Ի՞նչ է թափահարված երեխայի համախտանիշը

Թափահարված երեխայի համախտանիշ են կոչում այն վնասվածքների հետևանքները, որոնք առաջանում են երեխային ուժեղ թափահարելու (ճոճելու, օրորելու) կամ կոպիտ հրելու հետևանքով:

Երեխային թեթևակի օրորելը, օդում թռցնելը, ծնկների վրա ճոճելը, ուսերին նստեցրած վազելը կամ նրա հետ շարժուն խաղեր խաղալը այդպիսի վնասվածք չեն առաջացնում: Սակայն իմացեք, որ զայրացած վիճակում երեխային օրորելիս հրման ուժը սովորաբար շատ ավելի մեծ է, քան ենթադրում է օրորողը, և այն կարող է բերել թափահարված երեխայի համախտանիշի զարգացման:

Թափահարված երեխայի համախտանիշը հիմնականում վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխաներին, թեև կարող է հանդիպել մինչև 5 տարեկանը ներառյալ:

Ինչպե՞ս է առաջանում թափահարված երեխայի համախտանիշը

Վաղ տարիքի երեխայի գլուխը մեծ է և ծանր, պարանոցի մկանները թույլ են զարգացած և երեխային ցնցելիս գլուխը ուժեղ տատանվում է: Այս տարիքի երեխայի գլխուղեղը շարժուն է և գլխի կտրուկ տատանման ժամանակ շարժվում է հետ ու առաջ, առաջանում է ուղեղից դուրս եկող երակների պատռվածք, և զարգանում են ներգանգային արյունազեղումներ: Կուտակվելով` արյունը ճնշում է գլխուղեղի վրա:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թափահարված երեխայի համախտանիշը

Գլխուղեղի կամ ակնագնդի վնասվածքները կարող են հանգեցնել հետևյալ ծանր անվերականգնելի հետևանքների.
- տեսողության սրության նվազում կամ կուրություն,
- մտավոր զարգացման դանդաղում,
- կրկնվող ցնցումներ,
- կաթված (պարալիչ) կամ շարժողության այլ ծանր խանգարումներ,
- մահ:

Հիշեք` այսպիսի բարդությունները կարող են առաջանալ նույնիսկ մի քանի րոպե երեխային ցնցելու (թափահարելու/ ուժեղ օրորելու) դեպքում:

Ինչպե՞ս վարվել վտանգի նշանների առկայության դեպքում

Հիշեք` վնասվածքը ենթակա է բուժման: ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը նվազեցնում է բարդությունների և մահացության տոկոսը:
Եթե գիտեք կամ կասկածում եք, որ ձեր երեխան ենթարկվել է ուժեղ ճոճման կամ թափահարվել է, անհապաղ դիմեք բժշկի կամ շտապ օգնություն կանչեք:

Ամեն անգամ, երբ չեք կարողանում հանգստացնել ձեր երեխային, մի շտապեք օրորել նրան ավելի ու ավելի ուժեղ:

Հիշեք` ձեր համբերատարությունը ձեր երեխայի առողջության գլխավոր նախապայմաններից է:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am