Երեխան, որ դեռ երեկ միակն էր ընտանիքում, բոլորի ուշադրության, սիրո, հիացմունքի ու զարմանքի առարկան, հիմա ստիպված է կիսել իր ունեցածը: Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում լուրջ փորձություն է` հատկապես առաջնեկի համար: Որքան էլ սպասած լինի քույրիկ-ապերիկին, միևնույնն է, նրան կարող է թվալ, թե հայտնվել է մեկը, որ եկել է «գողանալու» իր բաժին սերն ու ուշադրությունը: 

Շատ կարևոր է ծնողների համար դեռ հղիության ընթացքում փոքրիկին ասել, որ իրենց ընտանիքում նոր անդամ է ավելանալու: Հաճախակի զրուցել, թե ինչպես են կազմակերպելու իրենց առօրյան նորածնի ծնվելուց հետո:Եթե առաջնեկն ու մայրիկը  միշտ միասին են եղել, պետք է երեխային նախօրոք պատարաստել մայրկից մի քանի օրով բաժանմանը: Լավ կլինի` ծննդատնից վերադառնալիս  մայրիկը «նորածնի կողմից» նվեր բերի ավագին:

Տան մեծ երեխան ծնողների ուշադրությունը «հետ նվաճելու» համար կարող է իրեն պահել իր տարիքից ավելի փոքրի նման, թնկթնկան դառնալ, խոսքը դարձնել մանկական, եթե տակդիրներ չէր հագնում, դարձյալ ուզենա հագնել, ծծակ խնդրի և այսպես շարունակ:

Այս դեպքում ուղղակի պետք է պատմել, որ նա ևս փոքրիկ է եղել, նրան էլ նույն կերպ խնամել են, հոգ տարել, իսկ նորածինն իր ապագա խաղընկերն է:

Երբ առաջնեկը ներգրավվում է քույրիկի կամ ապերիկի խնամքի գործում, ստանձնում մայրիկի օգնականի դերը, սկսում է զգալ իր կարևորությունը, փոքրիկի հանդեպ   ուշադրությունն էլ մտերմացնում է նրան: Բայց չպետք է նրանից ավելին պահանջել. պատահում է՝ շատ մայրիկներ երկրոդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո 3 կամ 5 տարեկան փոքրիկին վերաբերվում ենՙ ինչպես մեծահասակի:  Նրանց թվում է՝  մի քանի օրում երեխան մեծացել է մի քանի տարով:  Ավելորդ խստապահանջությունը դեռ մի քանի օր առաջ ուշադրությամբ շրջապատված երեխային կարող է ծնողներից օտարացնել:

Ամեն անգամ նորածնի հասցեին հիացական բառեր ասելիս պետք է հիշել, որ առաջնեկը ևս  սպասում է նույն վերաբերմունքին: