Եվ այսպես, եկեք լույս սփռենք այս առեղծվածային մասնագիտության' հոգեբանի էության վրա:


Մեր հասարակության մեջ, որտեղ հոգեբանությունը նոր-նոր է սկսել տարածում գտնել, մարդկանց մեծ մասը դեռևս այնքան էլ չի ըմբռնում "հոգեբան" բառի իմաստը կամ էլ վատ պատկերացում ունի վերջինիս աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:
Իսկ երբ որևէ առարկայի վերաբերյալ առկա է տեղեկատվության պակաս, գործի են դրվում բոլոր հնարավոր կռահումները, լեգենդներն ու առասպելները:

Դիտարկենք հոգեբանների մասին առավել տարածված առասպելները.

1) Հոգեբանն ու հոգեբույժն ըստ էության նույնն են:

Հոգեբույժը հոգեկան խախտումների (հիվանդությունների) ախտորոշման և բուժման ոլորտում մասնագիտացած անձն է: Գործածում է բուժման բացառապես դեղամիջոցային մեթոդները, ինչպես նաև հոգեթերապիայի տարբեր տեսակներ:

Հոգեբույժն աշխատում է հոգեպես վատառողջ մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեկան լուրջ շեղումներ: 

Ասոցիատիվ շարք. դեղահաբեր, պալատ, էլեկտրաշոկային թերապիա, մանիակալ-դեպրեսիոն պսիխոզ ... 

Հոգեբանը  բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած մասնագետն է: Հոգեբանի կրթությունը բժշկական կրթություն չէ, և այդ իսկ պատճառով հոգեբանը (ի տարբերություն հոգեբույժի) դեղամիջոցներ նշանակելու իրավունք չունի: Վերջինիս գիտելիքների կիրառման ոլորտն է առողջ մարդկանց հոգեբանական կոնսուլտացիան:

Ասոցիատիվ շարք. հանձնարարականներ, հոգեբանի սենյակ, "ցանկանու՞մ եք այդ մասին խոսել"...

Ինչպիսի՞ իրավիճակներում կարող է օգնել հոգեբանը. շփման, որոշումների կայացման, հարաբերություններում եղած դժվարությունների, սթրեսների և հոգեբանական տրավմաների (բաժանություն, մերձավորի մահ, ֆիզիկական կամ հոգեկան բռնություն և այլն) դեպքում:

Հոգեթերապեվտ - մասնագետ (բժիշկ կամ հոգեբան), ով օգնություն է ցուցաբերում հիմնականում ոչ ֆարմակոլոգիական մեթոդներով: Եթե ավելի պարզ արտահայտվենք' ապա հոգեթերապեվտն այն անձն է, ով տիրապետում է հոգեթերապիայի ուղղություններից մեկին: Հոգեթերապեվտներն աշխատում են ինչպես հոգեպես առողջ, այնպես էլ "սահմանային իրավիճակներում", այսինքն' առողջության և հիվանդության սահմանին (նեվրոզներ, դեպրեսիաներ...) հայտնված մարդկանց հետ: Հոգեթերապեվտն օգտագործում է որոշակի պսիխոտեխնիկաներ, որպեսզի օգնի իր հիվանդին լուծելու իր խնդիրը:
Ասոցիատիվ շարք. ռացիոնալ հոգեթերապիա, պսիխոդրամա, էրիքսոնովյան տրանս, NLP, տրանսանձնային հոգեթերապիա, պսիխոսինթեզ...

2) Հոգեբանը մարդկանց փոխարեն լուծում է իրենց խնդիրները:

Դա այդպես չէ: Հոգեբանն ընդամենը այնպիսի մթնոլորտ և այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնց դեպքում մարդն ինքն է ի վիճակի լինում լուծելու իր խնդիրը: Հարկ է ավելացնել նաև, որ հոգեբանն աշխատում է միայն իր մոտ կոնսուլտացիայի դիմած մարդու հետ: Եվ նա կարող է օգնել միայն այն դեպքում, եթե հաճախորդը պարտաստ է փոխել իրեն, այլ ոչ թե շրջապատող աշխարհը:

Հոգեբանը չի պատասխանում հետևյալ խնդրանքներին.


Օգնեցեք ջրի երես դուրս բերել իմ ամուսնուն,
Ի՞նչ անեմ, որպեսզի դուստրս դադարի հանդիպել այդ խուլիգանի հետ,
Այնպես արեք, որպեսզի տնօրենս բարձրացնի աշխատավարձս և այլն: 

3) Հոգեբանը մարդկանց ներսից է տեսնում:

Գոյություն ունի կարծիք, որ եթե մարդը հոգեբան է, ապա նա տեղյակ է գրեթե բոլոր գաղտնիքներից, մարդկային բնույթից և գրեթե կանխատեսում է ապագան:
Դա չափազանցված է: Իրականում հոգեբանը կարող է որոշ չափով կանխատեսել այս կամ այն մարդու հնարավոր գործողությունները այս կամ այն իրավիճակում:
Սակայն դա ավելի շուտ առնչվում է այնպիսի դեպքերի հետ, երբ հոգեբանը հետաքրքրված է այդպիսի տեղեկատվության ստացմամբ: Այդ ժամանակ նա կարող է գործի դնել իր բոլոր մասնագիտական գիտելիքները, որպեսզի ստանա ցանկալի տեղեկատվություն:

Դրա համար պահանջվում են մեծ կամ փոքր նպատակաուղղված ջանքեր. մարդու բնավորության և տեմպերամենտի առանձնահատկությունների բնորոշում, իրավիճակի վերլուծություն, որի մեջ հայտնվել է տվյալ մարդը և այլն:

Այսպիսի համոզման հետ սերտորեն կապված է հետևյալ առասպելը.

4) Հոգեբանը գերկարողությունների է տիրապետում:

Պայծառատեսություն, երրորդ աչքի բացում, տիեզերքից տեղեկատվության ստացում...
Վերը թվարկվածն ամենևին էլ չի առնչվում հոգեբանական գիտելիքների ոլորտին, և չի դասվում ԲՈՒՀ-ում հոգեբանի կողմից ուսումնասիրվող առարկաների թվին:
Գերկարողություններն ուսումնասիրում է պարահոգեբանություն գիտությունը: "Պարա" նախածանցը նշանակում է "մոտավորապես": Դա մոտավորհոգեբանական գիտելիքների ոլորտն է:

Այնուամենայնիվ, ինքը' հոգեբանը, ինչպես ցանկացած այլ մարդ, կարող է հավատալ կամ չհավատալ այդպիսի երևույթներին:   

5) Հոգեբանը կարող է լուծել բոլոր խնդիրները:

Հարկ է դարձյալ նկատել, որ հոգեբանը չի լուծում իր հաճախորդների խնդիրները, այլ օգնում է նրանց գտնել ելքը:

Հոգեբանի օգնությամբ որոշակի խնդրի լուծման հավանականությունը կախված է մի շարք գործոններից (հոգեբանի նախապատրաստվածության աստիճանը, նրա անձնական հատկանիշները):

Դրանք նաև հիվանդից կախված գործոններն են.
- տեղի ունեցածի համար սեփական պատասխանատվության գիտակցումը,
- խնդրի վրա համատեղ աշխատելու և սեփական անձի վրա աշխատելու պատրաստակամություն,
- հոգեբանի առջև ազնվության և բաց լինելու աստիճանը:

Լավագույն արդյունքների կարելի է հասնել, եթե հաճախորդը և հոգեբանը կարողացել են հաստատել փոխադարձ վստահության հարաբերություններ, և երկուսն էլ կենտրոնացել են որոշակի խնդրի շուրջ աշխատանքի վրա: Արդունավետ աշխատանքն անհնար է առանց փոխադարձ համակրանքի:

Միաժամանակ հոգեբանն իրավունք ունի հրաժարվել որևէ հաճախորդի հետ կոնսուլտացիա անցկացնելուց, ինչի համար պատճառ կարող են հանդիսանալ տարբեր հանգամանքներ: Օրինակ' հոգեբանը չի կարող կոնսուլտացիա անցկացնել մի հիվանդի հետ, որի խնդիրը նման է հենց իր' հոգեբանի խնդրին (տես' առասպել №7), կամ էլ, եթե հոգեբանը չի մասնագիտանում տվյալ թեմատիկայի գծով:
Հոգեբանը նաև կարող է հաճախորդին ուղղորդել մեկ այլ մասնագետի մոտ' լինի նա բժիշկ, հոգեբույժ կամ վերջինիս գործընկերը, ով մասնագիտանում է նշված խնդիրների գծով:

6) Հոգեբանի ծառայությունները հոգեպես անառողջ մարդկանց համար են:

Հոգեբանին օգնության համար դիմելը թուլության կամ էլ հոգեկան անառողջության նշան չէ: Ինչպես արդեն նշել ենք, հոգեբաններն աշխատում են առողջ մարդկանց հետ: Սակայն ժամանակ առ ժամանակ բոլոր մարդիկ էլ կողմնակի աջակցության և օգնության կարիք են զգում: Մեզանում դեռևս մեծ տարածում չի գտել հոգեբաններին դիմելու ավանդույթը: Փոխարենը ընդունված է օգնության համար դիմել ընկերներին կամ ալկոհոլով ողողել խնդիրները: Հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. "ինչ է ես գի՞ժ եմ, որ հոգեբանին այցելեմ": Ընտրությունը միշտ էլ մարդունն է: Եվ իսկական հոգեբանն իր ծառայությունները չի պարտադրում: Նախաձեռնությունը պետք է բխի կոնսուլտացիայի համար դիմել ցանկացող մարդուց:

7) Հոգեբանն անձնական խնդիրներ չի կարող ունենալ: 

Երանի թե այդպես լիներ: Սակայն հոգեբանները նույնպես մարդիկ են, եկեք չմոռանաք այդ մասին: Ասել, թե հոգեբանն անձնական խնդիրներ ունենալ չի կարող, նույնն է, ինչ ասել, թե բժիշկ-թերապևտը չի կարող մրսել, կամ վնասվածքաբանը' կոտրել ոտքը:

Շատ հաճախ հոգեբանը կարող է ավելի արդյունավետ լուծել իր խնդիրները և իր պրակտիկայում արդյունավետ կիրառել իր սխալների վրա սովորածը: Հոգեբաններն իրենց խնդիրները լուծելու համար հաճախ կարող են դիմել նաև իրենց գործընկերներին: Չէ՞ որ իմաստությունը կայանում է ոչ այնքան նրանում, թե ինչպես ինքնուրույն լուծել խնդիրները, որքան դրանք լուծել լավագույն ձևով և նյարդերի նվազագույն քայքայմամբ:  

8) Հոգեբանները երբեք չմերժող բարի անձնավորություններ են' պատրաստ օգնելու բոլորին, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում:

Որոշ մարդիկ գտնում են, որ հոգեբանները յուրատեսակ առաքյալներ են, ովքեր պատրաստ են կյանքը նվիրաբերել մարդկանց ծառայելու գործին և ինքնազոհության գնալ բոլորի և ամենի համար:

Իրականում հոգեբանը մասնագիտություն է: Եվ չնայած այն կապված է մարդկանց աջակցություն և օգնություն ցուցաբերելու հետ' հոգեբանն ամենևին էլ պարտավոր չէ իր մասնագիտական գործունեությունն ապրելակերպի վերածել: Նա պարտավոր չէ դիմանալ բոլոր տեսակի մարդկային ինքնասացություններին և թուլություններին, կամ էլ ապտակի համար մյուս այտը տալ: Հոգեբանը բոլորից լավ գիտի, որ ոչ մեկին ոչինչ պարտական չէ, և որ իրավունք ունի լինել այնպիսին, ինչպիսին որ կա, ինչպես մնացած բոլոր մարդիկ:

9) Հոգեբանը կարող է այնպիսի խորհուրդ տալ, որը մեկ ժամում կլուծի իմ խնդիրը:

Հոգեբանները խորհուրդներ չեն տալիս: Խորհուրդներ կարելի է ստանալ ամենուր, մարդիկ դրանք ցանկացած պահի կարող են հոժարակամ և բոլորովին անվճար տալ ձեզ: Պրոֆեսիոնալ հոգեբանը ձեզ խորհուրդներ չի տա նույնիսկ ձեր փողերի դիմաց: Խորհրդի մեջ հաճախ թաքնվում կամ ուղղակիորեն ասվում է հետևյալ արտահայտությունը. "Ձեր փոխարեն ես ..."  Սակայն խնդիրը այն է, որ տված խորհուրդը լավ է նրա համար, ով տալիս է այն: Մարդն ինքը գիտի, թե որն է իր համար լավագույն ելքը: Հոգեբանը միայն փորձում է օգնել մարդուն ինքն իր մեջ գտնելու այդ ելքը, տեսնելու և գիտակցելու այն: