, բրոմհեքսին, պերտուսին), հակաալերգիկ դեղամիջոցներ (դիմեդրոլ, սուպրաստին), հարբուխի ժամանակ օգտագործվող քթի կաթիլները (սանորին, նաֆթիզին, գալազոլին), անաբոլիկները և ստերոիդ հորմոնները, անտիբիոտիկները (ամպիցիլին, պենիցիլին, լևոմիցետին, տետրացիկլին) տարածված են, հեշտ են ձեռք բերվում և հաճախ օգտագործվում են առանց բժշկի նշանակման։ Այս առումով մեծ է դրանց ոչ տեղին կամ սխալ ընդունման և գերդոզավորման վտանգը։

Ցավազրկողները (ասպիրին, անալգին, պարացետամոլ) հեշտ են ձեռք բերվում և հաճախ չարաշահվում են։ Ասպիրինը տարբեր դեղամիջոցների կազմի մեջ մտնող արդյունավետ հակաբորբոքային և ցավազրկող դեղանյութ է։ Ասպիրինը հաճախ ընդունում են առանց բժշկի հետ խորհրդակցելու՝ հաշվի չառնելով նրա կողմնակի ազդեցությունները։ Դա կարող է հանգեցնել ստամոքսի, աղիների խոցի առաջացման։ Ասպիրինը նաև ընկճում է արյան մակարդելիությունը և հատկապես վտանգավոր է գրիպի դեպքում։ Ասպիրինի ընդունումն արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին։

Լուծողականներն ընդունվում են փորկապությունը բուժելու նպատակով։ Լուծողականների չվերահսկվող ընդունումը կարող է հանգեցնել ուժեղ, երկարատև լուծի և ջրազրկման։

Հակաալերգիկ դեղամիջոցներն օգտագործվում են ալերգիկ հարբուխի կամ այլ ալերգիկ վիճակների ժամանակ։ Հակաալերգիկ աերոզոլների երկարատև կիրառումը բերում է քթի լորձաթաղանթի վնասման և քթային հաճախակի արյունահոսությունների։

Անաբոլիկները և ստերոիդ հորմոնները կիրառվում են որոշ հիվանդությունների բուժման, մարմնի քաշն ավելացնելու համար։ Երբեմն անաբոլիկներ են օգտագործում նաև մարզիկները՝ մկանային զանգվածն ավելացնելու և կարճ ժամանակում մարզական բարձր արդյունքների հասնելու նպատակով։ Սակայն անաբոլիկների երկարատև օգտագործումն առաջ է բերում սեռական թուլություն կամ ամլություն, լյարդի քաղցկեղ և այլն։

Անտիբիոտիկները, հատկապես ամպիցիլինը, պենիցիլինը, լևոմիցետհնը, տետրացիկլինը և այլն, շատ հաճախ օգտագործվում են առանց բժշկի նշանակման՝ չպահպանելով դեղաչափը, խախտելով դեղամիջոցի ընդունման կարգը: Այս խմբի դեղամիջոցներից շատերն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ աղիների, երիկամների, լյարդի, արյունաստեղծ համակարգի և այլ օրգանների վրա, ինչը հաշվի չեն առնում ինքնաբուժմամբ զբաղվողները։

Դեղանյութերի սխալ ընդունման և չարաշահման կանխումը

Դեղանյութերի չարաշահումը միշտ չէ, որ դիտավորյալ է կատարվում։ Զգույշ լինելով՝ հնարավոր է կանխել դեղանյութերի սխալ օգտագործումը կամ չարաշահումը։

- Աշխատեք պատկերացում կազմել ձեր կողմից ընդունվող բոլոր դեղամիջոցների մասին։
- Կարդացեք դեղանյութի ընդունման վերաբերյալ ցուցումները և ընդունեք այն միայն բժշկի նշանակմամբ՝ ճիշտ պահպանելով նրա ցուցումները։
- Հարցրեք ձեր բժշկից դեղորայքի ուղղակի և կողմնակի ազդեցությունների, հնարավոր հակացուցումների կամ մեկ այլ դեղամիջոցի հետ զուգահեռ ընդունման դեպքում դրանց փոխազդեցությունների մասին։
- Երբեք մի՛ ընդունեք ուրիշ հիվանդի համար դուրս գրված դեղամիջոցները։
- Միշտ պահեք դեղերն իրենց տուփերի մեջ՝ հաշվի առնելով տեղեկագրում նշված պայմանները։
- Հաճախ վերանայեք դեղերի տնային արկղիկը և դեն նետեք ժամկետանց դեղամիջոցները։ Օգտագործման ժամանակն անցնելուց հետո դրանք դառնում են վնասակար կամ թունավոր։
- Դեղատուփի վրա միշտ գրեք դեղի անունը։
- Դեղերի արկղիկը պահեք երեխաներին անհասանելի տեղում։

Ամփոփում

- Հրաժարվեք վնասակար սովորույթուններից։ Դա ձեր առաջին քայլն է առողջ ապրելակերպ վարելու ուղղությամբ։
- Ճիշտ սնվեք, հետևեք ձեր քաշին և անընդհատ զբաղվեք ֆիզիկական վարժություններով։
- Սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու նպատակով դադարեք ծխել և նվազեցրեք խոլեսթերինով հարուստ սննդի օգտագործումը։
- Եթե տուժածի վիճակը նյութերի սխալ ընդունման կամ չարաշահման հետևանք է, ապա ցուցաբերվող առաջին օգնությունը նույնն է, ինչ թունավորումների դեպքում։ Անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։
- Եթե տուժածն ընդունած նյութերի ազդեցության տակ դարձել է անկառավարելի և վտանգավոր, ապահովեք ձեր սեփական անվտանգությունը և սպասեք բժշկական անձնակազմի ժամանելուն։

 

Աղբյուրը` Հայկական կարմիր խաչի ընկերություն