Սեռական կրթությունը (սեռակրթություն) աճող սերնդի դաստիարակության անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Յուրաքանչյուր երեխա հետագայում պետք է կին կամ տղամարդ դառնա: Տղամարդուն՝ տղային և կնոջը՝ աղջկան անհրաժեշտ է դաստիարակել դեռ վաղ մանկությունից, այլապես նրանց անձի ձևավորման հարցում անխուսափելի կլինեն այն շեղումները, որոնք լուրջ արգելքներ կստեղծեն նրանց հետագա կյանքի ընթացքում:

Սեռական հատկանիշների առկայությունը չի նշանակում, որ տղայի կամ աղջկա հետագա զարգացումը կանխորոշված է: Աճող օրգանիզմի հոգեբանական զարգացումը բարդ և հարաշարժ գործընթաց է: Ընտանիքում և նրանից դուրս երեխաների սեռակրթությունը պետք է այնպիսին լինի, որ նրանք գիտակցեն իրենց՝ այս կամ այն սեռի ներկայացուցիչ լինելը, իսկ ամենակարևորը՝ իրենց պահեն տվյալ սեռին համապատասխան: Դա նշանակում է, որ պե°տք է և պարտադի°ր է նրանց օգնել՝ սեռական դերերի ճի°շտ յուրացման հարցում: Ծնողների օգնությամբ նրանք պետք է յուրացնեն սեռերի փոխհարաբերության մեջ անհրաժեշտ բարեկրթության և բարոյական նորմերի սկզբունքները, որպեսզի հետագայում այդ նորմերը դառնան դեռահասի ներքին համոզմունքը: Տղամարդու և կնոջ հարաբերություններում եղած բարոյականությունը չի կարելի դիտարկել այլ անձանց կամ աշխարհի նկատմամբ ունեցած բարոյական նորմերից դուրս:

Սեռակրթությունը երեխաների, դեռահասների, երիտասարդների մեթոդական ներգործության մի համակարգ է, որը կոչված է ճիշտ ձևավորել շրջապատի նկատմամբ տվյալ սեռի համար բնորոշ վերաբերմունքը:

Անհրաժեշտ է, որ ծնողը (կամ դաստիարակը) իր համար պարզի առնականության և կանացիության հասկացությունները. ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի տղամարդը և ինչպիսի՞ն՝ կինը: Այդ հատկանիշների բնորոշումը խիստ հակասական է, երբեմն` վիճահարույց, և պայմանավորված է հասարակական գիտակցության մեջ տղամարդու և կնոջ իդեալի մասին անորոշ, ոչ ստույգ պատկերացմամբ:

Ըստ ավանդական ստերեոտիպի՝ առնականությանը վերագրվում են հետևյալ հատկանիշները՝ ակտիվությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, հոգեկան և ֆիզիկական ուժը, ինքնավստահությունը, կամքը, զգացմունքային զսպվածությունը, նախաձեռնողականությունը:

Կնոջը բնորոշ են մեղմությունը, հեզությունը, թուլությունը, զգացմունքայնությունը, կախյալ և ենթակա լինելը:

Աշխատանքային և հասարակական կյանքում կնոջ դերի ընդլայնման հետ կանացիության, ինչպես նաև առնականության դասական հատկանիշները զգալի փոփոխություններ են կրել: Կնոջն արդեն բնորոշ են նաև գործնականությունը, նպատակասլացությունը, կամքը, հատկանիշներ, որոնք ավանդաբար վերագրվում էին միայն տղամարդուն: Այժմ տղամարդկանց և կանանց հատկանիշների լիակատար հակադրությունը փոխարինվում է փոխադարձ փոխարինելիությամբ, համագործակցությամբ: Այս ամենը հանգեցրել է դերերի ճկուն տեղաբաշխմանը և հատկանիշների առավել բազմազան կազմի հայտնվելուն: Հասարակությունն արդեն զգացել ու շարունակում է զգալ կանանց էմանսիպացիայի բացասական ազդեցությունը. նկատվում է այդ հակման հետաճ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ էմանսիպացիան ետ կշրջվի, և կինը նորից կախյալ կդառնա: Ավագները (ծնողները, մանկավարժները, բժիշկները) կարող են օգնել իրենց երեխաներին՝ գիտակցելու ապագա երջանիկ և ներդաշնակ ընտանիքի անհրաժեշտությունը:

Շատ ու շատ այլ բաներից զատ, պետք է խելացիորեն ու նրբանկատորեն խրախուսել աղջկա մեջ կանացիության գծերը, տղայի մեջ՝ առնականությունը:

Աղջկան ճիշտ կողմնորոշելը չի նշանակում՝ նրան միայն հագցնել և դաստիարակել իր սեռին համապատասխան: Անհրաժեշտ է զարգացնել հետաքրքրությունը կանացի զբաղմունքների և խաղերի նկատմամբ, ընտելացնել տնային աշխատանքին, «պատվաստել» կանացի հմտություններ, ապագա մոր մեջ զարգացնել գթասրտություն ու քնքշություն:

Տղայի սեռակրթությունն իր առանձնահատկություններն ունի: Որպեսզի ապագա տղամարդու մեջ «պատվաստվի» պատասխանատվության և ինքնուրույնության զգացումը, անհրաժեշտ է դրանք զարգացնել հենց սկզբից, հնարավորություն տալ երեխային (նրբանկատորեն ուղղություն տալով) ինքնուրույն որոշումներ կայացնել: Այստեղ վնասակար են թե° նրա կամքի կոտրումը և թե° ծնողների ավելորդ մեղմությունը: Այսպիսի դեպքերում մեծանում է կամազուրկ, կախյալ և պասիվ անձնավորություն:

Պետք է մտահոգվեն ծնողներն այն աղջկա, ով տիկնիկով չի խաղում և կռվում է տղաների հետ: Նմանապես, մտահոգության է արժանի այն տղան, ով չափից դուրս մեղմ է, լսող և օրինակելի: Այսպիսի երեխայի մեջ պետք է արթնացնել նախաձեռնողականություն, հրապուրել հետաքրքիր տղամարդկային զբաղմունքով, որը կօգնի տղամարդկանց միջավայրում նրա հեղինակության ձեռքբերմանը:

Անչափ կարևոր է, թե ինչպիսի ընտանիքում է մեծանում երեխան, քանզի երեխաների սեռակրթության հարցում առաջատար դերը, ամենից առաջ, ընտանիքինն է, ոչ թե դպրոցինը, դասախոսություններինը կամ գրքերինը:

Ծնողները ժամանակի առումով առաջին դաստիարակներն են: Նրանք ամեն օր շփվում են երեխաների հետ, գիտեն նրանց հոգսերը: Ընդ որում, հայրը կամ մայրը տարբեր կերպ են շփվում տղայի կամ աղջկա հետ: Հակառակ սեռի մարդու հետ ունեցած հարաբերությունների մոդելը երեխայի մեջ ընդհանուր գծերով ձևավորվում է արդեն մինչև դպրոց գնալը, քանի որ վաղ մանկական հասակում դաստիարակությունը ընթանում է ծնողների հետ իրեն նմանեցնելու ճանապարհով: Տղան հոր վարքագծում գտնում է իր սեփական սեռական դերի, իսկ մոր կերպարում՝ իր ապագա ընտրյալի օրինակը: Նույնը կարելի է ասել նաև աղջկա մասին:

Այսպիսով՝ արդեն երեխայի դպրոց գնալու ժամանակ նրա մեջ ձևավորված են սեռակրթության հիմքերը՝ ծնողների կենդանի օրինակի և շփման շնորհիվ:

Ճիշտ հոգեսեռական զարգացման համար ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին երկու ծնողներն էլ անհրաժեշտ են: Ոչ լրիվ, մեծ մասամբ մորից և երեխաներից կազմված ընտանիքներում, որտեղ բացակայում է արական սեռի կերպարը, արական տիպի վարքագծի ձևավորումը հաճախ աղավաղվում է:

Անբարենպաստ ընտանիքներում բախումների հետևանքով երեխաները հետագայում դժվարություններ են ունենում իրենց սեփական ընտանիքի ստեղծման հարցում և ընդհանրապես հիասթափվում են այդպիսի հարաբերություններից: Այս երեխաները հաճախ նորմալ հարաբերություններ փնտրում են ընտանիքից դուրս և կարող են հարել սոցիալապես վտանգավոր խմբերի (թմրամոլներ, արվամոլներ, աղանդավորներ և այլն), որոնց ազդեցությունն անկանխատեսելի է:

Ոչ նպաստավոր վիճակում են գտնվում նաև իշխող մայրերի (այսպես կոչված՝ մայրիշխանություն) որդիները: Ինքնուրույնության ճնշումը և հոր՝ որպես տղամարդու աղավաղված օրինակը բացասաբար են անդրադառնում տղայի բնավորության առնական գծերի ձևավորման և վարքագծի վրա:

Ձգտելով զարգացնել որդու առնականությունը՝ ծնողները պետք է հանդես բերեն մեծ ճկունություն և նրբանկատություն: Կարևոր հանգամանք է երեխայի բնավորության և հակումների հետ հաշվի նստելը: Դիրքորոշման չափից ավելի խստությունը և գերպահանջկոտությունը կարող են վնաս հասցնել, անգամ հիվանդությունների պատճառ դառնալ:

Ծնողները պետք է հասկանան, որ բնավորության որոշ առնական կամ կանացի գծեր կարող են ուշ արտահայտվել: Հարկ չկա չափից ավելին եռանդ ու ուժեր ներդնել այս կամ այն գծի արագ ի հայտ գալուն, հատկապես զարգացման ճգնաժամային շրջաններում: Այս ճանապարհով կարելի է կախյալ ու կանացի տղա դաստիարակել: Բնավորության ցանկացած տիպի դեպքում նախ և առաջ պետք է երեխայի վարքի առանձնահատկությունները համապատասխանեցնել բարոյական նորմերին, ոչ թե բռնանալ, այլ հենվել բնավորության ուժեղ կողմերի վրա: Պայքարը բնավորության անցանկալի գծերի դեմ չպետք է վերածվի անհատականության դեմ պայքարի: Ցանկացած տարիքում և բնավորության ցանկացած տիպ ունենալու դեպքում ծնողների կարևորագույն խնդիրն է մեղմել վարքագծի՝ հատկապես կոնֆլիկտների հանգեցնող առանձնահատկությունները, զարգացնել իր և հակառակ սեռի հետ բարյացակամորեն շփվելու ունակություն:

Առավել բարեհաջող է ընթանում երեխայի անձի և նրա առնականության կամ կանացիության ձևավորումը լիարժեք ու ներդաշնակ ընտանիքում, որտեղ ծնողների հարաբերությունները կառուցվում են տղամարդկային կամ կանացի էության փոխադարձ հարգանքի և փոխօգնության հիման վրա: Վարքագծի տղամարդկային և կանացի տիպարների ձևավորումը զգալիորեն բարդանում է ոչ լիարժեք ընտանիքներում:

Տղաների անձի ձևավորման, նրանց կողմից տղամարդու սեռական դերի յուրացման հարցում հորը առանձնահատուկ դեր է հատկացվում: Հոր հետ բավարար չափով շփումից զրկված տղաները մեծանալով, որպես կանոն, հայրական պարտականությունները կատարելիս դժվարանում են, ինչը, անկասկած, բացասաբար է անդրադառնում երեխաների անձի ձևավորման վրա: Երբ տղաները մեծանում են առանց հայրական դաստիարակության կամ առանց հոր, նրանք կարող են կանացի վարքագիծ յուրացնել, և նրանց համար տղամարդկային նորմալ վարքագիծը կարող է կոպիտ, ագրեսիվ և դաժան վարմունք համարվել: Այսպիսի տղաների մեջ դժվար է զարգացնել կարեկցանքի, դիմացինին հասկանալու, ինչպես նաև ինքնատիրապետման, իր վարքագիծը ղեկավարելու ընդունակություններ: Մեծանալով՝ նրանք դառնում են ոչ բավականաչափ հասուն ու նպատակամետ, պակաս նախաձեռնող և պակաս հավասարակշռված, երկչոտ: Սեռակրթության հարցում հոր դրական դերը մոր համեմատությամբ նրա զգացմունքային առավել հավասարակշռվածության մեջ է: Տղամարդկային դիրքորոշման հարցում մեծ նշանակություն է տրվում արարքներին, այլ ոչ թե ապրումներին:

Դաստիարակության գործընթացում հոր ընդգրկված չլինելը բերում է առնականությանը փոխարինող այլ երևույթների ձևավորման, որոնք արտահայտվում են ագրեսիվությամբ, կռվազանությամբ և վարքի այլ շեղումներով (հակվածություն խմիչքի, օրինախախտումների նկատմամբ): Այդ իսկ պատճառով, եթե տղան ոչ լիարժեք ընտանիքում է դաստիարակվում, անհրաժեշտ է ապահովել հոր հետ նրա շփումը: Ճիշտ են վարվում ամուսնալուծված այն կանայք, ովքեր չեն փորձում երեխայի մեջ բացասական վերաբերմունք ստեղծել հոր նկատմամբ և չեն խոչընդոտում նրանց հանդիպումները: Իսկ եթե հոր հետ շփումն անհնար է, պետք է ջանալ, որ տղան կողմնորոշվի այլ դաստիարակի՝ բարեկամի, մանկավարժի, մարզիչի օրինակով:

Հարկ է խոսել նաև դաստիարակության հարցում հաճախ հանդիպող մի շեղման մասին, որը թուլացնում է տղաների մեջ առնականության ձևավորումը. դա միայնակ մայրերի չգիտակցված ձգտումն է որդու հայրական սիրո պակասը լրացնել իր քնքշությամբ: Մայրերը հաճախ գրկում են տղաներին, համբուրում շուրթերը, տղային կարող են իրենց անկողնում քնեցնել, հանվել նրա ներկայությամբ և այլն: Այս ամենը սեռականորեն խթանում է երեխային, նրա տրամադրությունը կարող է ընկճվել, նա դառնում է մռայլ, անտարբեր: Մայրը պետք է գիտակցի որդու հետ նմանօրինակ փոխհարաբերությունների վնասակարությունը: Աղջկան փաղաքշանքը չի վնասում: Ընդհակառակը, նրան անհրաժեշտ են նուրբ հպումներ (կարծիք կա, որ աղջկան 10 անգամ ավելի են դրանք անհրաժեշտ, քան տղային): Սակայն այս պարագայում ևս փաղաքշանքների որոշակի բնույթի դեպքում (շուրթերը համբուրելը, հետույքը, որովայնը, ազդրերը կսմթելը) հնարավոր են անցանկալի հոգեսեռական հետևանքներ:

Առանց հայր ընտանիքում դաստիարակվող աղջկա մեջ պակաս հաջողությամբ են ձևավորվում պատկերացումները տղամարդկային վարքագծի մասին, այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ հետագայում նրանք լավ հասկանան իրենց ամուսիններին և որդիներին, այսինքն՝ հաջողությամբ կարողանան իրականացնել կնոջ և մոր դերը: Հաճախ տղամարդկանց մասին պատկերացումների ձևավորման հարցում մոր անձնական կյանքի բացասական օրինակը, նրա ընտանեկան կյանքի խորտակումը հանգեցնում է ամուսնուց, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես տղամարդկանցից հիասթափվելուն: Խելացի մայրը աղջկա վզին չի փաթաթում իր դառնությունները, նրան դաստիարակելիս իր սեփական փորձի շրջանակներով չի սահմանափակվում: Սակայն նույնիսկ այս դեպքում աղջկա մեջ ձևավորվող իդեալը հեռու է իրականությունից. այն փոխառնված է գրքերից և ֆիլմերից, որը կարող է կյանքում հեշտությամբ հանգեցնել հիասթափության: Եվ բոլորովին էլ հիմք չունի այն պատկերացումը, թե իբր մայրը միայնակ ի վիճակի է աղջկան տալ ճիշտ դաստիարակություն:

Այսպիսի իրավիճակներում երեխաների հոգեսեռական զարգացումը կարող է լրջորեն խաթարվել, ընդ որում դժվարանում է ոչ միայն կանացիության իդեալի ձևավորումը, այլև բարյացակամ հաղորդակցման և կարեկցելու ընդունակության զարգացումը, որն այնքան անհրաժեշտ է մարդկանց փոխհարաբերություններում:

Սեռակրթության սկզբունքները

Դարեր շարունակ սեռականին վերաբերող ամեն ինչն արգելված էր, իսկ սեռական փոխհարաբերությունների հարցերի քննարկումը համարվում էր ուղղակի հանցանք: Դա պայմանավորված էր էթնիկական առանձնահատկություններով, հնարավոր է` նաև այս խնդիրների ուսումնասիրված չլինելով կամ թյուր պատկերացումներով, որոնք, ցավոք, այժմ էլ լայն արմատներ ունեն: Սեռակրթության հարցում դժվարությունները քիչ չեն: Շատ ծնողներ, նաև նրանք, ովքեր պետք է զբաղվեն տղաների և աղջիկների սեռակրթությամբ, իրենք էլ պատրաստ չեն այդ պատասխանատու գործին, վատ գիտեն, կամ նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում սեռակրթություն (սեռական դաստիարակություն):

Մինչդեռ հարկ է, որ երեխաների սեռակրթությունը սկսվի հենց վաղ հասակից, իսկ ծնողները, լավ իմանալով սեռական և հոգեսեռական զարգացման փուլերը, անհրաժեշտ օգնություն և ուղղություն ցույց տան նրանց:

Ի դեպ, հայրերը սակավ դեպքերում են զբաղվում այսպիսի հարցերով, դե, մայրերն էլ չեն շտապում: Պատճառը նրանց անտեղյակությունն է: Սեռերին վերաբերող ողջ տեղեկատվությունը ժամանակին պետք է տրվի, այն էլ երեխաների համար մատչելի մակարդակով: Անհրաժեշտ է երեխային հաղորդել ոչ ամեն ինչ, այլ միայն այն, ինչը կարող է հասկանալի լինել նրան: Դրա համար նախքան երեխայի հարցին պատասխանելը, հարկավոր է բարյացակամորեն հարց ու փորձ անել, թե նա ի՞նչ գիտի տվյալ հարցի վերաբերյալ, այնուհետև, եթե հարկ կա, ուղղել և ընդլայնել նրա պատկերացումները: Բացատրությունները պետք է լինեն պարզ ու հասկանալի, առանց այլաբանության և առանց կենդանիների ու բույսերի կյանքից վերցրած օրինակներին դիմելու: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև բացատրությունների լեզվին: Եթե բացատրությունը տարվում է միայն մանկական բառապաշարով, ապա հետագայում դա շատ ծիծաղելի կլինի, իսկ փողոցի լեզուն էլ անպատշաճ է: Ամենից ճիշտը երեխային ժամանակին բժշկական համապատասխան տերմիններին ծանոթացնելն է: Օրինակ՝ եթե դուք զրուցում եք երեխայի հետ տղաների ու աղջիկների սեռական տարբերությունների մասին, ապա սկսելով ձեր ընտանիքում ընդունված անվանումներից (ասենք՝ պուպուլիկ)՝ նշեք դրանց բժշկական տերմինները՝ առնանդամ, ամորձիներ, մեծ և փոքր սեռական շուրթեր, արգանդ, ձվարաններ և այլն: Եթե դուք զրուցում եք բեղմնավորման, հղիության և երեխաների ծնվելու թեմաների շուրջ, ապա լիովին տեղին է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են ձվաբջիջը, սերմնաբջիջը, բեղմնավորումը, պորտալարը, ընկերքը և այլն: Ընդ որում, ծնողը, իհարկե, պետք է կողմնորոշվի նաև երեխայի զարգացման մակարդակով և այդ բնագավառում իր ունեցած գիտելիքներով: Եթե ծնողներն իրենք էլ քիչ են ծանոթ բժշկական տերմինաբանությանը, ապա ավելի լավ է դիմել գրականությանը կամ մասնագետի օգնությանը:

Տեղեկատվությունը անպայման պետք է ճշմարտացի լինի: Մի° մոռացեք՝ ճշմարտությունը մերձեցնում է մեծերին և փոքրերին, իսկ պատասխանից խուսափելը նրանց հեռացնում է: Պատասխանի բովանդակությունը պետք է հետաքրքիր լինի երեխային, որպեսզի նա հաջորդ անգամ ևս դիմի ծնողներին: Պատասխանների բովանդակությունը պետք է կապել ավելի ընդհանուր հասկացությունների հետ, ուշադրությունը կենտրոնացնել տվյալ պահին քննարկվող հարցի բարոյական կողմի վրա: Հենց ծնողը պետք է լինի առաջինը, ով կոչված է ձևավորելու և ամրապնդելու համապատասխան գիտելիքների և համոզմունքների հիմքը, երեխային պաշտպանելու փողոցային «լուսավորիչների» վնասակար ազդեցությունից: Ահա թե ինչու միշտ չէ, որ պետք է սպասել երեխայի հարցերին: Երեխայի հետ ցանկալի խոսակցություն սկսելու համար կարելի է օգտագործել այս կամ այն մասնագիտական-տեղեկատվական հաղորդումը: Ցանկալի է, որ մինչև դպրոց հաճախելը, երբ մեծ է «կողքից լուսավորելու» հնարավորությունը, երեխաներն անհրաժեշտ գիտելիքներ ունենան սեռերի միջև եղած տարբերությունների և սերնդի շարունակության մասին: Եթե դա չի արվել ժամանակին, ապա բաց թողնվածը պետք է լրացնել, երբ երեխան դեռ ցածր դասարանում է և շրջապատի նկատմամբ իրեն համեմատաբար անվստահ է զգում: Իսկ եթե ծնողները նրան արդեն հասցրել են պատմել, որ իրեն արագիլն է բերել, կամ գտել են կաղամբի միջից, ապա պետք է շտկել դրությունը՝ ասելով, որ նա արդեն մեծացել է, և նրան կարելի է բացատրել, թե իրականում ինչպես է կատարվել:

Դեռահաս տարիքում շատ կարևոր է սեռական հակում չդրդելու սկզբունքը: Այնուամենայնիվ, սեռաբանների կարծիքով, սեռական հակումը նվազագույն լարվածության վիճակում պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ երիտասարդի մեջ չի մշակվել բավական ուժեղ, բանականությամբ և բարոյականությամբ պայմանավորված արգելակիչ դիրքորոշում:

Սեռակրթության հարցում շատ կարևոր է երեխայի հանդեպ մեծահասակների ունեցած վստահությունը: Նա պետք է զգա, որ մեծերին ծանոթ են իր պրոբլեմները, որ ավագներն էլ են ապրել այդ ամենը ու պատրաստ են օգնելու իրեն այդ հարցում: Անվստահությունը, կասկածամտությունը և հետամուտ լինելը հազիվ թե կանխեն նրա սեռազգայունության վաղ արթնացումը կամ պատնեշեն սեռական անպատասխանատու վարքագիծը. ընդհակառակը, կարող են հրահրիչ դեր խաղալ: Դեռահասների նկատմամբ մեծերի վերաբերմունքը ստուգվում է այն իրավիճակներում, երբ դեռահասները հանդիպում և ժամանակ են անցկացնում այլ սեռի անձանց հետ: Երիտասարդության նման վարքագիծը պայմանավորված է ոչ թե վերջին վայրկյանին արված նախազգուշացումներով ու արգելքներով, այլ ողջ նախընթաց դաստիարակությամբ: Անհրաժեշտ է դեռահասին ուղղություն տալ և աջակցել նրբանկատորեն և ոչ թե կպչել նրա ինքնասիրությանը: Ընդ որում, ոչ մի դեպքում չի կարելի քմծիծաղով մոտենալ նրա սեռական վարքագծի այս կամ այն դրսևորմանը: Դա վանում է դեռահասին, և հետագայում դժվար կլինի վերադառնալ այնպիսի մտերմիկ հարաբերությունների, որոնք կարող են դաստիարակչական ազդեցություն ունենալ:

Անհրաժեշտ է դեռահասի մեջ մշակել ոչ միայն իր ցանկությունները խոհեմաբար ղեկավարելու ընդունակություն, այլև հոգատար վերաբերմունք իր ապագա դերի նկատմամբ: Այսինքն՝ նա պետք է լավատեսորեն վերաբերվի սիրոն, ընտանիքին, հղիությանը, ծննդաբերությանը: Ընդ որում, նրա վերաբերմունքը ձևավորվում է այս հարցերի նկատմամբ ծնողների ունեցած վերաբերմունքով: Եթե երեխան մեծերի մեջ միայն տառապանք է տեսնում փոքրերի դաստիարակության կամ տնտեսության վարման մեջ, եթե նա չի հասկանում, թե հանուն ինչի պետք է կրել այս դժվարությունները և համոզված չէ, որ դրանք բնական են և երբեք էլ չափից ավելին չեն, ապա նրանում բարյացակամ վերաբերմունք չի առաջանում այդ ամենի նկատմամբ, և ապագա ընտանիքի ամրությունն արդեն խարխլված է մինչև նրա ստեղծվելը:

Շատ կարևոր է երեխաների ըմբռնմանը հասցնել այն, որ տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունները, հասարակության, մարդկանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների մյուս ձևերի նման ենթակա են հասարակական կարգ ու կանոնին, բարոյական նորմերին: Սակայն այդ նորմերի զուտ բացատրությունը բավական չէ: Դրանք պետք է դառնան դեռահասի սեփական համոզմունքը: Իսկ դրա համար հարկ է, որ այդ նորմերը դեռահասը վերապրի՝ ընդունելով իբրև անձնական փորձի մի մաս: Ծնողները պետք է ուղղություն տան այդ փորձին, օգնեն երիտասարդին՝ այն իմաստավորելու: Այս դեպքում բարոյական նորմերը կդառնան դեռահասի ներքին դիրքորոշումը:

Ինչպե՞ս կանխել սեռական կյանքի վաղ սկիզբը: Ի դեպ, նման իրավիճակներում հաճախ ընկնում են հետաքրքրությունների սահմանափակ շրջանակ և չձևավորված բարոյական հասկացություններ ունեցող դեռահասները: Ուստի և հարկավոր է վաղ մանկական հասակից օգնել երեխային՝ ընդլայնելու իր հետաքրքրասիրությունների շրջանակը, զարգացնել նրա ընդունակությունները: Պատանին պետք է ըմբռնի, որ սեռական մերձեցումը երջանկություն է պատճառում միայն այն դեպքում, երբ կա սեր, առանց որի այն կորցնում է իր իմաստը և դառնություն բերում: Պետք է գիտակցի, որ իսկական սիրո համար պետք է անհատի հասունություն, որը տարիների ընթացքում է ձեռք բերվում: Դեռահասը պետք է հասկանա նաև, որ վաղաժամ սեռական հարաբերությունները սպառնալիքի տակ են դնում առողջությունը, ուսումը, մասնագիտության ձեռքբերումը, այսինքն՝ կարող են աղավաղել նրա ողջ ապագան: Նա պետք է գիտակցի, որ իսկական հասունացումը սեռական կապի մեջ մտնելը չէ միայն, այլ այդ հարաբերությունների համար ողջ պատասխանատվությունը կրելու հնարավորությունը:

Մի շարք երկրներում պատանեկան և դեռահասային տարիքում այլընտրանքային սեռական կյանքի դեր է խաղում պետտինգը, որը հնարավորություն է տալիս վերացնել ֆիզիոլոգիական լարվածությունը և սեռական բավարարվածություն ստանալ՝ կազմաբանորեն (մորֆոլոգիապես) պահպանելով կուսությունը և խուսափելով հղիությունից (բնականաբար, սա հնարավոր է միայն խիստ ինքնակառավարման դեպքում): Ծնողները, անշուշտ, պետք է պատկերացում ունենան պետտինգի մասին, հասկանան նրա նշանակությունը: Սակայն, ասենք, որ երեխաների հետ այս պրոբլեմի քննարկումը ծնողների համար դժվար է: Ավելի նպատակահարմար է, որ այդօրինակ քննարկումը դեռահասների համար կազմակերպվի դասախոսությունների կամ սեռակրթության դասերի ժամանակ:

Պետտինգի մասին խոսակցությունը ծնողների և երեխաների միջև հնարավոր է լրիվ փոխվստահելի իրադրության պայմաններում: Ի՞նչ անել, եթե պարզվի, որ դեռահասը, ասենք, օրինակ՝ 15-16 տարեկանում արդեն սկսել է սեռական կյանքով ապրել: Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ այսօրվա հասուն տղամարդկանց 30 տոկոսը, իսկ կանանց 3 տոկոսը սեռական կյանքն սկսել է մինչև 17 տարեկանը: Այսօրվա դեռահասները այդ առումով զգալիորեն ակտիվ են, գիտեն արհեստական վիժում (աբորտ) կատարելու հնարավորության մասին, ընդհանուր առմամբ տեղյակ են հակաբեղմնավորիչ միջոցների մասին: Ուստիև տեղին է նրանց հետ զրույց ունենալ հղիության կանխման հարցերի շուրջ: Աբորտի հասցրած վնասը միայն այն չէ, որ առաջին հղիությունն ընդհատող յուրաքանչյուր վեցերորդ կին չի կարող երեխա ունենալ: Հաստատված է նաև աբորտների անմիջական ազդեցությունը հետագա հղիությունների ընթացքի վրա, ապագա երեխաների առողջության և կենսունակության վրա:

Անհրաժեշտ է դեռահասներին տեղեկացնել հղիության կանխման տարբեր մեթոդների, դրանց հնարավորությունների և անվտանգության աստիճանի մասին: Ընդ որում, պետք է նշել, որ դրանցից ոչ մեկը լիարժեք երաշխիք չի տալիս, էլ չասենք, որ դեռահասային տարիքում կանխարգելիչ ոչ բոլոր ձևերից կարելի է օգտվել: Անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ և ապահովել հղիության կանխումը՝ առողջության համար նվազագույն վտանգով, ինչը կապահովվի անհատական մոտեցման դեպքում:

Դեռահասները պետք է իմանան, որ հնարավոր է բեղմնավորում՝ առանց կուսության խախտման: Այն կարող է առաջանալ փաղաքշանքների ժամանակ հնարավոր սերմնաժայթքման հետևանքով, երբ սերմը լցվում է ոչ թե հեշտոցի մեջ, այլ արտաքին սեռական օրգանների, շեքի և ազդրերի մաշկի վրա: Խոնավ միջավայրում շատ շարժուն սերմնաբջիջները կարող են ինքնուրույն թափանցել հեշտոցի մեջ, ապա՝ արգանդի վզիկը, արգանդը և բեղմնավորել ձվաբջիջը:

Անհրաժեշտ է պատանիների մեջ ձևավորել պատասխանատվության զգացում զուգընկերուհիների հանդեպ: Նրանք պետք է հասկանան, որ աղջիկը սեփական բավարարվածությանը հասնելու միջոց չէ, որ ինտիմ մերձեցումը կարող է հանգեցնել անցանկալի հղիության: Հղիության փաստը չի փոխհատուցվում նույնիսկ ամուսնության մտադրությամբ. կյանքում առաջացող դժվարությունների ու վերափոխումների ազդեցությամբ այսպիսի ստիպողական ամուսնությունները հետագայում հաճախ հեշտությամբ քայքայվում են:

Պե՞տք է, արդյոք, որ դեռահասը գրքեր կարդա սեռերի և սեռական կյանքի խնդիրների մասին: Այո°, բայց այն դեպքում, երբ կա ճիշտ և անհրաժեշտ գրականություն: Դժվար է կատարել ճիշտ գրականության ընտրություն, քանզի ճիշտ կողմնորոշող գրքերի կողքին կան նաև այնպիսիք, որոնք գրված են ոչ մասնագետների կողմից և լի են տարբեր բնույթի անհարկի ահաբեկումներով և մեծ վնաս կարող են հասցնել դեռահասին: Նախքան գիրքը նրա ձեռքն ընկնելը ծնողները գոնե թռուցիկ պետք է կարդան այն:

Կարևոր է նաև, որ դեռահասը ստանա այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք նրան անհասկանալի են, որոնք տագնապ են հարուցում: Դեռահասը պետք է վստահ լինի, որ ծնողները նրան կհասկանան ու կօգնեն ճիշտ կողմնորոշվել:

Ընտանեկան կյանքին նախապատրաստելը

Սեռակրթության հիմնական խնդիրներից մեկը դեռահասին ընտանեկան կյանքին նախապատրաստելն է, որին մեր օրերում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Զուգընկերոջ ընտրությամբ են պայմանավորվում ապագա ամուր ընտանիքի հիմքերը կամ, ընդհակառակը, ամուսնության անկայունությունը: Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնացողները, որպես կանոն, միմյանց վատ գիտեն և ընտրյալի մեջ տեսնում են ոչ այնքան իրական, որքան ցանկալի հատկություններ: Որոշ տվյալների համաձայն` ամուսնացած յուրաքանչյուր չորրորդ տղամարդ և յուրաքանչյուր հինգերորդ կին իրենց ընտրությունը սխալ են համարում: Ուրեմն, կարևոր խնդիր է` օգնել երիտասարդին ճիշտ կողմնորոշվել դիմացինի հարցում` ելնելով իր էությունից: Ցավոք, հաճախ դեռահասն ընդօրինակում է ծնողների կյանքի անհաջող փորձը: Այս առումով ծնողները պետք է գաղափար ունենան, թե ինչպիսի ամուսնությունները կայուն լինելու հավանականություն ունեն, իսկ ինչպիսիք` ոչ:

Ամուսնության կայունության վրա առավել բացասական ազդեցություն են թողնում բնավորության այնպիսի գծերը, ինչպիսիք են` կենսուրախության ցածր մակարդակը, թուլակամությունն ու անկայունությունը, մյուս կողմից` իշխողականությունը, դիմացինին նվաստացնելու, ճնշելու գծերը:

Ս.Ս. Լիբիխը մշակել է զուգընկերների հասարակ տիպաբանություն` ամուսնության մեջ նրանց համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը որոշելու համար: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք բաժանված են 2 հիմնական տիպերի` ագրեսիվ-հարձակվող և պասիվ-ենթարկվող: Լավ են համարվում միմյանց հետ հակառակ տիպերով մարդիկ: Բացի այդ, զուգընկերության մեջ առանձնացվել է տղամարդ-հայրը (այսինքն` խնամակալը, սովորաբար, առավել տարիքով, որը ենթակա և կախյալ կնոջ կարիք է զգում) և տղամարդ-տղան, որը կնոջ խնամակալության ու հովանավորության կարիք ունի: Համանման ձևով` կին-մայրը և կին-աղջիկը:

Այս տիպերից յուրաքանչյուրը վատ է կամ լավ ոչ թե առանձին վերցրած, այլ զուգընկերոջ դերի հետ համակցված: Սովորաբար, դերերը բավականաչափ ճկուն են և տարբեր զուգընկերների դեպքում կարող են փոխակերպվել: Այս ճկունությունն արժեքավոր հատկանիշ է, որը, սակայն, կորչում է դաստիարակության գործընթացում: Եթե, օրինակ, տղայի ծնողները ձգտում են նրան հարկադրել այնպիսի պահանջներ, որոնք անհամատեղելի են նրա բնավորության տիպի հետ (կոտրել համառությունը, բնավորությունը վերափոխել և այլն), ծնողների հաղթանակի դեպքում տղամարդը ձևավորվում է որպես տղամարդ-տղա կամ պասիվ-ենթակա տղամարդ:

Երեխաներին ընտանեկան կյանքին նախապատրաստելիս չի կարելի սահմանափակվել միայն նրանց մեջ ապագա ամուսիններին բնորոշ դրական հատկությունների դաստիարակմամբ: Անհրաժեշտ է նրանց նախապատրաստել նաև հոր կամ մոր դերի կատարմանը: Այս պատկերացումները ձևավորվում են 2-3 տարեկան հասակում և ի հայտ են գալիս 3-5 տարեկանում` դերային խաղերի («տուն-տուն») փուլում: Այստեղ, իհարկե, հիմնական նշանակություն ունի ծնողների անձնական օրինակը: Երեխայի դերային խաղերն արտահայտում են նրա ընտանիքին բնորոշ գծերը, ընդ որում` երեխայի մեջ ամրապնդվում է մոր նույնիսկ այնպիսի վարքագիծը, որն իր ժամանակին երեխայի մեջ վախ է առաջացրել: Եվ հենց այս տարիքում է դրվում (կամ չի դրվում) ծնողական դերի այնպիսի զգացումի հիմքը, որը կոչվում է որդեսիրություն: Հետագայում երեխան արդեն իմաստավորում է ընտանիքում տեղի ունեցող անցուդարձը, փորձում է ըմբռնել այդ ամենը, արդեն ջանում է ծնողներին չնմանվել, հակառակ տիպի իդեալ ընտրել` կողմնորոշվելով արտաընտանեկան օրինակներով, սակայն ընտանիքում ընկալվածը խանգարում է նման ձևավորմանը:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան